Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին
Հարգելի պրն Իշխանյան, ինչպես նկատում եք, այս նամակը գրելիս ես դա կամ դրա պատճենը չեմ ուղղել պարոնայք նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ եռյակին, ինչպես ընդունված է դա անել, երբ որեւէ բողոք է արտահայտվում: Ինչո՞ւ: Որովհետեւ ոչ միայն հույս չունեմ, որ նրանք կարող են կանխել անօրինականությունը, որի պատճառով դիմում եմ Ձեզ, այլ որովհետեւ վստահ եմ, որ կատարվածի մասին եռյակը հաստատ տեղյակ է (իսկ գուցե նաեւ նրանցից որեւէ մեկը այդ անօրինականության հնարավոր հովանավորողն է): Թե ինչու եմ այդպես կարծում… հուսով եմ՝ կպատկերացնեք, երբ հասնեք նամակիu վերջին: Իսկ կատարվել է հետեւյալը…
Մեր բակում, որը գտնվում է Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան եւ Ավագ Պետրոսյան փողոցների միջեւ՝ հինգ հարկանի շենքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կառուցվելու են երկու 16 հարկանի բարձրահարկ շենքեր՝ մթնեցնելով շրջապատված շենքերի բնակարանների լույսը եւ բնակարանատերերի կյանքը: Պարտադիր չէ ճարտարապետ լինել՝ հասկանալու համար, որ բացի բնակարանների անխուսափելի մթնեցումից, նոր կառուցվող շենքերի կոյուղու եւ ջրի համար նախատեսվող ներկայիս շենքերի կոմունիկացիաները չեն կարող բավարարել սպասվող շինարարության ավարտից հետո հսկայական շենքերի պահանջները: Բայց այս բանի նախաձեռնողը միայն մի բանով է շահագրգռված՝ իր գրպանի շահերով՝ թքելով եւ շրջակա բնակիչների, եւ քաղաքի ճարտարապետական տեսքի վրա, ինչպես մինչ այժմ վարվել են Երեւանում նորակառույցների նախաձեռնողներն ու իրականացնողները:
Այս ամենը հիշեցնում է պատերազմական գործողություններ…
«Շինարարությունը» սկսվեց հին քաղաքապետից նորին անցնելու անցումային փուլում… Այսինքն՝ ընտրվեց մի հարմար ժամանակ, որպեսզի դժվար լինի հստակորեն որոշել, թե նրանցից որն է առնվազն տեղյակ այդ յուրատեսակ ագրեսիայից: Միայն այսպիսի անվանում կարող է կրել այն գործողությունը, որի շնորհիվ քանդվում է Երեւանի ամենահին մանկապարտեզներից մեկի շենքը (այդ բակի բնակիչների մեծամասնությունը հաճախել է այն), տեղում միանգամից փորեն ապագա շենքի հիմքը՝ մի հսկա փոս, վերացրել մի ծառ, իսկ այնտեղ գտնվող մի քանի տասնամյա ծառերից չորսի մոտ շրջանաձեւ փոս փորել՝ մերկացնելով այդ ծառերի արմատները՝ անխուսափելիորեն մատնելով դրանք չորացման: Նկարագրված գործողությունները կատարվել են մի քանի օրվա ընթացքում, ինչպես ռազմական պատմությունից հայտնի՝ հակառակորդին շշմեցնող եւ հանկարծակի բերող մի շարք օպերացիաներ, ասենք՝ «բարբարոսի» օպերացիան եւ այլն: Իզուր չօգտագործեցի հակառակորդ անվանումը, որովհետեւ այդպիսի գործողություններով կամ էլ այլ դեպքերում անգործությամբ է, որ իշխանությունները դառնում են ՀԱԿԱՌԱԿ կողմ: Եվ նկարագրված գործողությունները արել են առանց պաշտոնական թույլտվության:
Երբ որ բնակիչներս ուշքի եկանք՝ հասկացանք, որ լուծվում է հերթական ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ խնդիրը, այսինքն՝ եւս մեկը կամ երկուսը իրենց գրպանը լցնելու են կամ լվանալու են էլիտար շենքերի վաճառքից «աշխատած» կեղտոտ փողերը: Այսպիսի լկտիությունը նորմալ երկրներում կորակավորվի որպես հանցագործություն, իսկ Երեւանում այն սովորական է դարձել եւ օրինականացվում է Գերակա Շահ հասկացողությամբ: Ձեռագիրը հին է, քանի որ փորձված ագրեսորը արդեն մի քանի տարի է՝ կիրառում է նույն՝ փաստի առաջ կանգնեցնելու տակտիկան. ակնթարթային գործողություններով սկսել շինարարությունը եւ հետո էլ մտածել, ճարել ու գնել «օրինական» թույլտվությունները:
Իմ մտահոգությունն ավելի խորացավ, երբ իմացա, որ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը, որի օրոք են վերոհիշյալ օպերացիաները մշակվել եւ իրագործվել, վերադարձել է նորից իր պաշտոնին… Այդ պատճառով հուսահատությունից դիմում եմ Ձեզ՝ պաշտպանելու համար իմ՝ բնակչիս ոտնահարվող իրավունքները:
Իմ այս նամակը կարող էին ստորագրել բազմաթիվ բնակիչներ, որոնք այս հանցագործության առիթով միահամուռ եւ պարբերաբար հավաքվում են բակային միտինգների: Բայց ես հատուկ չեմ հավաքել ստորագրություններ, քանի որ իմ կարծիքով՝ մարդու իրավունքները պաշտպանելու համար մեկի իրավունքի խախտումն էլ բավարար է, որպեսզի պաշտպանվի այն: Իսկ եթե Դուք անտարբեր գտնվեք, ապա ստիպված կլինեմ դիմել ավանդական մեթոդների՝ այս նամակիս տակ կստորագրեն համարյա բոլոր բնակիչները, եւ այն կուղարկվի այլ ատյաններ: Խնդրում եմ Ձեզ գործել արագ, քանի դեռ ագրեսորը չի գնել ու հայթայթել օրինական փաստաթղթեր եւ չի օրինականացրել շինարարությունը:
Դիմող՝ Սայաթ-Նովա 18 փողոցի
բն. 59 բնակիչ ՄԱՅԻՍ ՎԱՆՈՅԱՆ
Հ. Գ. Մինչ նամակը պատրաստվում էր տպագրության՝ շինարարությունը շարունակում էր բուռն թափով ընթանալ: