Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻ՞Ն», ԹԵ՞ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Հունիս 07,2011 00:00

\"\"Դատախազը ոչ միայն չի պատժվում, այլեւ սպառնում է

Այն, որ Հայաստանում ամենատարբեր տրամաչափի պաշտոնյա ոչ միայն ուզում, այլեւ հաջողացնում է իր կատարած հանցանքի համար արդարադատությունից խույս տալ՝ նորություն չէ: Նման հերթական մի դեպք մեզ ներկայացրեց ՀՀ քաղաքացի Մարիամ Պետրոսյանը, որին խաբել ու, կոպիտ ասած, «քցել է» իր ընտանիքի «բարեկամը»՝ Մարիամի աղջիկների կնքահայր Վարդան Պապիկյանը, որը, ի դեպ, ոչ ավել-ոչ պակաս՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ է: Իսկ նախապատմությունն այս է. 2007-ի նոյեմբերին Երեւանի Նար-Դոսի փողոցի 29 հասցեում գտնվող տունը պետության կողմից ճանաչվել էր որպես իրացման գոտի: Արդեն 2009թ.-ին կատարվել էին համապատասխան չափագրումներ, ու նշված հասցեում գտնվող անշարժ գույքը գնահատվել էր 43 հազար ԱՄՆ դոլար, որը պետությունը կամ գումարի տեսքով, կամ համարժեք բնակարանով պիտի փոխհատուցեր դրա սեփականատեր Մ. Պետրոսյանին: 2009-ի փետրվարին վերջինս որոշել էր կարճ ժամանակով մեկնել Ռուսաստան՝ դստեր մոտ: Նկատի ունենալով ընտանիքի կնքահոր՝ դատախազ Վ. Պապիկյանի հետ մտերիմ հարաբերությունները, տիկին Մարիամը նշված գործարքի կատարումը 2009-ի հունվարի 17-ին համապատասխան եւ նոտարի կողմից վավերացված փաստաթղթով լիազորել էր հենց Պապիկյանին, ինչպես ինքը՝ Մ. Պետրոսյանն ասաց «Առավոտի» հետ զրույցում, համարելով, որ նա ոչ միայն հարազատ, այլեւ օրինապաշտ մարդ է՝ հուսալով, որ Պապիկյանն իր վերադարձից հետո տան հետ կապված գործարքից ստացված գումարը կփոխանցի իրեն: Դեպքերը, սակայն, այնպես էին զարգացել, որ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո վերանայվել էր նախկին որոշումը, ու հիշյալ հասցեն այլեւս օտարման գոտի չէր, ուստիեւ՝ որեւէ գործարքի անհրաժեշտություն այլեւս չկար: Բայց Մ. Պետրոսյանը, վստահելով իր «լավ բարեկամ» Պապիկյանին, հարկ չէր համարել նրանից ետ վերցնել կամ չեղյալ համարել անշարժ գույքի հետ կապված առուվաճառք կատարելու լիազորագիրը: Պապիկյանն էլ օգտվելով այդ լիազորագրից եւ հանդես գալով որպես Մ. Պետրոսյանի ներկայացուցիչ՝ արդեն այս տարվա՝ 2011թ. փետրվարի 10-ին, երբ տիկին Մարիամը Հայաստանում է եղել, առանց նրան տեղյակ պահելու՝ նոտարական վավերացմամբ նրա տունը վաճառել էր քաղաքացի Հայկ Գրիգորյանին, համապատասխան պայմանագրի վերջում, բացի իր ստորագրությունից, նաեւ նշել՝ «ստացա վաճառքի գումարն ամբողջությամբ», ու ստացված 10 մլն 800 հազար դրամը՝ շուրջ 30 հազար դոլար, յուրացրել էր:
Մ. Պետրոսյանը միայն «պոստ-ֆակտում» է իմացել իր տան վաճառված լինելու մասին եւ այն էլ՝ հարեւաններից, որոնք նրան ահազանգել էին, թե կադաստրից մարդիկ են եկել ու իր տունը չափագրում են: Պապիկյանը ի պատասխան Մ. Պետրոսյանի «հարցուփորձին»՝ նախ ասել էր, թե ոչնչից տեղյակ չէ, բայց երբ տանտերը հաջորդ օրը «կադաստրից» իմացել էր, որ իր տունն առանց իր իմացության արդեն վաճառված է, ստիպված էր եղել խոստովանել տան վաճառված լինելու փաստը: «Երբ արդեն ամեն բան պարզվելուց հետո զանգահարեցի Վ. Պապիկյանին ու հարցրի, թե ինչու է առանց իմ գիտության տունս վաճառել, նա հայտարարեց, թե քո ամուսինն իմ հորը պարտք է եղել 26 հազար դոլար, ես տունը վաճառել եմ եւ գումարն այդ պարտքի դիմաց վերցրել եմ: 2007թ.-ին, երբ օրենքը թույլ տվեց ապօրինի շինություններն օրինականացնել, Վ. Պապիկյանն օգնեց ինձ օրինականացնելու տան երկրորդ հարկը: Նա էն ժամանակ ասում էր, որ դրա համար 3800 դոլար ինչ-որ մեկին կաշառք է տվել: Փաստորեն, նա ամուսնուս կողմից իր հորն ունեցած 26 հազար պարտքին գումարել է նաեւ այդ 3800 դոլարը եւ տունս վաճառել է 30 հազար դոլարով, յուրացրել այդ գումարն ու իր պարտքը մարված համարել»,- պարզաբանեց տիկին Մարիամը:
Ի դեպ, պարտքի մասին: Տունը, որն առանց տանտիրոջ գիտության եւ նրա վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ վաճառել է դատախազ Պապիկյանը, բացառապես Մ. Պետրոսյանի սեփականությունն է, իսկ վերջինիս ամուսինը, որը պարտք է եղել Պապիկյանի հորը, ոչ միայն այդ տան հետ առնչություն չունի, այլեւ 1999-ից համարվում է անհայտ բացակայող, եւ ավելին՝ նրա հետ տիկին Մարիամը 2001-ին, օրենքով սահմանված կարգով, ամուսնալուծվել է: Մ. Պետրոսյանը, իհարկե, պահանջել է իր տան վաճառքից ստացված գումարը, երբ պահանջներն ապարդյուն են եղել՝ հայտարարել է նաեւ, թե պատասխանատվության է կանչելու դատախազ Պապիկյանին: Վերջինս էլ սպառնացել էր, որ բողոքելու դեպքում Մ. Պետրոսյանին կանանց գաղութ կուղարկի եւ այլն ու դիմել էր պատասխան քայլերի: Արդեն ապրիլին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի «օպերներ» այցելել են Մ. Պետրոսյանի եւ նախկին ամուսնու հարազատներին ու նախ՝ առանց համապատասխան ծանուցագրի, հետո՝ ծանուցագրով հրավիրել բացատրություններ տալու: Պարզվում է՝ Վարդան Պապիկյանի հայրը՝ Հենրիկ Պապիկյանը, հայտարարություն է տվել ոստիկանության բաժնում, թե Մ. Պետրոսյանը ֆինանսական խարդախություն է արել, այն է՝ խոստացել է իրեն վճարել ամուսնու ունեցած 26 հազար դոլարի պարտքը, բայց հետո հրաժարվել ու ասել, թե չի տալու: Ընդ որում, ո՛չ այդ խոստումը, ո՛չ որեւէ այլ պայմանավորվածություն, թե՝ տան վաճառքի դեպքում տիկին Մարիամը պարտավորվում է վճարել իր նախկին ամուսնու ունեցած պարտքը, կամ որ նրա ամուսինը Պապիկյաններին գումար է պարտք, ո՛չ բանավոր, ո՛չ առավել եւս՝ գրավոր հաստատված չեն: Փոխարենը՝ Շենգավիթի ոստիկանությունից տիկնոջ հարազատներին մի քանի անգամ տարել-բերել, վախեցրել են, բայց մինչ օրս էլ հայտնի չէ՝ այդ գործն ինչ փուլում է. ասում են՝ դեռ նյութեր են նախապատրաստվում:
Արդեն մայիսի կեսերին Մ. Պետրոսյանը համապատասխան նամակով դիմել է ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին ու Երեւանի դատախազին՝ պահանջելով դատախազ Պապիկյանին պատասխանատվության ենթարկել իր վստահությունը չարաշահելու միջոցով տունը վաճառելու ու ստացված գումարը յուրացնելու համար, նաեւ պահանջել, որ նրան պարտավորեցվի վերադարձնել յուրացված գումարը: «Իմ փաստաբանը հուշել էր, որ «Դատախազության մասին» օրենքի 43 հոդվածի 5-րդ կետով դատախազը՝ որպես այլ անձի լիազորված ներկայացուցիչ, հանդես գալու իրավունք չուներ: Քաղաքի դատախազությունից պատասխան նամակ եկավ, որ դիմումս փոխանցվել է Գլխավոր դատախազությանը»: Մ. Պետրոսյանին հրավիրել էին գլխավոր դատախազություն: «Հանդիպեցի վերահսկողության բաժնի պետի տեղակալ պարոն Ապերյանի հետ: Նա շատ բարեհամբույր ընդունեց ինձ, երեք ժամ զրուցեցինք, ամեն բան մանրամասնորեն գրի առավ, ասաց, որ իսկապես լինելով դատախազ՝ Վ. Պապիկյանն իրավունք չուներ որպես երրորդ անձ լիազորություն ստանձնելու: Երկրորդ. 3800 դոլարի կապակցությամբ ասաց, որ փաստորեն դատախազը կաշառք է տվել, որի համար պատիժ է հասնում, եւ երրորդ՝ նա գումարը յուրացրել է եւ չի վերադարձրել, քանի որ լիազորագրում չկա այն մասին, որ կարող է տան վաճառքի գումարը ինձ չվերադարձնել: Ապերյանն ասաց, որ Պապիկյանն այդ ամենի համար պատասխան է տալու, ու հավելեց, որ գործին ընթացք կտան, գուցե ուղարկեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քանի որ Պապիկյանը դատախազ է: Բայց թե գործը հիմա ինչ փուլում է՝ տեղյակ չեմ»,- պատմեց տիկին Պետրոսյանը: Այն, ինչ արել են Պապիկյանները, նա թիկունքից հարված է համարում, բայց դա բարոյական գնահատական է: Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, ապա դատախազ Պապիկյանը, ըստ ամենայնի, օգտվում է ինչ-որ ինդուլգենցիաներից, որովհետեւ նրա գործողությունները դեռ իրավական գնահատականի չեն արժանացել, ու նա շարունակում է աշխատել դատախազական համակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել