Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՊԱՇՏՊԱՆՎՈ՞ՒՄ Է

Հունիս 07,2011 00:00

\"\"Այդ ֆունկցիան իրագործում են «Արեւելյան գործընկերության» ծրագրերը

«Եթե Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան դառնան Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն կդառնա ավելի վատը: Կդառնա Եվրոպայի խորհրդի նման, որտեղ կան բազմաթիվ ազգեր, ներկայացված են բազմաթիվ երկրներ, բայց, ցավոք, չկա իսկական համագործակցություն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ նշածս երկրները դառնան ԵՄ անդամ, հույս ունեմ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան եւ միության մյուս իրական անդամները կստեղծեն նոր Եվրոպական միություն»,- «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում՝ խոսելով ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ներգրավված երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հեռանկարների մասին, կարծիք հայտնեց չեխ փորձագետ, Միջազգային հարաբերությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Վացլավ Նեկվապիլը: Մեր զրուցակիցը Հայաստանում էր գտնվում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ ՀՀ-ում ու Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած սեմինարի առիթով, որի նպատակն էր ներկայացնել ԵՄ-ին անդամակցության Չեխիայի փորձը: Դիտարկմանը՝ այդ դեպքում մի տեսակ անհեթեթ չե՞ն ստացվում «Արեւելյան գործընկերության» ծրագրերը, քանի որ, ըստ Ձեզ, ԵՄ-ն այդ գործընկեր պետություններից, փաստորեն, ավելի շատ պաշտպանվելու խնդիր ունի, քան նրանց հետ իրական համագործակցության, «Առավոտի» զրուցակիցն արձագանքեց. «Այս ծրագրերն, ընդհանրապես, ուղղված են ԵՄ անդամ դառնալուն, դրանց նպատակը կայուն եւ կանխատեսելի հարեւաններ ունենալն է, որտեղ պատերազմի վտանգ չի լինի: Այս ծրագրերի շրջանակներում համագործակցող պետություններին պաշտոնապես ասվել է, որ սրանք անդամության նախապատրաստման ծրագրեր չեն: Այս ծրագրերով, եթե, իհարկե, տվյալ պետությունները եւ քաղաքացիները ցանկություն ունեն, կդառնան եվրոպացի, բայց ոչ երբեք՝ ԵՄ անդամ»: Նկատեցինք՝ իրական համագործակցության ցանկության բացակայությունն է, որ այդ ծրագրերը նախ կոչվում էին «Եվրոպական հարեւանության», հիմա՝ «Արեւելյան գործընկերության»: Այդ ծրագրերի հեռանկարի առումով համագործակցող երկրներում ոգեւորություն կա, բայց ծրագրի անունն արդեն ասում է՝ հարեւան կամ գործընկեր, այսինքն՝ անդամ չես լինի: «Արեւելյան գործընկերության» բոլոր ծրագրերում ընդգրկված են եւ երկրներ, որոնք իրական շանս ունեն ԵՄ անդամ դառնալու, եւ նման շանս չունեցող երկրներ: Ու կարեւոր չէ, որ դրանք ԵՄ-ի հետ անմիջական սահման ունենան: «Արեւելյան գործընկերության» բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որ տվյալ երկրներն առավելագույնս մոտենան Եվրոպային: Իսկ թե այդ երկրները Եվրոպային կմիանան, թե ոչ՝ ապագան ցույց կտա»,- հակադարձեց Վացլավ Նեկվապիլը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ արդեն որերորդ անգամ ԵՄ-ն իր դռները փակում է Թուրքիայի առջեւ: Պարոն Նեկվապիլը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի պարագայում խնդիրը զուտ տնտեսական է: Ցանկացած երկիր որոշակի գումար է տալիս ԵՄ-ին եւ որոշակի գումար ստանում: Ասենք, այս պահին Չեխիան ավելի շատ ստանում է, քան վճարում: Դա պայմանավորված է տվյալ երկրի եկամուտներով, բնակչության թվով եւ մի շարք այլ հանգամանքներով: Երբ Ռումինիան ու Բուլղարիան են դարձել ԵՄ անդամ, համամասնությունն արդեն խախտվել է, եւ եթե Թուրքիան էլ իր այդ մեծ կազմով մտնի ԵՄ, մեր զրուցակցի կարծիքով՝ այդ երկիրն ավելի շատ գումար է տանելու ԵՄ-ից՝ բոլոր ասպեկտներով՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ եւ այլն, քան վճարելու է: Հետեւաբար, այս պարագայում «իրական եվրոպացիների» մոտ երկընտրանք է առաջանում: Արդյունքում՝ Թուրքիայի առջեւ ԵՄ-ի դռները դեռ փակ են: Իսկ Հարավային Կովկասի պարագայում, մեր զրուցակիցը բազմանշանակ ժպիտով է խոսում այդ երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, անգամ ասում է, որ դա «ֆանտաստիկայի ոլորտից է», քանի որ տարածաշրջանում բազմաթիվ չլուծված կոնֆլիկտներ կան՝ ԼՂՀ հարց, հայ-թուրքական փակ սահման, Աբխազիա, Հարավային Օսեթիա եւ այլն: Սակայն, ըստ նրա, սրանք չեն սահմանափակում հարավկովկասյան երկրների այլ հնարավորություններ: Ասենք, այդ պետությունները ազատ են միմյանցից անկախ բանակցել վիզային ռեժիմի ազատականացման կամ առանց վիզայի ռեժիմ ստեղծելու շուրջ:
Ի դեպ, բոլորը եւ ամենուր քարոզում են եվրոպական արժեքներ, որոնք շատ լավն են, բոլորը գովերգում են Եվրոպան, ձգտում են նրա մի մասը կազմել: Արդյոք ԵՄ-ն միայն դրականի՞ հավաքածու է, որեւէ բացասական բան չկա՞ ԵՄ-ում: «Մեկ բացասական բան հաստատ կա. կորցնում ես ինքնիշխանությանդ մի մասը: Բայց դա դու կամավոր ես անում, եւ խոսքը այն սուվերենության կորստի մասին չէ, որ ասենք՝ Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ին անդամակցելու համար: Կան ինչ-որ բաներ, որ պետությունը չի կարող ինքնուրույն անել, ասենք՝ որեւէ այլ պետության պատերազմ հայտարարել: Բայց այդ ինքնիշխանության կորուստը քեզ հնարավորություն է տալիս մնացածի հետ համատեղ մասնակցել որոշումների կայացմանը եւ ռեալ մասնակցել»,- ասաց չեխ փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել