Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, ակադեմիկոս Արա Ավետիսյանին
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դոցենտ (այժմ արդեն դոկտոր-պրոֆեսոր), գրագող Էդուարդ Եղիազարյանի կեղծ ատենախոսության կապակցությամբ Ձեզ հետ հանդիպելու հրավերը ես մերժել եմ՝ պատասխանելով, որ ես Ձեզ չեմ վստահում:
Ես Ձեզ պետական մտածելակերպ ունեցող գործիչ չեմ համարում, շատ դեպքերում կատարում եք Ձեր պաշտոնին անհարիր հակապետական արարքներ: Բերեմ օրինակներ: Այս տարվա փետրվարի 26-ին ՀՀ ԿԳ նախարարի մոտ ընդունելության ժամանակ նրան հանձնված իմ դիմում-բողոքին, որտեղ Է. Եղիազարյանի գրագողությունների, կեղծիքների եւ խարդախությունների մասին ներկայացրել եմ տասը անժխտելի փաստ, ի պատասխան, փոխանակ հանձնարարեք փաստերը հատ-հատ ստուգել եւ ընթացք տալ, ինձ հայտնում եք հետեւյալը. «Իսկապես տարբեր պետական ատյաններ հասցեագրված Ձեր նույնաբովանդակ դիմումներին բազմիցս պատասխանվել է եւ համոզված եմ, որ որպես գիտնական՝ Դուք արդեն պետք է համակերպվեք Ձեր հարցապնդումների սխալ լինելու հետ»: Իմ հարցապնդումները հիմնված են իրական փաստերի վրա, իսկ փաստերի հետ հաշվի են նստում իսկական գիտնականները, սակայն Դուք եւ Ձեր համախոհները, Ձեր պաշտոնեական դիրքը չարաշահելով, անտեսում եք փաստերը: Երբ իմ ներկայացրած բոլոր հարցապնդումներին կտաք սպառիչ պատասխան, այն ժամանակ կարող եմ համակերպվել իմ հարցապնդումների սխալ լինելու հետ:
Ես Ձեզ խնդրել եւ խնդրում եմ ստեղծել չեզոք, անաչառ հանձնաժողով եւ պարզել, թե շինծու ատենախոսություն պաշտպանած, գրագող Էդուարդ Եղիազարյանը ինչպե՞ս է ուրիշի աշխատանքները արտագրելով դարձել երկու մասնագիտությունների գծով կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Դուք իմ դիմում-բողոքները ուղարկում եք ԲՈՀ-ի 036 չարաբաստիկ խորհրդին, որտեղ կատարվել է այդ խայտառակ պաշտպանությունը: Պարոն Արա Ավետիսյան, ի՞նչ եք կարծում, 036 գիտական խորհուրդը պետք է ընդունի՞ իր կատարած խայտառակությունը: Դուք իմ դիմում-բողոքները նաեւ հասցեագրում եք գրագողին, եւ նա զայրույթից աշխարհի լուտանքները թափում է իմ գլխին եւ Դուք էլ դրանից ուրախանում եք: Մինչդեռ, Է. Եղիազարյանի շինծու ատենախոսության մեջ գրագողություններն ու խարդախությունները այնքան բացահայտ են, որ ցանկացած, նույնիսկ ոչ կենսաբան մարդ կարող է համոզվել դրանում: Պետք է կույր կամ սակավամիտ լինել չնկատելու համար գրագողությունը: Ավելին կարող եմ ասել Ձեզ, որ Դուք Ձեր պատասխան նամակում այնպես եք խճճում եւ աղավաղում փաստերը, որ կարդացողը կարող է այնպիսի կարծիք կազմել իմ մասին, որ ես վատ մասնագետ եմ:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում. «Դուք գործնականում մասնակից եք եղել Է. Եղիազարյանի գիտական կենսագրությանը, այդ թվում նաեւ՝ նրա գիտական ատենախոսության պաշտպանության գործընթացին»: Դուք այստեղ կեղծում եք փաստերը: Է. Եղիազարյանի ատենախոսության պաշտպանությունը ինձանից գաղտնի է պահվել: Կամ ի՞նչ է նշանակում՝ «…ունենալով համատեղ գիտական աշխատություններ» Ձեր ձեւակերպումը: Ես այդ մասին գրել եմ եւ նորից եմ գրում, որ Դուք վերջապես հասկանաք, որ Է. Եղիազարյանը ինձ խնդրել է, որ ես իմ եւ Ա. Հայրապետյանի հոդվածի տակ գրեմ նաեւ իր անունը: Նրա խնդրանքը չեմ մերժել, սակայն այդ անամոթը մեր այդ հոդվածը ամբողջությամբ արտագրել է ատենախոսության մեջ (52-57 Էջ) եւ սեղմագրում (14-17 էջ), առանց որեւէ տեղ նշելու մեր ազգանունները: Այսինքն, գողանալով մեր գաղափարներն ու հետեւությունները: Հոդվածի համահեղինակ Ա. Հայրապետյանը հայտարարություն է գրել, որ ինքը չի ճանաչում Է. Եղիազարյանին եւ կատեգորիկ դեմ է, որ գրագողը արտագրել է մեր հոդվածն առանց հղումներ անգամ կատարելու: Նա գողացել է նաեւ ռուս կենդանաբան Ս. Կուզմինի «իպՎվՏՉՏՊվօպ ոօՉՔպչՏ հհհՀ» Ծ. 1999թ. հիմնարար գրքից՝ արտագրելով 69 էջ (30-91 եւ 303-307):
Զարմանալի է, բայց դառը փաստ է, որ գրագողը իր շինծու աշխատանքում արտագրել է նաեւ նշված գրքի գրականության ցանկը (էջ 230-393), որը կազմում է 62 էջ (696) անուն գրականություն: Միայն Ս. Կուզմինի գրքից արտագրվածը կազմում է 129 էջ: Գրագողի ատենախոսության «իՈՍս՚փպվՌպ» մասը (էջ 209-227), 18 էջ, որից 16 էջը իր ատենախոսության հետ ոչ մի կապ չունի, եւս արտագրված է:
Գրագողի շինծու ատենախոսության 2-րդ գլուխը «Палеогеографический анализ и вероятные пути формирования современной батрахофауны Кавказа» եւս արտագրված է էջեր սեւացնելու համար: Այդ ուղղությամբ ոչ մի ուսումնասիրություն չի կատարել: Եթե կատարեր, ապա այն պետք է արտացոլված լիներ հրատարակված խղճուկ հոդվածներում:
Եվ Դուք ջանք չեք խնայում գրագողին պաշտպանելու համար: Վերջապես, ԿԳ նախարարի տեղակալին ոչ վայել ստում եք, որ ես իբր թե մասնակից եմ եղել Է. Եղիազարյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության բուն գործընթացին: Պարոն նախարարի տեղակալ, Դուք պետք է արդեն հասկանայիք, որ Է. Եղիազարյանը իր շինծու աշխատանքի պաշտպանությունը ինձնից գաղտնի է պահել: Դուք փորձում եք ինձ գիտնականի էթիկայի դասեր տալ, իսկ ես պատրաստվում եմ Ձեզ պետական աշխատողի բարոյախոսական տարրական նորմերի պահպանման դասեր տալ: Դուք իմ ուշադրությունն եք հրավիրում Է. Եղիազարյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության գործընթացին, տարբեր կարգավիճակներով մասնակից գիտնականների (ընդդիմախոսներ, խորհրդի անդամներ, համահեղինակներ եւ այլն) ցուցակին, Է. Եղիազարյանի ատենախոսության վերաբերյալ նրանց դրական կարծիքներին, հետո նոր միայն կասկածի տակ դնում նրանց ազնվությունը եւ նրանց գիտական կարծիքների ճշմարտությունը: Սարսափելին այն է, որ գրեթե 40 կենսաբան դրական կարծիք են գրել մի գրագողության համար: Ես համարձակ կերպով հայտարարում եմ՝ բոլոր նրանք, ովքեր դրական կարծիք են տվել այդ շինծու աշխատանքին՝ մեղսակից են այդ գիտական հանցագործությանը:
Ես հայտարարում եմ, որ գրագող Է. Եղիազարյանի շինծու ատենախոսության պաշտպանությունը, սկսած ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի կողմից ներկայացնելուց, առաջատար կազմակերպության դրական կարծիքից (Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի էկոլոգիայի եւ բնապահպանության ամբիոն, նախկին վարիչ Ն. Մարգարյան), երեք խոշորագույն գիտնական ընդդիմախոսների եւ, հատկապես, ՀՀ ԳԱԱ առաջատար ակադեմիկոս Մ.Դավթյանի (ով Եղիազարյանի քավորն է) կարծիք տալուց, ԲՈՀ-ի 036 մասնագիտական խորհրդում պաշտպանությունից եւ վերջապես ԲՈՀ-ում երկու մասնագիտությունների գծով (կենդանաբանություն, էկոլոգիա) գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում շնորհելուց, եղել է թատերականացված ներկայացում, որտեղ սցենարը եւ դերակատարները այնպիսի խստությամբ են ընտրվել, որպեսզի կողմնակի ոչ մի մարդ չխառնվի այդ ներկայացմանը, իսկ ԿԳՆ որոշ բարձրաստիճան չինովնիկներ եղել են ներկայացման ծափահարողները: Պարոն ակադեմիկոս, եւ դուք այդ գաղափարներով կառավարում եք ՀՀ ԿԳՆ գիտության բաժինը:
Պատրաստ ենք տպագրել մյուս կողմի տեսակետը նույնպես: