Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԸ ՇՔԵՂ ԷՐ, ԳՈՒՄԱՐԸ՝ ՔԻՉ, ԱՂԲԸ՝ ՇԱՏ

Հունիս 04,2011 00:00

Լավագույնը երեխաներին՝ հայտնիների մասնակցությամբ

\"\"

\"\"«Ջուր, հյութ, պաղպաղակ գնեք երեխաների համար, թխվածքաբլիթներ, որոնք շատ օգտակար են… գումար նվիրաբերեք մեր երեխաների համար»,- նախօրեին նման կոչերով Հաղթանակի զբոսայգում երեխաների համար նախատեսված ապրանքներ էին վաճառում մեր շոու-բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիներն ու ճանաչված դերասան-դերասանուհիները: Արդեն 4-րդ տարին է, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները զբոսայգում հյութեր, պաղպաղակ, ձողիկներ, քաղցրավենիք են վաճառում: Այդ ապրանքները նրանց անվճար են հանձնում Հայաստանում բիզնես ծավալող մի շարք ընկերություններ, իսկ այդ վաճառքից հավաքված գումարը ծախսվում է ՀՕՖ-ի երեխաների համար: Ապրանքների համար նշվում է նվազագույն գումար, սակայն բացի այդ, կան նաեւ արկղիկներ, որոնց մեջ ով ինչքան ցանկանում՝ գումար է գցում: Տարբեր տարիների հավաքված գումարով անգամ երեխաներին կենսականորեն անհրաժեշտ վիրահատություններ են արվել:
Այս տարի ՀՕՖ-ի «Լավագույնը երեխաներին» ակցիան անհամեմատ ավելի շքեղ էր կազմակերպված: Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ, վաճառքի տաղավարներին կից կազմակերպվել էր նաեւ համերգ՝ մանկական ծրագրով: Այդ իսկ պատճառով ակցիայի մասնակիցների թիվն անհամեմատ մեծ էր: Սակայն դա բոլորովին էլ չնպաստեց, որպեսզի այս տարի երեխաների համար ավելի շատ գումար հավաքվի: Նախորդ տարվա 1 միլիոն 336 հազար դրամի փոխարեն, այս տարի հավաքվել է մոտ 900 հազար դրամ: Երեխաների աջակցման կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, քիչ գումարի հավաքագրման պատճառը նաեւ եղանակային վատ պայմաններն էին՝ «անձրեւ եկավ, քամի էր…»:
\"\"Երբ դեռ ակցիան ընթանում էր, դերասան Մխիթար Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եղել են տարիներ, երբ իրենց տաղավարում ավելի շատ \"\"գումար է հավաքվել, քան այս անգամ: Նա նաեւ ասաց, որ մեծ հաճույքով է մասնակցում այս միջոցառմանը, քանի որ ցանկանում է, որ մեր հասարակությունում երեխաներին աջակցելու մշակույթ ձեւավորվի: Միջոցառմանը ներկա էին նաեւ Երեխաների աջակցման կենտրոնի փոքրիկները, որոնք նույնպես ունեին իրենց տաղավարը եւ այնտեղ ջուր էին վաճառում: Նրանք մեկը մյուսին հերթ չտալով՝ ասացին, որ ուրախ են մասնակցել այս ակցիային. «ամեն տարի էլ մասնակցում ենք, որպեսզի օգնենք երեխաներին, ՀՕՖ-ի երեխաներին»:
Նշենք, որ այս միջոցառման կարեւորագույն նպատակը գումար հավաքագրելը չէ, սակայն այդ գումարով բավականին շատ ծախսեր են կրճատվում. օրինակ՝ մասնագետները այդ գումարով են ճանապարհածախսը հոգում, որպեսզի հասնեն իրենց աջակցության տակ գտնվող երեխաների տներ:
Այս միջոցառումն իսկապես շատ գեղեցիկ էր, սակայն շատ տգեղ էր այն, որ բոլոր այցելուները ապրանքներ գնելով, այդ ապրանքի փաթեթները նետում էին գետնին: Մարդկանց ոտքերի տակ էին հայտնվել պաղպաղակի թղթեր, փայտիկներ, ջրի եւ հյութի շշեր: Մեր այն հարցին, թե ո՞վ է հավաքելու այդ աղբը, կա՞ կոնկրետ համաձայնություն, Երեխաների աջակցման կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանը պատասխանեց. «Զբոսայգին էլ է մեզ աջակցում եւ օգնում, տարածք է տրամադրում եւ այդ աղբն էլ կմաքրեն մեզ աջակցելու եւ օգնելու շրջանակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել