Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործ բժիշկներ՝ պետության հաշվին

Հունիս 04,2011 00:00

\"\"Բժիշկները բողոքում են սարքավորումների բացակայությունից,  հիվանդները՝ դեղերի անորակությունից

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հանդիպումը առողջապահական հիմնարկների տնօրենների հետ՝ նպատակ ուներ վեր հանել այն խնդիրները, որոնք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել էին:
Մարզի ղեկավարը դժգոհ է հատկապես առողջապահական հիմնարկների տնօրենների ու գլխավոր բժիշկների բացակայությունից, կարեւոր խնդիրներից է համավճարից բնակչության անտեղյակությունը: Բժիշկները հիվանդին չեն տեղեկացնում համավճարի մասին, ու արդյունքում բժիշկը բարեգործ է դառնում: «Եթե 160 հազար դրամ է կազմում վիրահատությունը, 100-ը պետության հաշվին է, սակայն հիվանդը անտեղյակ է եւ օրհնում է բժշկին»,- ասում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:
Բուժհաստատությունների գրանցամատյաններում էլ փնթիություն է: Թիվ 4 պոլիկլինիկայում վերջին գրառումը կատարվել է անցած տարվա նոյեմբերի 8-ին:
Բուժհաստատություններով շրջած մարզպետը դժգոհ է վիճակից եւ խոստանում է էլի այցելել: «Շատ տհաճ բաների ականատես եղանք: Ավելի խիստ ենք լինելու: Եթե դիտողություն անեմ որեւէ բժշկի կամ տնօրենի, դրանից հետո տեսնեմ հետեւություններ չեն արել, շատ խիստ եմ վերաբերվելու»,- ասաց մարզպետը:
Այսօր վերանորոգման կարիք ունեն Վանաձորի գրեթե բոլոր բժշկական հաստատություններն ու ճանապարհները: Վերջին մեկ տարվա ընթացքում վերանորոգվել է թիվ 3 համաբուժարանը: Շուտով Վանաձորում բժշկական համալիր- կենտրոն կստեղծվի, որտեղ կմիավորվեն 2 հիվանդանոցները: Այս առթիվ Արամ Քոչարյանը նկատեց. «եթե պետությունը լրացուցիչ ֆինանսական հոսքեր է տրամադրում ծառայության որակը բարելավելու ուղղությամբ, ուրեմն մենք պարտավոր ենք գիտակցորեն մոտենալ»:
Վանաձորի պոլիկլինիկաներից անվճար դեղորայք ստացողները բողոքում են դեղորայքի ուշացումներից եւ անորակ լինելուց: Պետական առողջապահական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պետ Սարգիս Ամիրյանը կարծում է, որ բողոքը չափազանցված է, նման առանձին դեպքեր միայն կարող են լինել: «Մենք ավելի շատ գումար չունենք, որ հայրենական արտադրությունը փոխենք, արտասահմանյան դեղեր գնենք»,- ասում է Սարգիս Ամիրյանը:
Իսկ մարզի բժիշկներին մտահոգում էր բուժտեխնիկայի բացակայությունը: Շատ դեպքերում սարքավորումներ չունենալու պատճառով հիվանդները գնում են մայրաքաղաք: Ե՞րբ կլուծվի այս հարցը՝ դեռ պարզ չէ, բայց հայտնի է, որ այս ամիս Լոռու մարզը շտապօգնության նոր մեքենաներ կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել