Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալվի Ռուսաստանի ընտրանուն:
Միմյանց, կայանալիք հանդիպման մասին մրցակից թիմերի խաղացողների եւ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատի կարծիքներին ծանոթացրել ենք: Վերջինը ներկայացնում ենք մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը.«Կանխագուշակություններ անել չեմ սիրում: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ կխաղանք, քան Երեւանում: Տանը ցուցադրած մեր խաղի որակն այնքան էլ բարձր չէր եւ դա իր պատճառներն ուներ: Հիմա որքան լավ խաղանք, բնական է, հաղթանակի շանսերը կմեծանան:
Կայանալիք խաղում թիմի կազմը որոշակիորեն փոփոխված կլինի: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները լավ վիճակում են: Վնասվածքներ չկան: Մամուլում հաճախ եմ կարդում, թե Ռուսաստանի ներկայիս հավաքականի կազմն ամենաթույլն է ամբողջ պատմության ընթացքում եւ նրան հաղթելը դժվար չի լինի: Ես այդպիսի բաներին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում: Ռուսաստանն ուժեղ է, նրանց առանձին խաղացողներ՝ հիանալի: Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է այդպես մտածել: Իսկ ՈՒԵՖԱ-ի գավաթ նվաճած Դիկ Ադվոկատը չի կարող վատ մասնագետ լինել»: