Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ, Հանքաստան

Հունիս 07,2011 00:00

\"\"Նախագահական նստավայրի դիմաց այսօր մոտ երեք տասնյակ քաղաքացիներ ակցիա էին անում՝ անսովոր՝ «Մի շինեք բնությունը» պահանջով: Այն կազմակերպել էր «Թեղուտի պաշտպանության խումբը»՝ մի շարք ՀԿ-ների աջակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք «Ա1+»-ից՝ ակցիայի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ՝ ՀՀ նախկին եւ ներկա իշխանավորների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լուսանկարներով: Նախագահականի առաջ «Առաջ, հանքաստան», «Փորեք, փորեք» վանկարկելով՝ նրանք երթով անցան Բաղրամյան պողոտայով՝ կանգ առնելով Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի առաջ եւ հնչեցնելով ՀՀ իշխանություններին ուղղված 15 կատակ-պահանջները: Ըստ այդմ՝ նրանք հորդորում էին բացել ՀՀ նախագահական պալատի տակի ոսկու հանքը՝ «լուծելով ոսկու պետական պահուստային պաշարների խնդիրը», կտրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանական համալիրի հարակից պուրակի բոլոր ծառերը՝ տարածքում կազմակերպելով ավտոկայանատեղի արտասահմանյան մեքենաների համար՝ նախապատվությունը տալով «Բենթլի» մակնիշի մեքենաներին, չորացնել Սեւանա լիճը եւ տարածքում կառուցել կազինոներ, հասարակաց եւ այլ զվարճանքի վայրեր, Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները տրամադրել ՀՀ «վաստակավոր թոշակառու» Ռոբերտ Քոչարյանին՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը զարգացնելու նպատակով, Ատոմակայանի օգտագործած ուրանից մնացած «մասունքներն» օգտագործել որպես պարարտանյութ Արարատյան դաշտի այգիների համար եւ այլն:
Ցույցի մասնակիցները նաեւ կատարեցին ՀՀ նոր հիմնը՝ «Ձեր Մայրենիք, թշվառ, անտեր, որ քանդել են հանք առ հանք», ինչպես նաեւ Չարենցի նմանակությամբ արտասանեցին «Ես իմ անուշ Հանքաստանի» վերնագրված «Հանքասերի երգը»: Ուշագրավ էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դիմակով ու փայտյա «Այվազնիկով-7,96» ավտոմատով «զինված» մասնակիցը, որը «սպառնում էր» սպանել տարածքի «ճայերին»:
Տարածքում գտնվող ոստիկանական ջոկատը հիմնականում հանգիստ հետեւում էր ցույցի ընթացքին՝ մերթ ընդ մերթ միայն զգուշացնելով ակցիայի մասնակից բնապահպաններին չտրորել մայթերի խոտածածկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել