Արմեն Չոբանյանի կինն այսպես է բացատրում ամուսնու ինքնասպանության ու թողած երկտողի իմաստը
«Ոչ ոքի մի՛ մեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է՝ Սուսանը»: Վանաձորցի 64-ամյա Արմեն Չոբանյանը շաբաթներ առաջ հենց այս երկտողն էր թողել իրենց հողամասում գտնվող տնակում, որտեղ ինքնասպանություն էր գործել: Ամուսնուն կախված վիճակում հայտնաբերել էր կինը՝ Սուսան Ծառիկյանը: Նրան ոչ միայն ամուսնու երկտողն է զարմացրել, այլեւ նրա անսպասելի արարքը: «Ինքը նախկինում խմելու հետ մեծ սեր ուներ, չնայած արդեն երեք տարի խմիչքին մոտ չէր գնում, սատանի խաղ ոնց որ լիներ, այդ օրը մի կուշտ էլի խմել էր: Ոչ մի վիճաբանություն կամ դառը խոսակցություն չենք ունեցել: Ես բացատրում եմ, որ ինչ-որ սատանա ա մեջը մտել»,- պարզաբանում է Ա. Չոբանյանի կինը: Նրա պատմելով, ամուսինն այդ օրն ամբողջ օրը դրսում է անցկացրել. «Եկա, տեսա՝ տանը չի, նկատեցի, որ տնակի բանալիներն էլ է հետը վերցրել, միանգամից մտածեցի, որ իր սովորության համաձայն՝ գնացել է տնակ՝ քնելու: Ինքը, սովորաբար, քնելուց վրան չէր ծածկում, ես էլ գնացի, որ ծածկեմ: Գնացի ու կախված դեմս դուրս եկավ»: Չնայած որ ամուսնու մեղադրանքից Ս. Ծառիկյանը մտատանջությունների գիրկն է ընկել, բայց ոչ մի րոպե չի կասկածում, որ ընտանեկան լուսանկարի հետեւամասում թողած գրությունը հենց ամուսնու ձեռագիրն էր. «Դե թող ասեմ, որ ինքը չի գրել: Իրա ծուռտիկ տառերն էին: Սկիզբը հասկանալի էր, մյուս տողերը՝ ոչ»:
Ա. Չոբանյանի արարքից հարազատներից ոչ պակաս զարմացած են նաեւ հարեւանները: «Այդ օրը մեր բակում նարդի էինք խաղում: Ինքը լավ խմած էր: Ոչ կռվել է, ոչ հայհոյել: Շուլուխ էր անում, թե՝ դու չես կարա սապոժնիկին՝ մեր հարեւան Վալոդին, կրել: Հետո վեր կացավ, գնաց: Էլ չտեսանք մինչեւ իրիկուն: Մեկ էլ լուրը տարածվեց, թե սենց բան ա եղել՝ կախվել ա: Վայ, արա, բա ամոթ չի՞»,- պատմում էր Աղվան Գրիգորյանը: Նրա խոսքով, Ա. Չոբանյանն իր մտերիմ հարեւաններից էր, լավ արհեստավոր. «Շենքի բնակիչների տներն ինքն է վերանորոգել, ոսկի մարդ էր, ոսկի ձեռքեր ուներ: Ինքը տենց բան անողը չէր, իմ մոտիկ մարդն ա, գլխին խփել ա մի բան, կամ էլ սատանան ա բրթել»: Ա. Գրիգորյանը չի կարողանում բացատրել ընկերոջ թողած երկտողի իմաստը. «Ոսկու պես կին է Սուսանը: Մի օր Արմենի էշին չոշ չի ասել: Թող գրեր՝ ես սովետից դժգոհ եմ գնում, ինչո՞ւ է կնոջ մասին գրել, չենք կարողանում հասկանալ»:
Եղբոր անբացատրելի արարքի դրդապատճառի իր վարկածն ունի նաեւ Ա. Չոբանյանի քույրը՝ Արաքսյա Պողոսյանը. «Մտածում եմ՝ էդ օրը գնացել էր գործի, մի բան չի ստացվել, ջղայնացել ա ու կյանքին վերջ դրել»: Նա վստահեցնում է, որ եղբոր թողած գրությունը անտեղի է. «Իրա ընտանիքն էնքան ուշադիր ու հոգատար էր եղբորս նկատմամբ, երեք օր առաջ սիստեմա էին առել, որ եղբորս առողջական վիճակը բարելավեն, երիկամների խնդիր ուներ: Ես էնքան արխային եմ եղել, ինձ անհանգստացնող բան չի եղել, որ ասեմ՝ էս տանը խոսք ու զրույց ա եղել: Ինձ համար հանելուկ է նրա արածը: Բա որ իմանամ՝ հարսս է մեղավոր, կգա՞մ իրենց տուն մնամ ու մխիթարեմ»:
Հարեւանուհիներից մեկն էլ վստահեցնում էր, որ Արմենն ու Սուսանը առանձին երբեք տնից դուրս չէին գալիս. «Սուրբ ընտանիք է: Մարդ ու կին թեւ թեւի տված էին ման գալիս: Մենք մի շենքում ենք ապրում, որ եթե խոսք ու վեճ լիներ նրանց մեջ, ես չլսեի, հարեւանս կլսեր: Համերաշխ ու օրինակելի ընտանիք էր: 30 տարի նույն շենքում ենք ապրել, բացի լավից՝ ոչ մի բան չեմ կարող պատմել: Բոլորս էլ զարմացած ենք մնացել»:
Չնայած հարազատների ու հարեւանների զարմանքին՝ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: