Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ՍԽԱԼՆԵ՞ՐՆ Է ՈՒՂՂՈՒՄ

Հունիս 07,2011 00:00

\"\"Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության ստուգումները չեն ավարտվել, բայց սխալ հաշվարկված գումարներն արդեն սկսել են վերադարձվել:

Օրերս «Երեւան ջուր» ընկերության «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» արդեն նախկին աշխատակիցներից ամեն մեկը պատահաբար հայտնաբերել է, որ իր աշխատանքային հաշվեհամարին ավելորդ 220 հազար դրամի կարգի գումար կա: Երբ նրանք սկսել են հատաքրքրվել, պարզվել է, որ այդ գումարը նրանց հաշվին է փոխանցել «Երեւան ջուր» ընկերությունը: Ուշագրավն այն է, որ «Երեւան ջուրը» իր նախկին աշխատակիցներին այդ գումարի փոխանցման մասին պաշտոնապես որեւէ բան չի ասել: «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» աշխատակիցներին իրենց ծանոթներն են տեղեկացրել, որ դա տնօրինության աշխատավարձերի վերջնահաշվարկի սխալների ուղղումն է:
Չնայած «Երեւան ջուր» ընկերությունը մեր լրատվամիջոցի հարցումներին ի պատասխան համառորեն պնդում էր, որ իր «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» թվով 40 աշխատակիցներն աշխատանքից ազատվել են առանց Հայաստանի Հանրապետության որեւէ օրենք խախտելու (12.04.2011թ., 22.04.2011թ., 04.05.2011թ.), սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության ստուգումներն այլ բանի մասին են խոսում: Աշխատանքի տեսչության ստուգումները «Երեւան ջուր» ընկերությունում դեռ չեն ավարտվել, բայց արդեն պարզ է, որ մայրաքաղաքում ջուր մատակարարող ընկերությունը մի շարք խախտումներ է թույլ տվել՝ իր վերահսկողության բաժնի աշխատակիցներից ազատվելու համար: Աշխատանքի պետական գործակալության պետի տեղակալ Արմեն Սմբատյանի խոսքերով, այս տնօրինության աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկն է սխալ կատարվել. «Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ այս տնօրինության աշխատակիցներին պետք է 2 ամիս առաջ տեղեկացնեին, որ այլեւս այդ աշխատանքով չեն զբաղվելու, բայց «Երեւան ջուր» ընկերությունը նախընտրել է տուժանքով նրանց աշխատավարձերի վերջնահաշվարկը վճարել, ինչը, ըստ էության, չի էլ արել: Ստացվում է, որ մոտ 16 միլիոն դրամ պակաս են վճարել այս տնօրինության աշխատակիցներին: Բացի այդ, ընկերությունը պետք է վերջնահաշվարկը վճարելիս այն հաշվարկի միջին աշխատավարձով, սակայն «Երեւան ջուրը» վերջնահաշվարկը հաշվարկել է դրույքաչափով»: Ըստ պարոն Սմբատյանի, աշխատանքից ազատվածների աշխատավարձերի սխալ հաշվարկներից բացի, «Երեւան ջուր» ընկերությունն ունեցել է թափուր աշխատատեղեր, որոնցից որեւէ մեկն անգամ չի առաջարկել «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» աշխատակիցներից գոնե մեկին, ինչպես որ պահանջում է մեր Աշխատանքային օրենսգիրքը. «Հիմա թվով չեմ կարող ասել, թե որքան են եղել թափուր աշխատատեղերը, բայց ունեցել են»: Այն մասին, որ «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» աշխատակիցները «Երեւան ջրից» օրերս գումար են ստացել, Ա. Սմբատյանը տեղյակ չէր, քանի որ իրենք էլ դեռ պաշտոնական փաստաթուղթ այդ մասին չեն ստացել. «Ես տեղյակ եմ, որ ստացել են, բայց ոչ պաշտոնապես: Երեւի ընդունել են, որ սխալ են եւ որոշել են վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի մնացած գումարն էլ»:
Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի սակագինն իջեցնելու համար ստիպված է դիմել կրճատումների եւ ընդամենը մի քանի օրում աշխատանքից ազատեց «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» 40 աշխատակիցների: Այնինչ, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ընկերությունն իր աշխատակիցներին ազատելուց կամ կրճատելուց առնվազն 2 ամիս առաջ պետք է նախազգուշական ծանուցագիր ուղարկի: Ընդ որում, այս տնօրինության 2 աշխատակից էլ՝ վերահսկողության տնօրինության գլխավոր մասնագետն ու տեխնիկական պայմանների, գրաֆիկների, վթարների վերացման, վերահսկողության բաժնի պետը, ազատվել են արձակուրդում գտնվելու ժամանակ, ինչը նույնպես համարվում է խախտում, քանի որ մեր օրենսդրությամբ արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատելու: Եվ այսքան խախտումներ, միայն թե՝ վերահսկողության բաժնի աշխատակիցներից օր առաջ ազատվեն, այն դեպքում, երբ այս բաժնի աշխատակիցները միայն 11 ամիս աշխատելով՝ 160 միլիոն դրամ են մուտք արել ընկերության բյուջե, հայտնաբերելով մի շարք խախտումներ եւ օրինական դաշտ բերելով «լեւի» ջրագծեր: Հետաքրքիր է, թե ո՞ւր էին գնալու այս միլիոնները, եթե այս տնօրինության աշխատակիցները իրենց իրավունքներին տեր չկանգնեին՝ չդիմեին համապատասխան գերատեսչություններ եւ, ի վերջո, դատարան:
Նշենք նաեւ, որ երբ մենք այս առնչությամբ պարզաբանումներ էինք խնդրում «Երեւան ջրից», «Առավոտին» պաշտոնապես պատասխանել են, որ իրենք համարվում են 100%-անոց առեւտրային կազմակերպություն, ուստի իրենք ունեն թե՛ պարտավորություններ եւ թե՛ իրավունքներ ինքնուրույն կերպով իրականացնելու անհրաժեշտ կառուցվածքային ու կադրային փոփոխություններ՝ կապված ինչպես առկա խնդիրների ու հեռանկարների, այնպես էլ ընկերության ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների հետ: Բոլոր փոփոխությունները կատարվել են ՀՀ օրենսդրությանն ու «Վարձակալության պայմանագրի» դրույթներին համապատասխան եւ կրճատված աշխատակիցները ստացել են համապատասխան պարզաբանումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել