Լրահոս
Օրվա լրահոսը

«1998-2007թթ. Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»

Հունիս 04,2011 00:00

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցից:

– Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Այն բանից հետո, երբ Դուք հաստատեցիք այդ հանդիպման փաստը, որոշ ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ բացասական հրապարակումներ, այնուհետեւ ռուսաստանյան կայքերից մեկը, վկայակոչելով անանուն աղբյուրին, տեղեկատվություն տարածեց, որ նման հանդիպում իրականում չի եղել: Մի քանի օր անց նույն կայքը՝ վկայակոչելով արդեն այլ տեղյակ աղբյուրին, հաստատեց հանդիպման փաստը: Դրանից հետո այս թեմային հոդվածի միջոցով անդրադարձավ Արտաշես Գեղամյանը, որը քննադատության ենթարկեց տեղական կայքերից մեկում տեղադրված «պատվերով հոդվածը» եւ, փաստորեն, այդ «պատվերի» մեջ մեղադրեց նախկին նախագահի գրասենյակին: Մի խոսքով, սկսվեց աժիոտաժ, որը շարունակվում է մինչ օրս: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Անկեղծ ասած, ես արդեն վաղուց սովորել եմ նման ռեակցիային՝ կապված Ռուսաստանի վարչապետի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներին: Ինձ նույնիսկ չզարմացրեց ձեր կողմից հիշատակված «լուրը», չնայած զարմանալու համար առիթը լուրջ էր: Վերջիվերջո, մայիսի 24-ին ինքս եմ ուղեկցել նախագահ Քոչարյանին Նովո Օգարյովո եւ ներկա եմ գտնվել այդ հանդիպման սկզբին եւ վերջին: Կարող եմ միայն ափսոսանք հայտնել այդ հիստերիայի առիթով: Ինձ միշտ թվացել է, որ երկու բարեկամ երկրների նախկին նախագահների միջեւ բարեկամական հարաբերությունների պահպանման հարցը (հատկապես՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում), ինչպես նաեւ նրանց պարբերական հանդիպումների մասին հաղորդագրությունները, կարող են միայն հպարտության եւ լավատեսության առիթ դառնալ: Բայց, ինչպես պարզվեց, մեզ մոտ դա այլ կերպ են ընկալում: Կարծում եմ, որ այդ քարոզչական «հնարքների» հեղինակները պետք է փորձեն գոնե մեկ անգամ «իջնել սեփական ազանգակատնից» եւ որոշ իրադարձություններին նայել ազգային շահերի եւ ոչ թե նեղ անձնական հաշվարկների եւ մանր ինտրիգների տեսանկյունից: Համոզված եմ, այդ ժամանակ նրանք ստիպված չեն լինի հրապարակային հիստերիա տարածել եւ ավելորդ փողեր ծախսել պատվերով հոդվածների վրա: Ինչ վերաբերում է պ-ն Գեղամյանին, ապա, ամենայն հավանականությամբ, նա ղեկավարվում է, այսպես կոչված, «դավադրության տեսությամբ», փորձելով քանդել գլոբալ եւ գաղտնիքների շղարշով պատված ինչ-որ քաղաքական խաղերի թելերը՝ հիմնվելով մեկ ինտերնետ-աղբյուրի մեկ հոդվածի վրա: Ստիպված եմ հիասթափեցնել պ-ն Գեղամյանին. պատվերով հոդվածները մեր գործելաոճը չեն: Դուք հաստատ շփոթել եք հասցեն:
– Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը նախագահի առաջարկությամբ համաներում հայտարարեց, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին նաեւ «մարտի 1-ի» գործով դատապարտվածները: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունը: Կօգնի՞ արդյոք այդ համաներումը ներքաղաքական լարվածության նվազմանը:
– Համաներման հայտարարումը, անկասկած, մարդասիրական քայլ է: Չէ՞ որ ազատության մեջ հայտնվեցին ոչ միայն այն մարդիկ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ 10 մարդկանց կյանքերի համար: Ինչ վերաբերում է համաներման ենթադրվող նպատակներից մեկին՝ ներքաղաքական լարվածության թուլացմանը, ապա այսօր դժվար է կանխատեսումներ անել այդ առիթով, հատկապես ազատ արձակված ընդդիմադիրների հայտնի հայտարարությունների ֆոնին: Կցանկանայի հուսալ, որ լարվածությունն իրոք կթուլանա: Ժամանակը ցույց կտա: Ինձ փոքր-ինչ մտահոգեց այլ փաստ. քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների մի ամբողջ շարք համաներումը ներկայացրին որպես «աննախադեպ իրադարձություն», իսկ քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ որպես «Քոչարյանի ժառանգության հաղթահարմանն ուղղված հերթական քայլ»: Այս պնդումները զարմացնում են: Առաջինը, անկախության ձեռքբերումից հետո մեր պետությունն արդեն մի քանի անգամ համաներում է հայտարարել (եթե չեմ սխալվում, այս համաներումը 7-րդն է): Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին համաներում է հայտարարվել երեք անգամ՝ 1998, 2001 եւ 2006թթ.: Այնպես որ, ոչ մի աննախադեպ բան, բնականաբար, չկա: Ինչ վերաբերում է «…հաղթահարմանն ուղղված հերթական քայլին», ապա ստիպված եմ հիշեցնել, որ 1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո: Այնպես որ, որեւէ «ժառանգության» եւ առավել եւս՝ դրա «հաղթահարման» մասին խոսք լինել չի կարող:

Առնվազն մարդկանց վատ հիշողությանը պետք է ապավինել՝ շրջանցելու համար այն հանրահայտ փաստերը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք քրեական գործ էր հարուցվել «Արդարություն» դաշինքի գործիչների դեմ, որ 2003-2004 թվականների հանրահավաքներին մասնակցելու համար վարչական կալանքի էին ենթարկվել հարյուրավոր մարդիկ, որոնց հայցերի պատճառով Հայաստանը հետո պարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եվ վերջապես՝ հիշեցնենք, որ մարդիկ, ում Վիկտոր Սողոմոնյանն այժմ քաղբանտարկյալ է ճանաչում՝ կալանավորվել են կամ ստիպված են եղել անցնել ընդհատակ էլի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք: Այլ հարց է, որ նրանք դատապարտվեցին ու շարունակեցին մնալ բանտում նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել