Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի՞ց էր, թե՞ ջրից չէր

Հունիս 07,2011 00:00

\"\"Այսօր մասնագետները խոստացել են հրապարակել վարակի աղբյուրը եւ տեսակը

Արդեն քանի օր է՝ Էրեբունու համայնքի եւ Նուբարաշենի թիվ 11 փողոցի տասնյակ բնակիչներ սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդանոցային բուժում են ստանում: Տուժած քաղաքացիների մեծ մասը բուժվում է Նորք-Մարաշում գտնվող «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Տուժել են թե՛ մեծահասակներ եւ թե՛ երեխաներ: Նրանց մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, սրտխառնոց ու բարձր ջերմություն: Երեկ լրագրողների հետ ասուլիսում այդ բուժհիմնարկի տնօրեն, Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, հիվանդների վիճակը գնահատելով բավարար, հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ինֆեկցիայի տարածման պատճառը խմելու ջուրն է եղել։ Վերջնական լաբորատոր հետազոտությունների արդյունքները կհրապարակեն այսօր առավոտյան, իսկ երեկվա դրությամբ դեռեւս պարզ չէր, թե մարդկանց աղիներն ախտահարած ինֆեկցիան ինչ ծագման է: Ջրից վարակված լինելու վարկածն այնքան էլ հավաստի չէ, քանի որ, ըստ «Երեւան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետները նույն օրը հետազոտություններ են արել եւ ոչ մի շեղում չեն նկատել այդ տարածքի ջրի բաղադրության մեջ: Ըստ մասնագետի, մայրաքաղաքի այդ հատվածն էլ սնվում է Գառնու ջրատարից եւ եթե ջրից լիներ, մայրաքաղաքի մյուս թաղամասերում նույնպես խնդիրներ կառաջանային։ Սրան ի պատասխան, պարոն Ասոյանը «ջրի մարդուն» առաջարկել է սպասել մինչեւ կհրապարակվեն հետազոտության վերջնական արդյունքները, հատկապես, որ նախնական տվյալներով՝ պատճառը ջուրն է: Հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նույնպես հաստատել է ջրի վարկածը, ըստ նրա՝ հունիսի 2-ին ջրագծի փոքր վթար է տեղի ունեցել, ինչն էլ, հավանաբար, դարձել է վարակի պատճառ։ Պարոն Վանյանը վստահեցրել է, որ իրենց մասնագետների կատարած աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կանխել վարակի զանգվածային տարածումը:
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 57 մարդ, որոնցից 16-ը մեծահասակ է, 41-ը՝ երեխա:
Թե ինչպես են հաշվարկվելու բնակիչներին հասցված վնասները եւ արդյոք կփոխհատուցվե՞ն նրանք, եթե պարզվի՝ վարակը ջրից է լրագրողների հարցին  «Երեւան ջրի» ներկայացուցիչը պատասխանել է, որ այո, ինչ-որ փոխհատուցում կլինի: Նա վստահեցրել է նաեւ, որ իրենց մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում եւ մշտապես հսկողության տակ պահում ջրի որակը: Գոռ Գրիգորյանը մեղքը բարդել է 20-30 տարվա հնություն ունեցող եւ ԽՍՀՄ ժամանակներից պահպանված ջրի խողովակների վրա։
Նշենք նաեւ, որ Նուբարաշեն համայնքի բնակիչների՝ խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել