Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2010-ին եւ 2011-ին տպագրված 9 գրքի եւ մեկ ձայնասկավառակի շնորհանդեսը: Ութ գիրք գիտական, ուսումնական, տեղեկատվական է՝ «Արեւմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ», «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում», «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը», «Հայկական համայնքը ԱՄՆ-ում» եւ այլն: Մեկ գիրքն ու ձայնասկավառակը Ռուբեն Սեւակի ստեղծագործություններն են:
Ըստ օրվա բանախոսների, այս գրքերը Հայաստանի՝ պետական մակարդակով հետաքրքրվածությունն է սփյուռքի նկատմամբ ու նաեւ տեղեկատվական հիմք՝ ինչպես Սփյուռք-Հայաստան, այնպես էլ սփյուռքի տարբեր հատվածների միջեւ կապի համար: Նախաձեռնության մասնակիցները վստահ են, որ գրքերը հնարավորություն կտան նոր հարցեր առաջ քաշել եւ լուծումներ գտնել:
Բանախոսները վստահ են, որ այս ամենից բացի, գրքերը քաղաքական եւ քարոզչական նպատակների են ծառայելու: