Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ ԹՈՒՂԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հունիս 04,2011 00:00

Երեկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք մուտք գործելու համար պետք էր հաղթահարել արտասահմանյան մակնիշի մեքենաների բազմությունը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հանդիպում էր կազմակերպել Լոռու մարզի գործարարների հետ, որ նրանց իրազեկեր վերջին փոփոխություններին ու հարկային դաշտի բարեփոխումներին:
Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված են 14 հազար հարկ վճարողներ, որից փաստացի գործունեություն իրականացնում է 3400-ը: 330-ը ավելացված արժեքի հարկ վճարողներ են, 1467-ը՝ ավելացված արժեքի հարկ չվճարողներ:
Պաշտոնյաներին լսելուց հետո մարզի գործարարներն իրենց մտահոգությունները բարձրաձայնեցին: «Սզնի» դեղատան տնօրենին հետաքրքրում էր ՀԴՄ կտրոնի թանկացումը, այն 120 դրամից հասավ 320 դրամի: Ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի, այս թղթի թանկացման պատճառը արտոնագրումն է. «կտրոնը դարձրինք խաղարկելի, վրան թիվ գրեցինք եւ հաշվառեցինք, որի պատճառով գինը բարձրացավ»:
Հիշեցնենք, որ, ըստ համառ լուրերի, ՀԴՄ-ների համար Հայաստան թուղթ ներմուծող միակ «Ալեքսերվ» ընկերությունը պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:
«Բետոն» արտադրական կոոպերատիվը 1988թ.-ից երկաթբետոնե կոնստրուկցիաներ՝ ծածկի սալեր եւ երկաթգծի հիմնաքարեր է արտադրում. «Հարկային դաշտի միջով անցել եմ գորբոչովյան ժամանակներից սկսած, հարկային դաշտի փոփոխությունը հոգուն վրա հասավ, ահավոր հիասթափություն էի ապրում նման հարկման ձեւից, երբ ամենակարեւորը հարկելն էր, ոչ թե արտադրելը»,-ասում է ընկերության նախագահ Դավիթ Կլեկչյանը:
Իսկ ահա Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում վստահ են, որ գրանցվող բարեփոխումների իրական եկամուտները թաքցնողներ դեռ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել