Կուսակցության ղեկավարը վստահ է, որ առաջիկա ընտրություններում իրենք 15-20 տոկոս ձայն կհավաքեն:
«Մեզ համար շատ կարեւոր են ընտրությունների բնույթը եւ որակը, քան դրանց արտահերթ կամ հերթական լինելը: Դա պետք է այսօր հռչակվի թիվ մեկ խնդիր, եւ առաջիկա ընտրությունները պետք է իրենց որակով էականորեն տարբերվեն նախորդներից»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով արտահերթ ընտրությունների կայացման հնարավորություններին՝ ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: Ընդ որում, մեր զրուցակիցը, ով մասնագիտությամբ պատմաբան է, խորհուրդ է տալիս չսարսափել արտահերթ ընտրություններից: Իսկ նմանատիպ հայտարարություններ իշխանական ճամբարից հաճախ հնչում են, թե՝ արտահերթ ընտրությունները կվնասեն մեր պետության հեղինակությունը, կխարխլեն պետականության հիմքերը եւ այլն: «Արտահերթ ընտրություններ անցկացվում են եվրոպական շատ երկրներում՝ ելնելով տվյալ պահին ստեղծված քաղաքական իրավիճակից, հասարակական պահանջարկից, երկրի առջեւ կանգնած խնդիրների լուծման հնարավորություններից: Արտահերթ ընտրությունները սովորական բան են, դա մեզ մոտ է, որ էսպես զարմացած են նայում, արտառոց բան են համարում, եւ որեւէ կապ չկա երկրի իմիջի կամ պետականության հիմքերի հետ»,- ասում է Մովսես Շահվերդյանը՝ հիշեցնելով ընդամենը մեկ տարի առաջ Անգլիայում Թոնի Բլեերի նախաձեռնությամբ անցկացված արտահերթ ընտրությունները, որտեղ դարձյալ նրա ղեկավարած կուսակցությունը հաղթեց, բայց պահը նման անհրաժեշտություն էր առաջ քաշել, եւ դա ի կատար ածվեց: Միաժամանակ, նա նաեւ կարծում է, որ արտահերթ ընտրությունների գաղափարը մեզ մոտ դարձել է «քաղաքական քմահաճություն»՝ եւ պահանջողներն են քմահաճույքի դիրքերից նայում, եւ մերժողները: Բայց նկատի ունենալով քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին՝ ՀՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, Մովսես Շահվերդյանն օրախնդիր չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, մանավանդ, որ հերթականին բան էլ չի մնացել. «Եթե այս երկու ուժերը պետք է որոշեն, եթե այդ երկու ուժերի միջեւ պետք է ընտրություն կատարվի՝ դա ճիշտ մոտեցում չէ եւ չի համապատասխանում մեր պետական շահերին, դա կլինի ընտրություն սեւի ու սպիտակի միջեւ: Բայց եթե ընտրություններին մասնակցեն որոշակի գաղափարախոսություն ունեցող ուժեր, եթե ապահովված լինի քաղաքական ծրագրերի եւ գաղափարների ողջ ներկապնակը՝ ճիշտ կլինի»: ՀԱՍԿ առաջնորդի գնահատմամբ, այդ դեպքում ընտրություններին կմասնակցեն 6-7 ուժեր, որոնց, սակայն, նախապատրաստվելու եւ դրսեւորվելու ժամանակ պետք է տրվի: Այսինքն՝ որոշում կայացնելուց առաջ մի լավ «ծանր ու թեթեւ պետք է անել» եւ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել հետագա գործընթացներին, ընտրել ճանապարհ, որը կտանի պետության խնդիրների լուծմանը եւ ոչ թե նորից առանձին քաղաքական ուժերի: Համենայնդեպս, նրա կանխատեսմամբ, առաջիկա ընտրություններին կմասնակցեն այն ուժերը, որոնք մասնակցում էին Երեւանի ավագանու ընտրություններին, եւ էլի մեկ-երկու ուժ: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը եւ տպավորիչ արդյունքներ չգրանցելը ՀԱՍԿ-ականներին չի վհատեցրել: Կուսակցության ղեկավարը պատճառաբանում է, որ ավագանու ընտրություններին մասնակցելն ընդամենը նպատակ ուներ դաշտում «վերակենդանացնել» ՀԱՍԿ-ին. «Մենք ծախսեր չարեցինք, ակտիվություն չդրսեւորեցինք, ընդամենը «ներկա» ստացանք եւ ուսումնասիրեցինք ընտրությունների գործող մեխանիզմը: Դրանից որեւէ եզրակացություն անել պետք չէ, դա մտածված էր, կանխատեսելի էր: Մենք մեր ուժերը չէինք մոբիլիզացրել, ռեալիզացրել»:
Այժմ, սոցիալական սրված այս իրավիճակում, երբ անգամ լիբերալներն են այդ խնդիրներին շեշտադրում անում, նա չի պատկերացնում, որ հանրապետությունում չգտնվեն 15-20 տոկոս ընտրողներ, ովքեր ձայնը կտան սոցիալիստական ուղղվածությամբ ուժին: