Կամ սեմինար, որ հարցերի պատասխաններ տվեց
Օրերս կայացավ գիտական լրագրության խմբի «Աստղագիտություն, աստղաբանություն եւ աստղագուշակություն» թեմայով հերթական սեմինարը:
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի խոսքով, աստղագուշակությունն ու աստղաբանությունը, բացի գիտական ասպեկտից, ուղղվածությունից, ունեն հոգեբանական, կենսաբանական, բժշկական կողմեր:
«Գուշակությունը նախ կապված է հոգեբանության հետ: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ գուշակություններին՝ ներշնչումների հիման վրա են ավելի շատ հավատում, սկսած սուրճի բաժակից մինչեւ աստղերը: Գուշակությունները մարդու հոգեբանության վրա են խաղում,- ասում է Ա. Միքայելյանը ու հավելում: -Գումարով գուշակություններ են անում՝ մարդկանց ճակատագրերի հետ խաղում. ո՞վ պետք է պատասխան տա, եթե, ասենք, մարդուն ասում են՝ աստղերը հուշում են՝ պետք է ամուսնանաս կամ չամուսնանաս այսինչ մարդու հետ»:
Գիտնականի ձեւակերպմամբ, գուշակությունները մեծամասամբ հիմնված են համաստեղությունների վրա, իսկ աստղագուշակներն անգամ չգիտեն՝ ինչ է համաստեղությունը. «Բանն այն է, որ 12 համաստեղություններից ոչ մեկն էլ իր անվան հետ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ: Մենք չենք կարող պատկերացում կազմել, թե, օրինակ, Առյուծի կենդանակերպի համաստեղությունը որեւէ կողմից ի՞նչ պատկեր ունի: Մարդն է հորինում այդ անունները ու ըստ այդմ գուշակություններ անում: Այնպես որ, տվյալ ամսին ծնված մարդու ճակատագրի համար այդ համաստեղության հաշվին գուշակություններ անելը ոչ մի գիտական հիմք չունի… Կենդանակերպի նշաններն ազդեցություն չունեն մարդու վրա… Ասում են՝ սա Երկվորյակի նշանն է, բայց այդ անվանումը մարդն է դրել, բնականաբար՝ չի կարող այդ ամիս ծնված մարդը երկակի բնավորություն ունենալ եւ այլն: Սրանք ներշնչանք են, որին կուրորեն մարդիկ հավատում են: Եթե գնաս գուշակի մոտ՝ նա քեզ 10 գուշակություն կանի, որոնցից երկուսը պարտադիր կհամընկնի իրականության հետ: Դու ներշնչվելով այդ երկու ճիշտ գուշակությունից, այն 8 սխալը չես նկատի ու պարտադիր ընկերուհուդ կամ հարազատիդ միայն երկուսի մասին կպատմես…: Ամենամեծ ազդեցությունը մարդու եւ կենդանի օրգանիզմների վրա ունի միայն Երկրին ամենամոտ աստղը՝ Արեգակը»: Ա. Միքայելյանը խորհուրդ տվեց՝ չշփոթել աստղաբաններին ու աստղագետներին. «Սխալը դեռ հնուց է եկել, որովհետեւ նախկինում աստղագուշակները նույն աստղագետներն էին: Բացի այդ, նախկինում տիեզերքի մասին չի եղել ոչ մի ինֆորմացիա, չեն իմացել՝ աստղերը որտե՞ղ են եւ ի՞նչ են իրենցից ներկայացնում ու աստղերի հետ ոչինչ չկար անելու, բացի հաշվելուց»:
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ հավատում են աստղագուշակություններին, ըստ սեմինարի մասնակիցների՝ աստղագիտության մասին թերի գիտելիքներն են:
Սեմինարի մասնակիցներից մեկն ասաց. «Պետք է դպրոցից հիմքը դնել եւ դպրոցական նստարանից երեխային տիեզերքի, աստղագիտության մասին ճիշտ գիտելիքներ տալ»: Ի պատասխան՝ աստղագիտության ուսուցչուհի Նելլի Փարվանյանը նշեց, որ դպրոցը տալիս է գիտելիք, ուղղակի համապատասխան գրականություն չկա, որի վրա հնարավոր լինի հենվել. «Դպրոցական դասագրքերում ամեն ինչ խառնված է իրար, գրքում մի բան է գրած, ինտերնետում՝ մեկ այլ, աստղագետներն ու աստղաբաններն էլ ուրիշ բան են ասում: Ո՞ր աղբյուրի վրա հույսս դնեմ, որ սխալ չսովորեցնեմ»: Սեմինարին ներկա «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Բունիաթյանն էլ փաստեց. «Մարդիկ հետաքրքրված չեն աստղագիտությամբ… Բազմիցս միջոցառումներ ենք կազմակերպել եւ շարունակում ենք, բայց հասարակությունը չի արձագանքում, չի մասնակցում, մասսայական հետաքրքրվածություն չկա: Ի՜նչ անես…»: