ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Էրեբունի համայնքում
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շարունակում է իր հանդիպումները երեւանցիների հետ: Կենտրոն եւ Շենգավիթ համայնքներում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդեց Էրեբունին: Ավելի քան մեկ ժամ տեւած ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացած քննարկումները վերաբերում էին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակներին:
Ողջունելով իշխանության եւ ընդդիմության միջեւ նախանշվող երկխոսությունը, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ երկխոսությունը նպաստում է քաղաքական առողջ մթնոլորտի ձեւավորմանը, հասարակության մեջ կուտակված խնդիրների հրապարակային քննարկմանը, ինչը կարեւոր նախադրյալ է երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար: Էրեբունի համայնքի բնակիչներին առավելապես հետաքրքրում էին ամենատարբեր հարցեր՝ գների թանկացումից մինչեւ նոր աշխատատեղերի ստեղծումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից մինչեւ հայ-թուրքական հարաբերությունները:
Անդրադառնալով ԼՂՀ խնդրի կարգավորմանը՝ ՕԵԿ նախագահը կարեւորեց ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը, նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումները համահունչ են միջազգային գնահատականներին, եւ որ Հայաստանը հանդես է գալիս բանակցային գործընթացում կառուցողական դիրքերից՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքն ու հրադադարի խախտմանն ուղղված գործողությունները:
Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ը լինելով ռեֆորմիստական քաղաքական կուսակցություն՝ մշտապես հանդես է եկել եւ այսօր էլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով՝ հասարակության մեջ կուտակված ցավոտ խնդիրներին նոր եւ արդյունավետ լուծումներ տալու, տարբեր ուղղություններով լուրջ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, որոնք ավելի հաստատուն եւ մեծ աջակցություն են բերելու մեր բնակչությանը: Մեծ է կուսակցության ավանդը Հայաստանի ամենատարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներում: Անդրադառնալով դրանցից մի քանիսին՝ ՕԵԿ առաջնորդը նշեց. «Փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության եւ զարգացման գործում բեկումնային նշանակություն կունենա ՕԵ խմբակցության համահեղինակությամբ ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքը. մենք պետք է մեր երկրում զարկ տանք ոչ թե օլիգարխիկ, այլ փոքր եւ միջին բիզնեսի վրա խարսխված տնտեսությանը եւ կարողանանք ապահովել փոքր ու խոշոր բիզնեսի «խաղաղ գոյակցությունը»: Հայաստանում ստեղծվում են սուպերմարկետների լայն ցանցեր, սակայն սա չի նշանակում, որ դրանք պետք է այնքան շատանան, որ փոքր խանութները վերանան»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ կուսակցության մշակած օրենքով մինչեւ 6 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները տարվա կտրվածքով մուծելով հաստատագրված արտոնավճար՝ աշխատեն՝ ոչ մի առնչություն չունենալով հարկային մարմինների հետ: Կուսակցությունը հետեւողական աշխատում է նաեւ նոտարական գործունեության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, մասնավորապես ԱԺ-ում այժմ շրջանառության մեջ է դրված «Օրինաց երկիր» խմբակցության հեղինակած «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է նոտարական գործունեության ազատականացում: Նպատակ է հետապնդվում ներդնել նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքը, որպեսզի քաղաքացին չընկնի քաշքշուկների, թղթատարության եւ տարբեր պետական հաստատությունների դռները:
Քաղաքաշինության եւ սեփականության պաշտպանության ոլորտում օրենքի ուժ ստացած նախագիծը՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» օրենքը, վերաբերում է մինչեւ 2001թ. կառուցված ինքնակամ շինությունների կարգավիճակին: Օրենքը նպատակ ունի ստեղծել բավարար իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն անվճար իրավական ձեւակերպման ենթարկել տասնյակ տարիներ առկա այն հազարավոր բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները, որոնք մինչ այդ, համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը պահպանված չլինելու պատճառով, զրկված էին իրենց իսկ բնակելի տներն օրինական կերպով տնօրինելու իրավական հնարավորությունից: