Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՈՂՋՈՒՆԵՆՔ»

Հունիս 07,2011 00:00

\"\"«Եվ կմասնակցենք այդ արտահերթ ընտրություններին»,- հայտարարում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Առավոտի»  հետ զրույցում պարզաբանում, որ սեփական ընտրությունը բացառելու մասին իր ասածը չէր վերաբերում արտահերթ ընտրությանը:

Ազատության հրապարակում հունիսի 4-ի հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին միայն նրանք, ովքեր հիշում էին, թե 2 շաբաթ առաջ հրավիրված քաղաքացիական ժողովի ընթացքում ազդարարվել էր նման հավաքների մեկնարկի մասին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ երկխոսությանը. «Մենք ողջունում եւ միշտ էլ ողջունել ենք հրապարակային ու հանրային երկխոսություններն ու բանակցությունները: Եթե հայտնի երկխոսությունը բերի արտահերթ ընտրությունների, այս ահավոր կործանարար իրավիճակի արտահերթ լուծման, մենք միայն կողջունենք այդ արտահերթ լուծումը եւ կգնահատենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր մեր գործընկերների այդ բանակցությունը, եթե իրենք օգնեն, որ հասարակության պահանջով կայանան արտահերթ ընտրություններ: Չենք քննադատում՝ ամենայն անկեղծությամբ կողջունենք եւ կմասնակցենք այդ արտահերթ ընտրություններին՝ ինչ հերթականությամբ էլ դրանք տեղի ունենան: Բայց եթե դրանից բացի կա մի այլ օրակարգ, որը գնում է պայմանավորվածությունների, որտեղ կդիտարկվեն այլ հարցեր՝ հերթական լուծումներ, Արցախի հիմնահարցում անընդունելի զիջումներ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում անընդունելի քաղաքականության շարունակություն՝ այստեղ, իմ կարծիքով, ժողովուրդն արդեն կասի ո՛չ մեղսակից համագործակցությանը: Մեր ժողովուրդը դեմ է մեղսագործ համագործակցությանը, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտակարգ ու արտահերթ լուծումներ գտնենք այս առաջիկա ամիսների ընթացքում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ «Առավոտի» մի քանի հարցերի:
– Չե՞ք կարծում, որ այս երկխոսությունը դեռ չսկսված՝ արդեն ավարտվել է, քանի որ ՀՀԿ անունից ազդարարվում է, թե մտադիր չեն բանակցել արտահերթ ընտրությունների օրակարգով:
– Չեմ ուզում մեկնաբանել իշխանություն-ՀԱԿ զարգացող փոխհարաբերությունը կամ առաջին ու երրորդ նախագահների անձնական, թե քաղաքական փոխադարձ կապն ու հեռանկարը: Կարծում եմ, որ իրենք կայացած գործիչներ են, ու իրենք կներկայացնեն քաղաքական սեփական դիրքորոշումները: Ես պարզապես կարող եմ ասել, որ ի վերջո՝ եթե մինչեւ հերթական ընտրություններ առաջարկվեն արտահերթ լուծումներ այդ հարաբերության շնորհիվ՝ մենք միայն կողջունենք: Բայց մեր վստահության սահմանը դա է: Հասարակության վստահությունը չի վայելում որեւէ այլ թեմա, քանի որ իր մեջ ներառում է բովանդակային ու մեղսակից համագործակցության տարրեր: Այդ պատճառով, երբ ՀԱԿ-ի մեր գործընկերները խոսում են այն մասին, որ օրակարգի միակ թեման արտահերթ ընտրություններն են՝ դա ողջունելի է: Մենք կհետեւենք այս գործընթացին, բայց բոլոր դեպքերում՝ կարծում եմ, թե իրենք պետք է ներկայացնեն իրենց սեփական դիրքորոշումները:
– Այնուամենայնիվ՝ չե՞ք կարծում, թե երկխոսությունը կարող է իրոք վերաբերել նաեւ Արցախի հարցին: Հաշվի առնենք, որ թեեւ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատուի կողմից եղել է հրապարակային մեկնաբանություն, որով Արցախի խնդրի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության համատեքստում Սերժ Սարգսյանին ընդդիմության աջակցությունն էր խոստացվում՝ արտահերթ ընտրությունների համաձայնության դիմաց: Ձեր խոսքում ակնարկը վերաբերում էր նման հնարավորությա՞նը:
– Չեմ ակնարկել՝ անվանական ու թիրախավորված ասացի՝ եթե երկխոսության կամ բանակցության (եթե երբեւէ իրականություն դառնա) թեման այլ հարց ներառի, քան արտահերթ ընտրություններն են, ու մասնավորապես դիտարկվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրը՝ արհամարհելով ԼՂՀ տարածքային ամբողջականության ու ճանաչման անհրաժեշտությունը, եւ եթե փորձեն հասնել պայմանավորվածությունների՝ փոխադարձ բանակցողների ներքին դիրքերն ամրապնդելու նպատակով՝ կարծում եմ, դա մերժելի կլինի ոչ միայն ինձ համար՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար: Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը եթե դառնա իրականություն՝ ցույց կտա, որ առաջին եւ երրորդ նախագահների միջեւ կա թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության օրակարգերում խիստ մեծ ընդհանրություն, որը պետք է արժանանա հայ ժողովրդի բացասական վերաբերմունքին:
– Դուք նաեւ պատրաստակամություն հայտնեցիք մասնակցել այդ արտահերթ ընտրություններին: Ենթադրելի է, որ նաեւ նախագահական ընտրություննե՞րը նկատի ունեք, թեեւ նախապես հայտնել էիք Ձեր պատրաստակամությունը բացառել սեփական թեկնածությունը:
– Ես ասել եմ, որ հավանական ընդդիմադիր թեկնածուն չեմ: Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք քաղաքական առաջիկա գործընթացներում վերջապես ունենանք քաղաքական արդյունք, եւ դա իրականացնելու համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դարձնել առավել հավանական թե անհավանական: Բայց իմ ասածն արտահերթ ընտրությունների հերթականություն չի ենթադրում, որտեղ, կարծում եմ, ոչ միայն «Ժառանգությունը», այլեւ հայ ժողովուրդը կունենա այլընտրանքային թեկնածություն, այլընտրանքային ասելիք, եթե մենք իսկապես հասնենք արտահերթ ընտրությունների: Եվ ես կարծում եմ, որ այդ արտահերթ ընտրություններին հայ ժողովուրդը կմասնակցի այն այլընտրանքով, որն, ինչպես արդեն դարձել է ժողովրդի բան ու խոսք՝ կգտնվի երեք նախագահների տիրույթից դուրս:
– Սակայն ակնհայտորեն՝ երրորդը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ է ակտիվանում, նրա կողմնակիցները նույնիսկ արդեն ստեղծել են քարոզչական կայք:
– Երեք նախագահները միշտ կլինեն, պետք է լինեն մեր իրականության մեջ՝ իրենց փորձառու խոսքն ասեն, նաեւ իրենց սխալների մասին բարձրախոսեն: Բայց համարում եմ, որ առաջիկա լուծումներին՝ լինեն արտահերթ, թե հերթական, հրապարակային, թե ընտրական նոր բովանդակության լուծումներ, պետք է հետեւեն նոր սահմանադրություն, խորհրդարանական հանրապետություն եւ Հայաստանի մասնակցությունը միջազգային քրեական դատարանին, որ որեւէ մի պաշտոնյա, նախագահ, գործիչ, քաղաքացի դուրս չմնա թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային արդարադատության տիրույթից:

Հ. Գ. Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին հայտնեց, որ ամեն շաբաթ օր՝ ժամը 17:00-ին, բոլոր ցանկացողներին հրավիրում է Ազատության հրապարակ. «Իրար հետ քննարկելու թե՛ ներքին, թե՛ արտաքին մեր մարտահրավերները, մեր համաքաղաքացիներին նախապատրաստելու առավել համապարփակ հանրային հավաքների, որտեղ մենք ինքներս մասնակից կդառնանք արտահերթ լուծումների, առաջարկի եւ պահանջարկի իրացմանը»: Հավելեց, որ հավաքների ընթացքում կհայտարարեն նաեւ ամռանն իրենց գործունեության մասին՝ ակնկալելով, որ լինելու է տեւական պայքար, որ, ըստ նրա՝ «կախված չլինենք ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր որեւէ անկյան ու հոսանքի մոտեցումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել