Լրահոս
Օրվա լրահոսը

«Տգետներն են երկիրը քանդում»

Հունիս 07,2011 00:00

Վարդենիսում անասունների նոր հիվանդություն է թափ առնում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով, «դաբաղի» ու «խշխշան պալարի» արդեն  40 դեպք է գրանցվել: «Մոտ 180 հազար դոզա պատվաստանյութ  է հանրապետության պահեստներում պահված, որն այդպես էլ չի  կիրառվում: Ինչո՞ւ են ներկրել ու պահեստներում փտեցնում: Ասել եմ ու կասեմ՝ տգետներն են էս երկիրը քանդում»,- երեկվա ասուլիսում ասում էր պարոն Բերբերյանը: Նրա համոզմամբ, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները  դոփում են տեղում ու  անարդյունավետ են:  Հաշվի առնելով, թե այս տարի ինչքան է կարկուտից վնասվել բերքը, պարոն Բերբերյանը վերջնականապես  համոզվել է, որ հակակարկտային կայանները անարդյունավետ են. «Ծիրանի 25-30% , խնձորի  50%  բերք է սպասվում, լավ վիճակում է միայն դեղձենին՝ 70%»: Բերքի կորուստները պարոն Բերբերյանը պայմանավորում է ոչ միայն անբարենպաստ կլիմայական պայմաններով, այլեւ ագրոտեխնիկական կանոնների խախտումներով. «Բուժանյութերը սխալ կամ ընդհանրապես չեն կիրառել: Հայաստանի նախագահի բոլոր հանձնարարականները ձախողել են»:
Նախորդ տարվա համեմատ՝ պակասել են կարտոֆիլի ցանքերը, չնայած սրան, Հ. Բերբերյանը վստահեցնում է՝ բարձր բերքատվություն է սպասվում, շուկայում էլ՝ գների նվազում: Ըստ նրա, շուկայում այս տարի նաեւ վարունգի  ու լոլիկի առատություն է սպասվում:  Բանախոսը  ոլորտի զարգացման համար կառավարությանը  խորհուրդ տվեց  խթանել ցորենի արտադրությունը. «Կունենանք ցանքաշրջանառություն ու լուրջ բարեփոխումներ:  Թե չէ՝ անհասկանալի է, ինչու ներկրեցին գարի, որը գյուղացու համար ոչ մի շահույթ չի ապահովում»: Նրա խոսքով, լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ նաեւ  ոռոգման համակարգում. «Պետք է վերացնել էդ ջեկերն  ու ջոկերը: Այդ կազմակերպությունները փող են աշխատում գյուղացու հաշվին, ու երբ ուզում՝   անջատում են, երբ ուզում՝ միացնում են ջուրը»: Ագրարագյուղացիական միավորման նախագահը դրական է գնահատում ոլորտում կադրային փոփոխությունները, բայց գյուղատնտեսության նոր փոխնախարարի հետ հույսեր չի կապում. «Կադրային փոփոխությունները պետք են, բայց այն դեպքում, երբ դրանք առաջընթաց կապահովեն, այլ ոչ թե հետընթաց: Իսկ փորձառու փոխնախարարին անփորձի հետ փոխարինելը տրամաբանական չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել