Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸ ԹՈՂԵԼ Է ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՎՐԱ

Հունիս 07,2011 00:00

\"\"Ոմն Ալեքսանդր Հարությունյան պարտավորագիր է տալիս Հովհաննես Ավետիսյանին, որպեսզի իր անունից վերցնի սպառողական վարկ՝ անձնական կարիքների համար՝ 2006թ. արտադրության «ԳԱԶ 310105 120» մակնիշի մեքենա ձեռք բերելու նպատակով: Ալեքսանդրը պարտավորվում է «Արդշինինվեստբանկի» Շենգավիթի մասնաճյուղի միջոցով վերցված վարկն ամբողջությամբ մարել:
Սակայն 5 մլն վարկը չի մարվում եւ մնում է մասնագիտությամբ պատմաբան, բայց տաքսու վարորդ աշխատող Հովհաննես Ավետիսյանի վրա: Նրա տունն արգելանքի տակ է դրվում:
Նույն եղանակով այսօր փախուստի մեջ գտնվող Ալիկ Հարությունյանը մեքենաներ է ձեռք բերում նաեւ Վահրամ Մադաթյանի, Հայկազ Հակոբյանի, եւս 10 հոգու անունից: Նա հայաստանյան բանկերի միջոցով գործարքներ է անում ու որեւէ տեղ չի ստորագրում:
Հովհաննես Ավետիսյանը դիմում է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին, որպեսզի քրեական գործ հարուցվի «Ռադիո տաքսի» ծառայության տնօրեն Ալեքսանդր Հարությունյանի նկատմամբ: Խաբված տաքսիստները դիմում են նաեւ հանրապետության նախագահին, Կենտրոնական բանկ եւ ԱԺ:
Որպեսզի մեքենան տրվեր Հովհաննեսի անունով, Ալեքսանդրը աշխատավարձի մասին կեղծ տեղեկանք է ներկայացնում նշված բանկ: Կողմերի միջեւ կնքվում է «Տրանսպորտային միջոցի կոշտ գրավի թիվ 08ԱՎ» պայմանագիրը:
Ըստ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի, պայմանագիրը կնքելուց եւ ավտոմեքենան ձեռք բերելուց հետո այն տնօրինում է Ա. Հարությունյանը, որն ասում էր, թե մեծ կապեր ունի բանկերի կառավարիչների հետ: Ա. Հարությունյանը որոշ մուծումներ անելուց հետո այլեւս չի կարողանում իր պարտավորությունները կատարել:
Հովհաննես Ավետիսյանն ասում է, որ բոլորը՝ բանկի կառավարչից սկսած, գիտեին, որ ձեռք բերված մեքենան իրենը չէ, այլ Ալիկինը:
Սակայն մի օր էլ իրեն զանգում է բանկի կառավարիչ Գեւորգ Սարիբեկյանը եւ զգուշացնում, որ կդիմի դատարան, եթե Հովհաննեսը «իր պարտավորությունները բանկի հանդեպ չկատարի»: Հովհաննես Ավետիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ բազմաթիվ անգամ ասել է նշված բանկի կառավարչին, որ տնօրենի ստորագրությունը չկա, իսկ նա էլ ասել է՝ թող իմ վրա:
«Արդշինինվեստ» բանկի Շենգավիթի մասնաճյուղը դիմում է Մալաթիա- Սեբաստիա վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան՝ 3մլն 848 հազար 255 դրամ Հովհաննեսից բռնագանձելու պահանջով: Տաքսու վարորդը միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից, չի ստանում իրավաբանական օգնություն, իսկ դատարանում որեւէ խոսք ասելու հնարավորություն նրան չի տրվում:
Մինչդեռ, թե դատարանում, թե ոստիկանությունում, երբ Ավետիսյանը բացում է «իր բանկի գործը», պարզվում է, որ Ալիկ Հարությունյանի կողմից ներկայացված փաստաթղթերը կեղծ են, եւ իր անվամբ ներկայացվել է՝ իբր փոխտնօրենի աշխատավարձ է ստանում, աշխատում է որպես փոխտնօրեն…
Որեւէ մեկի ուշադրությունը չի գրավում հենց թեկուզ այս հանգամանքը, որ փոխտնօրեն աշխատող մարդը կարող է տաքսի վարել…
Ավելին, «Արթ թյունինգ» ՍՊԸ տնօրեն Ա.Հակոբյանն է հրավիրվում ոստիկանություն, ու բացատրություն տալիս, թե ինքը որեւէ ձեւաթուղթ չի տվել Հովիկի տվյալներով, քանի որ Հովիկ անունով որեւէ աշխատակից չի ունեցել:«Հովիկ Ավետիսյանի անվամբ լրացված տեղեկանքը տեսա առաջին անգամ, դրանում առկա ստորագրությունը իմը չէ եւ տեսնում եմ առաջին անգամ»,- ասում է նա:
Ոստիկանությունում «Արթ թյունինգի» տնօրենը հայտնում է. «Կնիքը իր մոտ չպահելու համար ինքը ունեցել է իր ՍՊԸ-ի կնիքով դրոշմված ձեւաթղթեր եւ չի բացառվում, որ Ա. Հարությունյանին այցելելիս այդ ձեւաթղթերը նրա մոտ մոռացած եւ թողած լինի»:
Իսկ այս ուղղությամբ որեւէ քայլ նախաքննության մարմինը չի ձեռնարկում, չի պարզվում, թե որտեղից ի վերջո այդ տեղեկանքը: Բարեբախտաբար, «Ռադիո տաքսի» ծառայության նախկին տնօրեն Ա. Հարությունյանը տեղեկանք չէր պատրաստել կառավարության որեւէ անդամի անունից: Փոխարենը, «գլխ. տնօրեն» էր ստորագրել վիճարկվող ՍՊԸ-ի տեղեկանքի տակ՝ տաքսի սերվիսի տնօրենը:
Մինչ անհետանալը, Ա. Հարությունյանը ոստիկանությունում բացատրություն է տալիս, թե դիտավորություն չի ունեցել Հովիկին «քցելու»: Սակայն դիտավորություն չէ՞, որ նրա պատճառով արգելանք է դրվել Հովիկի եւ «Ռադիո տաքսի» ծառայության մյուս վարորդների անշարժ գույքի վրա եւ նրանք հուսահատ քայլի՝ ինքնահրկիզման մասին են մտածում:
Ա.Հարությունյանի արարքը համապատասխանում էր Քրօրի կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու հոդվածին, որով նախատեսվում էր 2 տարվա ազատազրկում: Սակայն նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ համաներում է կիրառվում Ալիկ Հարությունյանի նկատմամբ:
Հովհաննես Ավետիսյանը դիմում է նաեւ ՀՀ կենտրոնական բանկ, վերոնշյալ մասնաճյուղի կատարած գործարքի հարցով:
«Ինչ վերաբերում է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից հնարավոր քրեորեն հետապնդելի արարքների կատարմանը, ապա դա ենթակա է իրավապահ մարմինների իրավասությանը: ՀՀ կենտրոնական բանկը չի կարող օժանդակել Ձեզ», -պատասխանել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ Վազգեն Մնացականյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել