Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼ Է «ՀԻՍՏԵՐԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Հունիս 07,2011 00:00

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը երեկ ասուլիսում եւս մեկ անգամ ողջունեց ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսությունը. «Իհարկե, արդեն երկխոսության արդյունքները սկսում են երեւալ, որը մենք նույնպես բարձր ենք գնահատում: Արդեն համատեղ հարձակում է սկսվել ՀՅԴ-ի վրա իշխանության եւ ՀԱԿ-ի կողմից, որը շատ ողջունելի է: Անկեղծ եմ ասում, որովհետեւ շատ ավելի լավ ենք մեզ զգում, երբ մեզ սկսում են հարվածել: Գիտեք, դա մազոխիզմ չէ՝ դա ուղղակի մեր տեսակն է: Դիմադրությունը շատ ավելի ուժեղ կլինի. ով որ նույնիսկ հավես չուներ պայքարելու, հիմա արդեն մոտիվացիա ունի: Դրա համար շնորհակալություն ենք հայտնում հիստերիկ եւ բացարձակապես անհիմն հարձակումների համար»:
Նաեւ հավելեց. «ՀԱԿ-ի ղեկավարը շատ արհեստականորեն, շատ խիստ կերպով ուռճացնում, չափազանցված է ներկայացնում ՀՅԴ անհանգստությունը տեղի ունեցող գործընթացի՝ այս երկխոսության նկատմամբ: Ես հասկանում եմ, թե ինչու է նա դա անում: Նախ՝ հանրահավաքի եկող ժողովրդի թիվն անընդհատ պակասում է: Եվ երկրորդ՝ վերջապես գործընթացի կարեւորությունը հատուկ շեշտելու համար, որ ինչ կարեւոր բանի են կարողացել հասնել՝ պետք է, այսպես ասած, մուգ ֆոն ապահովել: Այ, տեսեք՝ ՀՅԴ-ն խանդում է: Իրականության մեջ ոչ մի նման բան չկա»:
Հավելեց, թե «իրենք չեն մոռանում, որ իր քաղաքական կարիերայի վերսկսման ժամանակ՝ 3 տարի առաջ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը երբեք ոչ մեկի չի քննադատելու, ինքը երբեք ոչ մեկի չի հարվածելու՝ միայն ու միայն իշխանությանը: Սակայն հիմա նրա հարվածների հիմնական թիրախը դարձել է ՀՅԴ-ն: Եվ դա հասկանալի է՝ նրան անընդհատ պետք է ինչ-որ թիրախ: Հիմա քանի որ իշխանությունն այլեւս այդ թիրախը չէ՝ ուրեմն, ինչ-որ մեկ այլն է պետք, մի մեղավոր պետք է գտնվի: Եվ սա ամենալավն է, սա այս ամբողջ գործընթացի ամենադրականն է, որովհետեւ վերջապես Հայաստանում վերսկսվում է գաղափարական պայքար, գաղափարական կռիվ: Մինչեւ հիմա ՀՅԴ-ն ունեցել է միայն մեկ գաղափարական ընդդիմախոս, եւ դա նորմալ երեւույթ չէր: Եվ ո՞վ էր այդ միակ գաղափարական ընդդիմախոսը՝ ՀՀ կառավարությունը: Քաղաքական ուժերը, որոնք ստեղծել են այդ կառավարությունը՝ գաղափարական վեճի մեջ չէին մտնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել