Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԳՈՎՈՒՄ Է

Հունիս 04,2011 00:00

\"\"«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց 2008-ի մարտյան իրադարձությունների հետաքննության վերսկսումը: «Կարծում ենք, որ իրապես շատ կարեւոր է նաեւ իշխանությունների որոշումը՝ թույլատրել մարդկանց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ, որտեղ նրանք ուզում են դա անել»,- ասաց դեսպանն ու հետեւյալ ընդհանրացումն արեց. «Այս բոլոր զարգացումներն ու մարտի 1-ի գործով ընթացող քննության վերսկսումը շատ կարեւոր են ոչ միայն Հայաստանի պատմության այդ շատ դրամատիկ շրջանի բուն հանգամանքները պարզելու, այլեւ այն տեսանկյունից, որ դա հայաստանցիներին հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել՝ հետագայում դրանցից խուսափելու համար»: Իսկ նման սխալներից խուսափելու համար, օրինակ, ըստ դեսպանի, հարկ է օգնել ոստիկանությանն ու պետական այլ մարմիններին՝ համապատասխան վարժանքների միջոցով հանրահավաքների անվտանգ կառավարման հմտություններ ձեռք բերել: «Հանրահավաքներ տեղի են ունենում բոլոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Երբեմն իրադարձությունները զարգանում են ոչ լավագույն սցենարով, եւ նման հանգամանքներում ոստիկանությունը պետք է կարողանա ապահովել ե՛ւ ցուցարարների, ե՛ւ շրջապատում գտնվող անձանց անվտանգությունը»,- ասաց Մարի Յովանովիչը: «Ընտրական օրենսգրքի» փոփոխման վերջին գործընթացը որոշակիորեն ավելի բաց ու թափանցիկ էր: Չէի ասի, թե դա գերազանց գործընթաց էր, բայց, համեմատած նախկինում եղածների հետ, փոքր-ինչ ավելի բաց էր ու ինչ-որ հույսեր է ներշնչում»,- շարունակեց Մարի Յովանովիչը՝ ընդգծելով, թե առավել կարեւորը տվյալ պարագայում այն է, թե գործնականում ինչպես կյանքի կկոչվի այդ օրենսգիրքը:
Դեսպան Յովանովիչը հունիսին ավարտում է իր եռամյա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ վերադառնալու է Վաշինգտոն՝ ստանձնելու պետքարտուղարի՝ Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել