«Երբ հարյուրավոր մարդկանց հերթ է գոյանում՝ մեր աշխատակազմը ֆիզիկապես հնարավորություն չունի բոլորին միաժամանակ սպասարկելու: Բոլորին թվում է, որ իր բիզնեսն առավել է, քան մյուսինը, բոլորը գալիս են եւ հերթ է գոյանում, ուզում են իրենց գործն արտահերթ մտցնեն: Ասում են՝ հենց հիմա եկել ենք, հենց հիմա էլ պետք է մեր գործն անեք: Ամենավերջին րոպեին են գալիս եւ ուզում 10 րոպեում իրենց հարցին լուծում տալ, որովհետեւ, օրինակ, արտասահմանում իրենց գործընկերները սպասում են»,- երեկ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Սննդի անվտանգության ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են սննդամթերքի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող գործարարները խնդիրներ ունենում Սննդի անվտանգության տեսչության հետ եւ ստիպված լինում օրերով սպասել ընդունելության: Նշենք, որ սննդի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող գործարարներն օրերս դիմել էին մեր թերթին՝ դժգոհելով Գ. Գրիգորյանի անընդհատ զբաղված լինելուց եւ իրենց անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չտրամադրելուց («Ես շատ զբաղված եմ», 01.06.2011): Պարոն Գրիգորյանի խոսքերով, նախկինում, ըստ կանոնակարգի, 15 օր առաջ սնունդ արտահանող կազմակերպությունները պետք է տեղեկացնեին արտահանման մասին, սակայն հիմա այդ կարգը վերացվել է. «Մենք ամենեւին էլ չենք ուզում ոչ մեկի գործին վնասել, դրա համար էլ դիմելու ենք կառավարություն, որպեսզի կարգը վերականգնվի եւ արտահանվող խմբաքանակի մասին մեզ 15 օր առաջ տեղեկացվի: Պատկերացրեք՝ 45 դիմողի նույն ժամանակում Երեւանի 4 տեսուչ չի կարող սպասարկել: Եթե մեր ցանկությունով լիներ, մենք կունենայինք բավականին լուրջ քանակի աշխատակիցներ, սակայն պետբյուջեով հաստատված է 4 աշխատակցի ֆինանսավորում: Ես աշխատանքի եմ ընդունվել, երբ արդեն աշխատակիցների ցանկը հաստատված էր ու հիմա չեմ կարող թողնել ամբողջ աշխատանքը եւ զբաղվել աշխատողների քանակի հարցով: Կան անհետաձգելի խնդիրներ, օրինակ՝ հենց այսօր էլ գնացել ենք Մասիվի շուկա եւ կասեցրել գործունեությունը, որովհետեւ խախտումներ ենք հայտնաբերել՝ մսի եւ պանրի շուկաներում, հակասանիտարական պայմաններ էին: Ամբողջ շուկայի գործունեությունն է կասեցվել եւ 7 օր ժամկետ է տրվել թերությունները վերացնելու համար»:
Մեր այն հարցին, թե 5 ամիսը բավական չէ՞ր թերությունները նկատելու եւ ավելի վաղ կառավարություն դիմելու համար (այս ծառայությունը սկսել է գործել այս տարվա սկզբից), որպեսզի նոր կանոնակարգ հաստատվի, նա պատասխանեց. «Ես աշխատում եմ այս պաշտոնում ապրիլի 8-ից»: