Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ

Հունիս 04,2011 00:00

Կալանավորները ջրալի ճաշ են նախընտրում

\"\"

\"\"ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախագահ Կառլեն Թորոսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ՔԿՀ-ներում պահվող \"\"դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացման ուղիներն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք պահանջում են ոչ տիպօրինակ մոտեցումներ. «Շուրջ 10 տարի գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2010թ. հոկտեմբերից, ելնելով իր արտադրական կարողությունների նպատակային եւ արդյունավետ օգտագործման տեսանկյունից, «Էրեբունի» ՔԿՀ-ում իրականացրել է շինանյութերի (ցեմենտբետոնե մեկաղյուսների) արտադրության ուսումնադաստիարակչական դասընթացներ, որին մասնակցել է մոտ 20 դատապարտյալ»,- ասում է Կ. Թորոսյանը, հավելելով, որ նշված դասընթացներն իրականացրել է «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շինանյութերի ամբիոնը:
7 դատապարտյալ ներկայումս, ըստ հիմնադրամի պատասխանատուի, աշխատում է ՔԿՀ արտադրամասում:
Դատապարտյալների հիվանդանոցի 5 դատապարտյալ ընդամենը 1 օր առաջ ստացավ Երեւանի զբոսաշրջության, սպասարկման, եւ սննդի արդյունաբերության պետական քոլեջի ավարտական վկայականներ:
«Մենք տալիս ենք վկայականներ: Երբ դուրս գաք ազատազրկման վայրերից, էլ ձեզ երեսով չեն տա, որ ոչինչ չգիտեք: Դուք մասնագիտություն եք ձեռք բերել եւ կարող եք աշխատանք ունենալ, փոխել ձեր կյանքը»,- ասաց Կ. Թորոսյանը:
Դմիտրի Կլիչկովը «Առավոտին» տեղեկացրեց, որ դատապարտյալների հիվանդանոցի խոհարարն է: Ամենից շատ ի՞նչ են սիրում քո ընկերները, որպեսզի պատրաստես՝ հարցին պատասխանում է. «Լոբի, ոլոռ: Հատկապես ջրալի ճաշեր են նախընտրում»:
Զրուցակցիս մնացել է 10 ամիս, եւ հավատում է, որ ազատվելուց հետո իր կյանքը փոխվելու է:
Վասիլի Նազլուխանյանը հիմնարկի փականագործն է: Ամուսնացած է եւ ունի 1 ամսական երեխա:
«Հիմա մենք զրուցում ենք ազատ եւ ոչ մի հայացք մեզ չի «ուղեկցում», ի՞նչ կուզեիր փոխանցել թերթի միջոցով»- հարցնում եմ նրան: Նազլուխանյանն ասում է, որ ինքը խնդիրներ չունի, երեւանաբնակ է. «Անկեղծ եմ ասում, Հակոբ Պարոնյանի թատրոնում չեմ, որ խաղամ: Շնորհակալ եմ, որ մասնագիտություն ունեցա»:
Դատապարտյալների հիվանդանոցի ավագ խոհարար Աղասի Առաքելյանը մեր դիտարկմանը, թե սովորաբար տղամարդ դատապարտյալներն իրենց պատվից եւ հոգեբանությունից ցածր են համարում տնտեսական գործունեությամբ, խոհարարությամբ զբաղվել, պատասխանում է, որ ինքը միշտ էլ սիրել է զբաղվել իրեն հաճելի գործով: Մեր հարցին, թե ի՞նչ կպատրաստի, երբ պատիժը կրած կլինի, դրսում կլինի, պատասխանում է. «Ուտելու նկատմամբ սեր չունեմ, իսկ ընկերներիս համար կպատրաստեմ մաքուր եւ համով բաներ»:
Նորայր Աղաջանյանը որոշել է այլեւս գողություն չանել: Նա դատապարտվել է մի քանի անգամ գողության համար:
Լրագրողների նման սիրում է գինի խմել: Ու երբ հարցնում եմ, թե ազատվելուց հետո ինչ ուտեստ կպատրաստի լրագրողների համար՝ գինու հետ, անկեղծորեն ասում է. «Ընտիր ձկան բլյուդ»: Նրան մնացել է 3 ամիս, որպեսզի ազատությունը վայելի: Ու երազում է դառնալ՝ «ապագա հայտնի խոհարար»:
Դատապարտյալների հիվանդանոցի ճաշարանի աշխատակից Պյոտր Կռիվովը մեր հարցին, թե ամենից շատ ի՞նչ են սիրում ուտել իր ընկերները, դարձյալ նշում է ոլոռի ու նաեւ փլավի մասին: Նրա տեղեկացմամբ, դատապարտյալները սիրում են խնձորի եւ նռան հյութ:
Նա դեռ 2,5 տարի կմնա «խոհանոցում», մինչ այդ 11 տարի 7 ամիս անցկացրել է ազատազրկման վայրում:
«Առավոտի» հարցին, թե ճաշարանի աշխատողն արտոնություն ունի՞ մնացած դատապարտյալների նկատմամբ, պարզվում է՝ ոչ, տեսակցությունները տրվում են ինչպես բոլոր դատապարտյալներին, հանձնուքները՝ նույնպես:
Կառլեն Թորոսյանը տեղեկացնում է, որ 2 ամիս է, ինչ ուսումնադաստիարակչական դասընթացներ են անցկացվում «Վանաձոր» ՔԿՀ-ում, որտեղ 21 դատապարտյալների եւ Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարանի մանկավարժները 2 առանձին խմբերով դասավանդում են փայտամշակում եւ խոհարարություն: Ինչպես ասում են, պառկելով կամ գողությամբ փոր չի կշտանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել