Թերթերի դեմ հաճախակիացած հայցերի առնչությամբ այս հարցադրումներն է հնչեցնում «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:
«Քաղաքացիական օրենսգրքում» 2010 թվականի մայիսի 18-ին կատարված փոփոխություններով ու լրացումներով, որոնցով սահմանվեցին վիրավորանքի եւ զրպարտության միջոցով «պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»՝ ըստ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի, թիրախ դարձավ հատկապես տպագիր մամուլը. «Առաջին հայացքից՝ ճիշտ էր, որ վիրավորանքի եւ զրպարտության համար չլիներ քրեական հետապնդում: Բայց մյուս կողմից՝ հատկապես լրատվամիջոցների նկատմամբ այն հոսքը եւ պահանջները, որոնք արձանագրվեցին դատարաններում՝ ծնում են կասկածներ, թե ինչու է նման գործընթաց սկսվել Հայաստանում: Իմ համոզմամբ՝ այսպիսով ուզում են լուծել տպագիր մամուլին սաստելու եւ իր տեղը ցույց տալու խնդիր: Եվ հարց է առաջանում, թե արդյոք մեր պետությունում այդ աստիճանի՞ են պատվի եւ արժանապատվության խնդիրները դարձել գերակա, որ ընթանում է նման գործընթաց: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ կամ ճանաչված անձինք միմյանց վիրավորում են, զրպարտում, անպատվում: Բայց այս ամենի առնչությամբ չի ծագում պատասխանատվության խնդիր: Այսինքն՝ այս փոփոխությունները կարծես վերաբերում են միայն տպագիր մամուլին, այլ ոչ թե նաեւ հեռուստաընկերություններին, շարքային քաղաքացիներին, այսինքն՝ բոլորի՛ն»:
Տիգրան Տեր-Եսայանի քննադատությանն արժանացավ այն երեւույթը, որ դատարանները մինչ այժմ ընդունել են լրատվամիջոցների դեմ հայցերի բոլոր պահանջները, որոնք կարող են լինել անգամ 4-5-ը. «Անձինք փորձում են իրենց իրավունքները վերականգնել, քանի որ համարում են, թե իրենց վիրավորել ու զրպարտել են: Բայց զրպարտությունն ու վիրավորանքը շաղկապված են՝ եթե մարդուն զրպարտել ես, բնականաբար՝ նաեւ վիրավորանք ես հասցրել: Եվ դրանք միասին՝ մի տողով պիտի գրվեին, ոչ թե առանձին հոդվածներով: Օրենքով նախատեսված է, որ զրպարտության համար կարող է սահմանվել փոխհատուցում մինչեւ 2 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ մինչեւ 1 մլն դրամ: Հիմա մի հայցադիմումում երկու պահանջներով՝ զրպարտության եւ վիրավորանքի համար այս 3 միլիոն դրամին գումարում են նաեւ դատական ողջամիտ ծախսերի համար գումարը: Եվ հավելվում է նաեւ 4-րդ պահանջը, որ հերքում էլ տպագրվի»:
Հարցին, թե ինչու են դատարանները հակված բավարարել այդ հայցերը, որոնք ներկայացնողները բոլորը օրենքով նախատեսված առավելագույն գումարներն են պահանջում՝ մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Այ, հենց դա էլ կասկած է առաջացնում, որ նպատակը միայն թերթերին լռեցնելն է»: Հիշեցրեց նաեւ «Զանգվածային լրատվության» մասին օրենքի 8-րդ հոդվածը, ըստ որի՝ հրապարակման մեջ տեղ գտած փաստական անճշտությունների դեպքում կարող են դիմել լրատվական գործունեություն իրականացնողին՝ պահանջելով հերքում կամ իրենց պատասխանի հրապարակում: Մեր դիտարկմանը, թե որոշ թերթեր հրաժարվում են տրամադրել պատասխանի հնարավորություն՝ պրն Տեր-Եսայանն արձագանքեց, թե այդ դեպքում իրավունք ունեն դիմել դատարան, եւ վերջինս անպայման պետք է պարզի՝ արդյոք մինչ այդ դիմե՞լ են լրատվամիջոցին՝ պատասխանի կամ հերքման պահանջով: Նաեւ նկատեց, թե զարգացած ժողովրդավարական պետություններում շատ անգամ բավարար են համարում միայն հերքումը:
«Հարց է՝ այդ հայցվորները ցանկանում են իրենց իրավունքնե՞րը վերականգնել, փո՞ղ աշխատել, թե՞ տպագիր մամուլին պատժել»,- մեր զրուցակցի առաջադրած այս 3 տարբերակներից առաջինի բացառման օգտին է վկայում այն հանգամանքը, որ հայցվորներից որեւէ մեկը չի փորձել խորհրդանշական 1 դրամ տուգանք պահանջել՝ կարեւորելով զրպարտության եւ վիրավորանքի փաստի դատարանով ամրագրումը, այլ ոչ թե փող աշխատելը կամ ԶԼՄ-ին սնանկացնելը: «Չկա՛ որեւէ հայց, որտեղ թեկուզ 500 հազար դրամ պահանջած լինեն,- նկատեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը:- Նույն առավելագույն սանդղակով պահանջներն են ներկայացվում նաեւ դատական ծախսերի փոխհատուցման դիմաց: Սա եւս մի ապացույց, որ ե՛ւ դատարանը, ե՛ւ դիմումատուներն ունեն ոչ թե իրավունքի վերականգնման, այլ ֆինանսական հարված հասցնելու նպատակ: Այսինքն՝ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման խնդիրը լուծելով՝ առաջացել է մեկ այլ բարդ խնդիր»:
Այն, որ իրոք կա նման խնդիր՝ իրենց զեկույցներում նշում են լրագրողական եւ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, ըստ որոնց՝ անհամաչափ տուգանքները կիրառվում են մամուլի քննադատական ձայնը լռեցնելու համար: Սակայն Տիգրան Տեր-Եսայանն առիթներ ունեցել էր միջազգային կազմակերպությունների մի շարք փորձագետների հետ զրուցելու այս հարցերի մասին եւ փոխանցեց. «Նրանք ասում են, թե սա այնուամենայնիվ դրական գործընթաց է: Այս մեկնաբանությունը նրանց մատուցել են իշխանության ներկայացուցիչները, եւ շատ փորձագետներ այն հրապարակավ կրկնում են, թե նախկինում տեղի էին ունենում ոտնձգություններ լրագրողների նկատմամբ՝ խփում-փախչում էին, իսկ հիմա դատարան են դիմում: Հարցնում են՝ ո՞րն եք ուզում, էլի գլուխնե՞ր ջարդվեն: Ուստի միջազգային ատյանների որոշ պաշտոնյաներ համարում են, թե այժմ կատարվողը բնականոն է: Սակայն այստեղ մի նրբերանգ կա՝ քանի որ թերթերի դեմ հայցերի մեծ մասի հեղինակներն իշխանության ներկայացուցիչներ են՝ փաստորեն իշխանավորներն ընդունում են, որ մինչ այսօր հրապարակումներին պատասխանել են ֆիզիկական ոտնձգություններով, իսկ հիմա կիրառում են այլ պատժամիջոց»:
Նկատի ունենալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը, թե քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը նշեց. «Տուգանքների հետ կապված էլ պիտի հաշվի առնվի, թե դիմումատուն ով է եւ հասարակության մեջ ինչ դեր ունի: Եթե, ասենք, նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կամ ԱԺ պատգամավոր՝ նրանց դեպքում տուգանքներն այնչափ մեծ սահմանելը եւ հաշվի չառնելը, որ դա կհանգեցնի լրատվամիջոցի սնանկացմանը՝ իրավունքի խախտում է: Մեկի իրավունքի վերականգնումը չպիտի հանգեցնի մյուսի իրավունքի խախտման»: Ի դեպ, նշենք, որ «Քաղաքացիական օրենսգրքում» 2010-ի մայիսին արված լրացմամբ՝ 1087.1-ի հոդված 11-րդ մասի համաձայն. «Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները», ներառյալ նաեւ «վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը»: Օրենքի պահանջ, որն առայժմ երբեք հաշվի չեն առել մեր դատարանները. «Սա էլ վերջին ապացույցը, որ հիմնավոր են կասկածները, թե հարվածն ուղղված է հատկապես թերթերի գործունեության դեմ»: