Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂԱՑՎԱԾ ԿՏԱՎԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Հունիս 04,2011 00:00

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահին վերադարձվեց Հովհաննես Այվազովսկու 21 տարի առաջ գողացված «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը:
Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կտավը վերադարձնողը ՌԴ սենատոր, կոլեկցիոներ Հովհաննես Օհանյանն է:
21 տարի առաջ «Փոթորիկ ժայռոտ ափերին» աշխատանքը առեւանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից (ԱՕԿՍ): Իսկ այս տարվա փետրվարի 26-ին վաճառքի էր հանվելու Մոսկվայի գեղարվեստական գործերի «Գելոս» աճուրդատանը: Տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագնված «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը պատահականության սկզբունքով հայտնվել է Հովհաննես Օհանյանի ձեռքին:
Նրա խոսքով, աշխատանքը գնել է 7 տարի առաջ՝ մի կոլեկցիոներից. «Պատահաբար գնեցի Այվազովսկու այս կտավը, որն ինձ համար մեծ արժեք է ներկայացնում եւ կրկին նույն պատահականությամբ տեղեկացա, որ այս կտավը կրիմինալ անցյալ ունի: Յուրաքանչյուր նմուշ գնելիս ես անպայման մանրամասն ուսումնասիրում եմ՝ ի՞նչ անցյալ ունի այն, գողացվա՞ծ չէ, արդյոք… Այս աշխատանքը, չգիտեմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, նման անցյալով էր, եւ ես անմիջապես հանձն առա այն վերադարձնել իր իսկական սեփականատիրոջը, այսինքն՝ Հայաստանի ազգային պատկերասրահին: Գուցե ի վերուստ էր որոշված, որ այդ գործը Մոսկվայում հայտնվեր եւ այն վերագնեի ես՝ ազգությամբ հայը: Շատ դժվար է նկարից բաժանվելը, բայց ես պարտավորված եմ զգում այն վերադարձնել: Տեղեկանալով կտավի գողացված լինելու մասին, անմիջապես կապվեցի ՀՀ նախագահի հետ եւ հայտնեցի, որ այն ինձ մոտ է: Երբ գնում էի նկարը, չէի էլ մտածում, որ այն կարող է գողացված լինել, քանի որ վաճառողներն այնպիսի մարդիկ էին՝ մեծ անուն ու պատիվ ունեցող…»: Նշենք, որ կտավի մեկնարկային գինը 23 միլիոն ռուբլի է եղել, իսկ, ըստ տեղեկությունների, Հ. Օհանյանն այն գնել է մոտ $400 000-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել