Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ

Հունիս 04,2011 00:00

\"\"Գարնանային համերգաշարից մինչեւ խաչատրյանական մրցույթ

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Առավոտը» ներկա գտնվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ու ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած՝ մայիսի 17-ից մեկնարկած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի երրորդ երեկոյին:
Մեզ հետ զրույցում Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստելով, թե նման համերգաշարերի շնորհիվ հնարավորություն է տրվում ծանոթանալու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին, նշեց, որ այս համերգաշարի ընթացքում հնչել է շուրջ 20 հեղինակի երկ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 6-ից մեկնարկելու է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը, որի պաշտոնական նվագախումբը մի քանի տարի է՝ Երիտասարդականն է:
Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ բացի փառատոնի մրցելույթներից, որեւէ անակնկալ սպասվո՞ւմ է: Ս. Սմբատյանը նախ հայտնեց, որ ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո մրցույթն անցկացվելու է դաշնակահարների եւ կոմպոզիտորների միջեւ, հետո էլ տեղեկացրեց, թե հետաքրքիր մրցութային օրեր են սպասվում, որովհետեւ ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական երկրներից, Կորեայից, Ավստրալիայից, Լիբանանից, ԱՊՀ եւ այլ երկրներից ժամանող երաժիշտները տարբեր դպրոցների ներկայացուցիչներ են: Հայաստան կժամանեն ավելի քան 35 դաշնակահար եւ 10 կոմպոզիտոր: Ինչ վերաբերում է անակնկալներին, Ս. Սմբատյանը հայտնեց, որ մինչ մրցույթի պաշտոնական բացման արարողությունը, «Ա. Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանդիպում, որին ներկա է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան Յարվինը: Վերջինիս ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը եւ ճանաչված ջութակահար Միխայիլ Սիմոնյանը (ԱՄՆ) կհնչեցնեն Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Սպասվում է նաեւ հեղինակավոր մի շարք մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Բաբախանյանի ելույթը: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ, օրինակ, առաջին տեղ գրաված դաշնակահարը 2011-12թթ. համերգաշրջանի ընթացքում հնարավորություն կունենա ելույթ ունենալ ականավոր դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարած Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կամ Պավել Կոգանի ղեկավարած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Դաշնակահարների մրցույթի ժյուրին կնախագահի անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, հրավիրված են նաեւ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյանը, Կանադայից՝ Սառա Լայմանը, որը տեղի համալսարանի դաշնամուրային ֆակուլտետի դոցենտ է, Պան Չուն՝ Չինաստանից, ով Պեկինի կենտրոնական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դոցենտ է, Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ռուստեմ Հայրուդինոֆը, Ղազախստանից՝ Ժանյա Սուբակիրովան:
Կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինը, Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Կախա Ցաբաձեն եւ Ղրղըզստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Մուրաթբեկ Բեգալիեւը: Կոմպոզիտորական ժյուրին ղեկավարելու է Ռոբերտ Ամիրխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել