Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻ՝ ԾԻԾԱՂԵՆ ՎՐԱՍ»

Հունիս 07,2011 00:00

\"\"Գյուղաբնակ աշակերտը առաջարկում է հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին՝ չխախտելով կնոջ իրավունքները

Արգիշտի Դարբինյանը 14 տարեկան է: Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից: Հայկական ավանդական ընտանիքի միակ արու զավակն է: Չորս քույրերն իր ավագներն են, բոլորն էլ բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին:
Ինքն էլ է հետեւելու քույրերի օրինակին, բայց թե կոնկրետ ինչ մասնագետ է դառնալու, առայժմ չի կողմնորոշվում: Մի բան, սակայն, հստակ գիտի՝ ինչ մասնագետ էլ դառնա՝ լավագույնն է լինելու, որովհետեւ հասկացել է, որ 21-րդ դարը մտքի ու գիտելիքի դար է:
Տան, ընտանիքի գլխավորի՝ տղամարդու մասին Արգիշտիի պատկերացումները թե ինքը, թե հայրը ժառանգել են նահապետական հայացքներով պապից, որին արդեն կորցրել են: Չի մոռանում պապի խոժոռ դեմքն ու խիստ տոնով կարգադրությունները, որոնց պարտավոր էին ենթարկվել բոլորը՝ հատկապես ընտանիքի իգական կեսը: Սովորական դարձած այդ հարաբերություններում Արգիշտին արտառոց ոչինչ չի նկատել, որովհետեւ նահապետական նիստուկացով պապից մշտապես լսել է, որ «տան գլուխը» պետք է տղամարդը լինի, որ ընտանիքի «հրամանատարի» կոչումը պետք է փոխանցվի սերնդեսերունդ՝ պապից հորը, հորից՝ որդուն եւ այսպես:
Մինչեւ «Հեյֆեր Ինթերնեյշընլի» մանկապատանեկան ակումբի անդամ դառնալը, Արգիշտին գենդերային հավասարության մասին գաղափար չուներ: Ավելին՝ իրեն նախապատրաստում էր ընտանիքի ղեկավարի դերին՝ նոր-նոր ձեւավորվող շարժուձեւի մեջ հիշողությամբ վերականգնելով ու վերարտադրելով ավանդապաշտ պապի նիստուկացը:
Երկու տղամարդով բազմանդամ ընտանիքում Արգիշտին կիսով չափ իրեն «հրամանատար» էր երեւակայում, երբ «Հեյֆեր Ինթերնեյշընլը» հյուրընկալվեց Նալբանդյան գյուղում: Կազմակերպության հետ շփումն ու ակումբին անդամակցելը հեղափոխեցին ընտանիքի մասին գյուղաբնակ պատանու պատկերացումները, մասնավորապես՝ գենդերային խտրականության հարթությունում: Եթե մինչ այդ Արգիշտին մտածում էր, որ հայ հասարակության փոքրիկ մոդել իրենց ընտանիքում տատը, մայրը եւ քույրերը չեն կարող հավասար հարթության վրա լինեն արական սեռի հետ, ապա դասընթացների շնորհիվ համարձակություն ունեցավ վերանայել պապենական «աներկբա» հորդորը: «Պապ, չհասկանալու ի՞նչ կա, հիմա ուրիշ ժամանակներ են. կին-տղամարդ, աղջիկ-տղա հավասար են ընտանիքում»,-«Հեյֆեր Ինթերնեյշընլի» հանձնարարած «Գենդերն իմ ընտանիքում» թեմայով շարադրության մեջ գրել էր Արգիշտին եւ միտքն ավարտել զայրացած պապի արձագանքի տեսարանի նկարագրությամբ: «Չեմ հասցնում միտքս շարունակել՝ փախչելով պապիս ձեռնափայտի ուժգին հարվածից: Ամոթ չունե՞ս, տո…ես ձեր…»,- պապի խոսքի շարունակությունը գրչից թաքցրել էր թոռնիկը:
«Առավոտի» հետ զրույցում անկեղծանալով՝ Արգիշտին ասաց. «շարադրությունս հանձնելուց հետո մտածեցի՝ կկարդան ու հաստատ վրաս կծիծաղեն: Բայց դա էր իրականությունը, դրանից այն կողմ մտքիս ոչինչ չէր գալիս»:
«Ութսունամյա պապիս ես ո՞նց բացատրեի, որ տատս էլ, մայրս էլ, քույրերս էլ նույն իրավունքներն ունեն մեր գերդաստանում, ինչպես ինքն ու հայրս: Չհասցրի, ավելի ճիշտ՝ չէի էլ կարող. շատ ավանդական մարդ էր»,- ասաց 14-ամյա Արգիշտին, սփոփվելով նրանով, որ տատը պապից թաքուն մրմնջացել է. «Ասա, բալես, ասա…կյանքս անցավ, պապուդ բան հասկացնել չկարողացա»:
Իր բազմանդամ ընտանիքում հիմա սեղանի «գլխին» հայրն է նստում, հետո ինքը կնստի: Տղայի ձեւակերպմամբ՝ դա ընդամենը նվազագույն մասշտաբներով աշխարհագրական փոփոխություն է, որն ընդամենը մեծի նկատմամբ հարգանքի արտահայտություն է: «Ճիշտ է՝ հայրս ու մայրս շատ բարձր են մեզնից, հետեւաբար նրանց հետ «ոտք մեկնել» չենք կարող, բայց ասել, թե ծնողներս, հատկապես հայրս, իրենց տեսակետները պարտադրում են մեզ, սխալ կլինի: Պապիս հիշատակի նկատմամբ խորը հարգանք ունենալով հանդերձ, մերոնք կամաց-կամաց գալիս են համոզման, որ ընտանիքում յուրաքանչյուրն իրավունք ունի ոչ միայն կարծիք ունենալու, այլեւ այն բարձրաձայնելու: Որ ասեմ՝ մեր տանը գենդերային լիարժեք հավասարություն է, խաբած կլինեմ: Չմոռանանք, որ գյուղում ենք ապրում, ամենօրյա շփումն էլ գյուղի բնակիչների հետ է, բայց որ սառույցը տեղից շարժվել է՝ դա հաստատ է»,- ասաց Արգիշտին:
Չհասկանալով ազգային ավանդույթներից հեռացող իր հասակակիցներին, Արգիշտի Դարբինյանը հորդորում է չշփոթել դրանք հավասար իրավունքների եւ պարտականությունների հետ, որոնք սեռային եւ ազգային պատկանելություն չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել