Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ղարաբաղյան գործընթացում «ճեղքման դրական նշաններ» է տեսնում՝ միաժամանակ ողջունելով Ադրբեջանի «վճռական եւ լավատեսական» դիրքորոշումը հակամարտության առնչությամբ: «Ազատություն» ռ/կ-ն, մեջբերելով թուրքական Zaman պարբերականից, տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը Հռոմում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հայտնել է, որ հնարավորություն է ունեցել ողջունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ավտոբուսում, որով նրանք վերադառնում էին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված հանդիսությունից: Միաժամանակ, նա նշել է, թե ավելի շատ ժամանակ տրամադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցին՝ հնարավորություն ունենալով քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի «որոշ մանրամասներ»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, թե հույսեր է կապում նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպման հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, ծրագրվում է հունիսի 25-ին: