Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսություն՝ երկխոսության շուրջ

Հունիս 07,2011 00:00

ՀԱԿ-ն ու Հանրապետականը առայժմ կարծիքներ են փոխանակում ԶԼՄ-ների միջոցով

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ, գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է՝ երկխոսություն է ընթանում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջեւ, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկությունը:
Կողմերը պետք է կարողանան անընդհատ եւ ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար՝ սկսված դրական զարգացումներն առաջ տանելուն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով՝ չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված եւ նույնն իրավունք ունի նաեւ ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի՝ Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի՝ որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»:
«Առավոտի» թղթակիցը հատուկ ճշտեց պարոն Շարմազանովից՝ արդոք դա իր իր անձնակա՞ն կարծիքն է: Պատգամավորն արձագանքեց. «Դա Հանրապետական կուսակցության պաշտոնական տեսակետն է»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես «պաշտոնապես» հարկ համարեց հայտարարել, որ ՀՀԿ-ն իր օրակարգում չունի եւ չի քննարկում պատվիրակություն ստեղծելու հարցը. «ՀՀԿ-ն պատրաստ է, եւ նաեւ կարծում եմ՝ քաղաքական կոալիցիոն ուժերը, ցանկացած պայմաններում հանդիպել, խոսել, բանավիճել, լսել, պատասխանել, ինչպես դասական քաղաքական գործընթացներն են:  Ուզում են՝ թող տնով-տեղով գան, ուզում են խոսել, մենք պատրաստ ենք, պետք է կարողանանք օրը, ժամը, տեղը որոշել: Ես կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն արդեն տեղի է ունենում»:
Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց. «Կոնգրեսի երեք պահանջների կատարումից հետո, ինչպես եւ նախօրոք հայտարարել էինք, մենք պատրաստակամություն ենք հայտնել գործող իշխանությունների հետ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկխոսություն սկսելու: Ավելին, մենք արել ենք հաջորդ քայլը, ձեւավորել ենք պատվիրակություն՝ երկխոսությունը վարելու համար: Երբ գործող իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի, կարձագանքի, այն ժամանակ կխոսենք»,- ասաց Մուսինյանը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեկ անգամ «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված երկխոսությանը եւ նման լրջություն ակնկալում է նաեւ իշխանություններից. «Եթե նրանք պատրաստ են՝ շատ լավ: Դա նշանակում է, որ մենք լուրջ պրոցես ենք սկսելու: Բանակցություններով, երկխոսության միջոցով երկիրը փորձելու ենք հանել այս ծանր, քաղաքական ճգնաժամից: Իսկ եթե իշխանությունները հրաժարվեն երկխոսության այս գործընթացից, այդ ընտրությունը կատարած կլինեն իրենք, եւ ես չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ ընտրություն: Երկխոսության դուռը երկփեղկ է: Մենք ունենք մի փեղկի բանալին, մյուսը իշխանության մոտ է: Մենք մեր բանալին օգտագործել ենք եւ մեր դուռը բացել ենք, իսկ իշխանությունը՝ դեռ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել