Նրանց բնորոշմամբ, կներկայացվի հարուստ ծրագիր
Առաջին անգամ Հայաստանում է Գրեմիի մրցանակակիր, հանրաճանաչ բրիտանական «Թագավորական երգիչներ» («The King’s singers») խումբը:
Երեկ «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ խմբի առաջին հայաստանյան համերգը: Իսկ մինչ այդ՝ խմբի մասնակիցները հանդիպեցին լրագրողների հետ:
Արդեն շուրջ 50 տարի գործող «Թագավորական երգիչները» համարվում է աշխարհի ամենանշանավոր վոկալ խմբերից մեկը: Խումբն ունի 150-ից ավելի ձայնագրություններ, որոնցից վերջին ալբոմը՝ «Սովորական նվերներ», 2009թ. արժանացել է «Գրեմմիի»:
Ըստ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի, «Թագավորական երգիչների» երգացանկում կա ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 200 երգչախմբային ստեղծագործություն: «Թագավորական երգիչները» 6-ն են, սակայն լրագրողների հետ հանդիպմանը 3-ն էին ներկայացել: Խմբի կոնտր-տենոր Դեյվիդ Հարլին ասաց, որ գիշերն են ժամանել եւ դեռ չեն հասցրել լիարժեք արթնանալ ու որ իրենց առայժմ հանգստանալ է պետք, քանի որ մեծ պատասխանատվությամբ են տրամադրված երեկոյան կայանալիք համերգին. «Մենք մեր յուրաքանչյուր համերգին մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում: Ճիշտ է՝ սովորաբար համերգից երկու ժամ առաջ ենք միայն փորձ անում, բայց դա մեզ բավական է, որ լիարժեք ներկայացնենք մեր երաժշտությունը: Օրինակ, մեր հայրենիքում՝ Անգլիայում, համերգներից առաջ գրեթե փորձեր չենք անում: Անգլիայում գտնվելու օրերին հիմնականում մեր ժամանակն անցկացնում ենք մեր ընտանիքների, ընկերների հետ, քանի որ զբաղվածության պատճառով շատ քիչ ենք նրանց հետ լինում»:
Լրագրողներին ամենաշատը հետաքրքրող հարցին, թե ինչո՞ւ է խումբը միայն արական սեռի ներկայացուցիչներից բաղկացած, Դ. Հարլին ասաց. «Պատճառն այն է, որ մենք Անգլիայի ավանդական խմբերի պես ենք, Քեմբրիջի Քինգս քոլեջից ենք գալիս, որտեղ երգչախմբային բազմադարյան ավանդույթը պահանջում է խմբում միայն տղաներ: Դա հրաշալի է, երբ խումբն ունի իր սեփական ուրույն ձայնը՝ միայն տղամարդկանց: Մենք 6 տղամարդու ձայներ ենք: Լավ է, որ աշխարհում կան կանանց երգչախմբեր, բայց մեր ավանդույթը մեզ թելադրեց լինել միայն տղամարդկանցից բաղկացած խումբ»:
Խմբի բաս Ջոնաթան Հաուարդը նոր անդամ է: Նա պատմեց, որ իր մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է YouTube-ում՝ «Թագավորական երգիչների» ստեղծագործությունները լսելով ու չի համարձակվել երազել, թե մի օր դառնալու է իր սիրած խմբի անդամը. «Ես երկնքից ընկա խումբ: Ես փոխարինել եմ մեկին, ով 22 տարի խմբում էր: Ինձ ուղղակի ընտրեցին՝ պատահականության սկզբունքով: Ոչ ոք չի կարող «King’s Singers»-ում թափուր տեղի համար դիմել, նման պրակտիկա մենք չունենք: Խումբն ինքն է որոշում՝ ում նշանակել: Ինձ 25 հոգու միջից են ընտրել»:
Ըստ կոնտր-տենոր Թիմոթի Ուեյն-Ռայթի, Հայաստան կատարելիք առաջին այցի համար պատրաստել են հազվագյուտ հարուստ ծրագիր. «Մեծ շեշտ ենք դրել Եվրոպայի երկրների եւ Վերածննդի դարաշրջանի երաժշտության վրա: Առաջին բաժնի վերջում երգելու ենք ֆրանսիացի կոմպոզիտոր Կլեման Ժանեկենի «Պատերազմ կոչվող երաժշտությունը», որը լի է շարժական տեսարանային էլեմենտներով: Բացի այդ, լինելու է նաեւ պոպուլյար երաժշտություն՝ թեթեւ ժանրի հանրաճանաչ ստեղծագործություններ»: