Զվարճանքի օբյեկտի տերերն իրենց տանը հանգիստ քնում են, իսկ ուրիշի հանգիստը՝ քթից բերում
Տասնյակ տարիներ է՝ երեւանցիները բողոքում են մայրաքաղաքի զվարճանքի օբյեկտներից, սրճարաններից, ռեստորաններից եւ կարաոկե ակումբներից հնչող բարձր երաժշտության աղմուկից, սակայն մինչ օրս այդ հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Եվ, թերեւս, չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ դրանց տերերը՝ օլիգարխներ, պատգամավորներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց համարում են անպատժելի եւ արտոնյալ: Եթե անգամ «ժողովրդի ձայնը» տեղ է հասնում եւ համապատասխան մարմինները ուսումնասիրում են եւ պարզում, որ, իսկապես, ձայնը գերազանցում է սահմանված նորմը, ապա տուգանքի չափն այնքան քիչ է կազմում, որ այս կամ այն օբյեկտի տերը այդ պատժից առանձնապես չի նեղվում, հետեւաբար չի էլ սթափվում:
Կորյունի 5 հասցեում գործող «Ռանդեւու» կարաոկե ակումբը արդեն քանի տարի է՝ շենքի բնակիչներին հանգիստ չի տալիս: Շատերն անգամ աղմուկի պատճառով իրենց բնակարաններն են «ջրի գնով» վաճառել ու հեռացել, միայն թե այլեւս չլսեն կարաոկեից շա՜տ բարձր լսվող երաժշտության ձայնը:
Քաջազուն Պետրոսյանը, որի բնակարանը գտնվում է «Ռանդեւու» կարաոկեի անմիջապես վերեւի հարկում, դեռ շարունակում է պայքարը: Նա տարիներ ի վեր բողոքում է տարբեր ատյաններ, սակայն մինչեւ կեսգիշեր ակումբից հնչող բարձր երաժշտության ձայնը նույնիսկ չեն մեղմացնում: Ակումբի ձեռքը կրակն ընկած բնակիչը 2009-ին դիմել է նաեւ տարածքային կառավարման նախարարություն, որն էլ իր հերթին հարցում է արել Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը պատասխանել է, որ, այո, տուգանել են եւ ակումբի տնօրինությանը առաջարկել են կատարել ձայնամեկուսացման եւ երաժշտական սարքավորումների կարգավորման ու երաժշտության ձայնի բարձրացման հնարավորությունը սահմանափակելու աշխատանքներ: Ընդ որում, տնտեսվարողը տուգանվել էր ընդամենը 50 հազար դրամով: Քաղաքապետարանն այդ ժամանակ նախարարությանը վստահեցրել էր, որ տնտեսվարող սուբյեկտը իրենց դիտողությունները հաշվի է առել, այսինքն՝ խախտումները վերացրել է:
Այնինչ, բնակչի դիմումի համաձայն, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը այս տարվա հունվար ամսին մի քանի անգամ եւ տարբեր ժամերի ստուգումներ է անցկացրել եւ պարզել, որ Կորյունի 5 շենքի 17 բնակարանի հյուրասենյակում աղմուկի համարժեք մակարդակ սահմանված սանիտարական նորմերը գերազանցված են: Տեսչությունը, իրեն վերապահված իրավունքների շրաջանակում, կարաոկեի սեփականատիրոջն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել ակումբի գործունեությունը, մինչեւ խախտումների վերացնելը եւ աղմուկը սահմանված նորմերին համապատասխանեցնելը: Մինչդեռ, ակումբը մինչ օրս շարունակում է նույն գործելաոճով աշխատել եւ, ըստ բնակչի, ոչ մի օր չի դադարեցրել ոչ աղմուկը, ոչ էլ ակումբի գործունեությունը:
Քաջազուն Պետրոսյանի խոսքերով՝ «Ես 3 տարի պայքարում եմ, ակումբի ղեկավարությունն էլի նույն բանն է անում: Բազմիցս դիմել եմ ոստիկանություն եւ տարբեր ատյաններ: Տնօրենն ամեն ինչ անում է, որ ես էլ, մյուս հարեւանների պես, հիասթափվեմ ու բնակարանս վաճառեմ: Ընդ որում, ինքն է աչք դրել բնակարանիս վրա ու կարծես թե դիտավորյալ աղմուկը չի վերացնում, որ իր ուզած գնով վաճառեմ իրեն: Աղմուկի պատճառով բնակարանի գինն էլ է ընկնում: Արդեն քանի տարի է, չենք կարողանում նորմալ քնել: Բավական չէ, մինչեւ գիշերվա 12-ը բարձր երաժշտություն են միացնում, 12-ից հետո էլ հաճախորդները դուրս են գալիս եւ մի 30 րոպե էլ էլի աղմուկով ու բարձր գոռգոռալով իրար հաջող են անում»:
Ուշագրավն այն է, որ ակումբի տնօրինությունը դատի է տվել հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը, վերջինս էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել: Մինչ դատարանը կպարզի, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, բնակիչը, ինչպես ինքն է ասում՝ կաթվածահար կլինի:
Այն, որ ակումբներից ու սրճարաններից հնչող բարձր երաժշտությունն իսկապես խնդիր է, մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ Երեւանի քաղաքապետարանից. «Օրենքի թերության պատճառով այս խնդիրը լիարժեք չի լուծվի: Ուստի մենք առաջարկել ենք փոփոխություն կատարել օրենքում: Օրինակ՝ եթե տարվա ընթացքում տնտեսվարողը որոշակի քանակի խախտումներ կատարի՝ լիցենզիան հետ կվերցնենք: Ներկայիս տուգանքի չափն էլ բավարար չէ՝ խնդիրը վերացնելու համար»:
Մի հավելում եւս. ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի առեւտրին եւ ծառայություններին վերաբերող 180-րդ հոդվածն ասում է՝ լռության խախտումը գիշերը ժամը 22-ից մինչեւ առավոտյան 6-ը, այսինքն՝ բարձր երգելը, երաժշտական գործիքներով նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, մագնիտաֆոնից, ռադիոյից եւ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում, բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում, բնակելի տարածքներում, առաջացնում են նախազգուշացում կամ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով: