Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդները թագավորից պահանջում են հրաժարվել գահից

Հունիս 04,2011 00:00

\"\"«Новые известия»-ն գրում է, թե Շվեդիայի թագավորական ընտանիքը շարունակում է տենդի մեջ մնալ: Հազիվ էին հանդարտվել թագուհի Սիլվիի հոր նացիստական անցյալի հետ կապված, նաեւ Կարլ 16-րդ Գուստավի շվայտություններին առնչվող սկանդալները, երբ հրապարակվեցին թագավորական ընտանիքը վարկաբեկող նոր փաստեր, որոնք ապացուցում են թագավորի կապերը հարավսլավական մաֆիայի հետ: Վրդովված շվեդներն արդեն պահանջում են միապետի հրաժարումն իր գահից:
Այս նոր սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ երկրի գրախանութներում հայտնվել է լրագրող Կիմո Նուրիի «Շվեդ կնքահայրը» փաստագրական գիրքը, որից հետեւում է, որ թագավորը եղել է հարավսլավացի մաֆիոզների՝ մարմնավաճառների մասնակցությամբ կազմակերպած խնջույքների հաճախակի հյուրը: Նման հանդիպումներն անցել են մասնավոր բնակարաններում, առանձնատներում եւ փակ ակումբներում: «Ես ունեմ տեսագրություններ, որոնք փաստում են, թե ինչպես են անցել «թագավորական զվարճանքները»,- Aftonbladet երեկոյան թերթին տված հարցազրույցում խոստովանել է 90-ականներին Ստոքհոլմի Club Power անլեգալ ակումբի սեփականատեր, գանգստեր Միլլե Մարկովիչը: Նրա այդ ակումբն, ի դեպ, ամենահայտնիներից է եղել, որտեղ սիրել են զվարճանալ Շվեդիայի թագավորն ու նրա ընկերները: Հրապարակված գրքում նաեւ ասվում է, թե թագավորի մերձավորները փորձել են գնել այն լուսանկարները, որտեղ թագավորը իր համար անբարենպաստ վիճակում է եղել:
Շվեդ մեկնաբանները, վերլուծելով թագավորի դեգերումները, համարում են, որ կարելի է ներել ամեն ինչ, նույնիսկ մարմնավաճառների հետ նրա խրախճանքները, բայց նրա՝ մաֆիայի կողմից շանտաժի ենթարկվելու իմաստով խոցելի լինելը անցնում է պետության ղեկավարի համար թույլատրելի սահմանը:
Այս վերջին սկանդալի առնչությամբ անցկացված հարցումները վկայում են, որ միապետի վարկանիշը աննախադեպ անկում է ապրել: Շվեդների միայն 20 տոկոսն է կարծում, որ թագավորը պետք է շարունակի մնալ գահին մինչեւ իր մահը՝ ինչպես դա ընդունված է: Իսկ 63 տոկոսը պահանջում է, որ միապետը վաղաժամկետ վայր դնի իր լիազորությունները՝ թագը փոխանցելով արքայադուստր Վիկտորյային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել