Մինչեւ 1970-ականները Ադրբեջանում բնակվող հայերը տեղացիների հետ ապրում էին համերաշխ, ամուսնանում էին՝ հաշվի չառնելով ազգությունը, կրոնը: Նույնատիպ երեւույթներ կային նաեւ Հայաստանում: Չկար արմատական թշնամանք, երկու ազգերն էլ հավատում էին «ժողովուրդների բարեկամության» լենինյան կարգախոսին:
60-ականներին Հայաստանում գործում էր ընդհատակ՝ հայկական հողերի եւ ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Հիշում եմ՝ 1968թ. Լենինյան քաղմասի մուտքի ճակատին փակցրել էին պաստառ՝ «Թող Հայաստանն անկախ լինի»: Անձնակազմին փոխեցին անփութության համար, թե՝ քնա՞ծ եք եղել, գլխներիցդ մեծ տառերով հակապետական պլակատ են փակցրել ճակատներիդ ու տեղյակ էլ չեք: Թափ առան կոլեկտիվ ցույցերը, միտինգները: Կոլեկտիվները հավաքվում էին կինո «Մոսկվայի» մոտ, հոծ շարքերով շարժվում էին Պրոսպեկտով դեպի Լենինի հրապարակ: Առաջին շարքերում Կույրերի կոմբինատն էր, հետո՝ խուլ ու համրերինը ու մնացած հիմնարկները: Երեւանի միլիցիան ոտքի էր, ինչպես նաեւ եռանիվ սայլակներով մոտոցիկլետները: Իհարկե, չէին նայում՝ կույր, խուլ ու համր, բոլորին գլխի վրա գցում էին սայլակի մեջ ու՝ հայդա:
Այդ ժամանակ Օրջոնիկիձեի միլիցիայի շենքում էին գտնվում «15 սուտկայի» խցերը: Աղջիկ, տղա, կին թե տղամարդ՝ բոլորին անխտիր փակում էին նույն խցիկում, ոմանց ծեծում էին, ոմանք էլ, լավագույն դեպքում՝ պրծնում էին հայհոյանքով, ասես 1905թ. Արյունոտ կիրակին լիներ: Երբեմն խցերում հայտնվում էին թռուցիկ փակցնելու պահին բռնվածները, նրանք չէին հրաժարվում իրենց գաղափարներից ու դատապարտվում էին քաղաքական հոդվածներով, աքսորվում Ուրալ, Նիժնի Տագիլ:
1973թ. հուլիսին Երեւանի կայարանից ինձ հետ միասին «Ստոլիպին» վագոնով Ուրալ ուղարկեցին երկու քաղբանտարկյալների: Հիշում եմ նրանցից մեկի անունը՝ Արշակ: Երկու ամիս ճանապարհ ենք գնացել, պատմում էին իրենց հարցաքննություններից, իրենց նկատմամբ կոմունիստների կիրառած մեթոդներից: Մի օր հարցրի, թե դուք ի՞նչ կարող եք փոխել մի հզոր պետության մեջ, ձեզ կճզմեն, կսպանեն: Նրանցից մեկն ասաց՝ ոչինչ, կմեռնենք, բայց մեր գործը կշարունակվի, կհաղթենք: Հինգ տարի հետո, երբ վերադարձա Երեւան ու քաղաքականությամբ էլ չէի զբաղվում, նկատեցի, որ ժողովրդի մեջ անկախության մասին խոսք չկար: Հասկացա՝ պետությունն այնպիսի վախ է տարածել, որ ոչ ոք չի համարձակվում մտածել այդ մասին: Հայաստանը լռում էր թուրքերի ոճրագործությունների մասին, որովհետեւ կառավարությունը պատժում էր այն հայերին, որոնք համարձակվում էին ծպտուն հանել, իսկ բացարձակ արտահայտվողին դատապարտում էին «Հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա» քաղաքական հոդվածով: Մեկուկես միլիոն հայերին կոտորելու մասին հիշելու համար աքսորելու ու հետապնդելու հետեւանքը Սումգայիթն էր, Կիրովաբադը: Ահա ինչո՞ւ է հոգիս աղմկում. երբ նվիրյալներին բանտեր ուղարկելուց, անպատիժ մնալուց բացի, հիմա էլ կոմունիստների ժառանգներն են տնօրինում մեզնից յուրաքանչյուրի ճակատագիրը: Եթե կհայտնվի մեկը, որը կարդարացնի կոմունիստներին, թե նրանց էլ էին ստիպում, ապա բարբարոս կոմունիստական հասարակարգի զրպարտության համար իմ դատվածություններս թող չեղյալ համարեն գոնե հիմա, ինչը երեսովս են տալիս մինչ օրս: Համոզված եմ՝ չկա եւ չի կարող գտնվել այդպիսի մեկը: Ուրեմն թող զգան իրենց՝ ջրից ափ ընկած ձկան պես: Թող չվիրավորվեն կոմունիստների կամակատարները, որովհետեւ խաբեության փաստը պարզաբանելը վիրավորանք չէ:
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՖՐԱԶԲԵԿՅԱՆ
85 տարեկան, 47 տարիներն անցկացրել է խորհրդային բանտերում, միայն Հայաստանում դատապարտվել է 14 անգամ