Կապանի մանկապարտեզներում կան գերհագեցած խմբեր, տեղ-տեղ չկան մահճակալներ, ըստ ծնողների էլ՝ երեխան դաստիարակներից վատ բառեր է սովորում:
Սյունիքի մարզկենտրոն Կապանի մանկապարտեզներում վերջերս դրամահավաք է տարածվել ու հարուցել կապանցի ծնողների դժգոհությունը: «Ամբողջ տարվա ընթացքում գրենական պիտույքների, նվերների եւ այլնի համար գումար են հավաքում կամ տներից օճառ, մաքրող փոշիներ կամ այլ բաներ պահանջում, իսկ այժմ էլ տարեվերջյան դրամահավաքություն ավարտական խմբերում՝ թանկարժեք նվերներ առնելու համար»,- դժգոհում են ծնողները:
Կապանի մանկապարտեզներից մեկի ավարտական խմբի երեխաներից 3500-ական դրամ են հավաքել, որով պետք է հեռուստացույցի տակդիր գնեին, սակայն այս գումարով չեն բավավարվել եւ լրացուցիչ գումար էլ հավաքել են մանկապարտեզի աշխատակիցների համար նվերներ գնելու նպատակով: Ինչպես ծնողներն են ասում, իրենք դեմ չեն մանկապարտեզին օգնելուն, երեխաների համար անհրաժեշտ իրեր ձեռքբերելուն, բայց խոստովանում են, որ պարբերական ու պարտադիր դրամահավաքությամբ արդեն չարաշահվում է ծնողների համբերությունը: «Ամեն օր երեխային ասում են՝ վաղը 200 դրամ կբերես, էսքան գումար կբերես, տնից օճառ բեր, զուգարանի թո՞ւղթ ես բերել, որ զուգարան ես ուզում գնալ եւ այլն: Էլ չեմ խոսում դաստիարակների վերաբերմունքից ու գործածած բառերից, ուղարկում ենք մանկապարտեզ կրթելու համար, բայց դաստիարակներից վատ բառեր սովորած տուն է գալիս»,- ասում է ծնողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Դաստիարակների վերաբերմունքից շատերն են դժգոհ: Իսկ վերջերս էլ լավագույն մանկավարժի կոչմանն արժանացած մանկավարժի վերաբերմունքից դժգոհ ծնողներն իրենց երեխային հանել են մանկապարտեզից:
Կապանի մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքի մասին մեր հարցին ի պատասխան, Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը նշեց, որ քաղաքի մանկապարտեզներում արգելվում է դրամահավաքը եւ դրա մասին գիտեն բոլոր մանկապարտեզներում: «Չի թույլատրվում գումար հավաքել: Եթե նախկինում ֆոնդի համար 100-ական դրամ էր հավաքվում, ապա Կապանի քաղաքապետի որոշմամբ՝ այդ գումարը քաղաքապետարանն է հատկացնում եւ արգելվեց նույնիսկ այդ գումարը հավաքել: Մանկապարտեզները հովանավորներ ունեն եւ կրթարանի համար անհրաժեշտ իրերը ձեռք է բերվում հովանավորների աջակցությամբ: Իսկ եթե գումարներ են հավաքվում եւ կան դժգոհություններ, թող ծնողներն անպայման դիմեն մեզ»,- տեղեկացնում է տիկին Սիմոնյանը:
Կապանում 12 մանկապարտեզ կա՝ 1350 երեխայով: Վերջին տարիներին նրանց թիվը ավելացել է ու մանկապարտեզները սկսել են գործել գերհագեցած խմբերով: Որոշ մանկապարտեզներում մահճակալներ դնելու տեղ չկա, ուստի եւ կան երեխաներ, որ քնելու տեղ չունենալու պատճառով, ծնողների համաձայնությամբ, մանկապարտեզում չեն քնում: «Նոր մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտություն կա: Գրեթե բոլոր մանկապարտեզներում կան գերհագեցած խմբեր: 2002 թվականին, երբ ստանձնեցի պաշտոնս՝ 600 երեխա էր հաճախում, իսկ այժմ՝ 1350 երեխա կա»,- ասում է Անուշ Սիմոնյանը:
Կապանի մանկապարտեզի վարձավճարը մեկ երեխայի համար ամսական չորս հազար դրամ է: Սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների երեխաների համար զեղչեր են սահմանվել: