Այսպիսին է ՀԱԿ-ից բանակցողի հորդորը
Հունիսի 2-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց իշխանությունների հետ երկխոսության համար լիազորված պատվիրակության հինգ հոգուց բաղկացած կազմը՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Բացի նրանից, այդ կազմում ընդգրկվել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանն ու ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
Երեկ «Առավոտը» հենց վերջինիցս՝ Սամվել Աբրահամյանից փորձեց ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված պատվիրակության կազմում անդամների ընդգրկված լինելու հանգամանքը, եւ արդյոք ընտրությունը կատարվել է որոշակի չափորոշիչներից կամ հանգամանքներից ելնելո՞վ: ՀՀՇ վարչության փոխնախագահն անկեղծորեն ասաց, թե ինքը դրան տեղյակ չէ, որ քաղխորհրդի նիստին չի մասնակցել ու միայն հետո է ծանոթացել քաղխորհրդի որոշմանը:
Խոսելով երկխոսության շրջանակներում իշխանությունների հետ հնարավոր բանակցությունների օրակարգի մասին՝ պարոն Աբրահամյանն ասաց, թե Կոնգրեսի օրակարգում, բացի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններից, որեւէ այլ հարց չկա: Ինչ վերաբերում է դեռ մարտի 1-ին իշխանություններին ներկայացված 15 կետանոց պահանջներին, որոնք վերաբերում էին ոչ միայն սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, այլեւ բարձրաստիճան մի քանի պետպաշտոնյաների պաշտոնանկության եւ «մարտիմեկյան» 10 զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու պահանջներին, ապա դրանք, Ս. Աբրահամյանի պնդմամբ, բանակցությունների առարկա չեն ու քննարկման ենթակա չեն. «Դրանք խնդիրներ են, որոնք ենթակա են միայն լուծման: Այդ 15 պահանջներն այնքան ակնհայտ են, որ այնտեղ քննարկելու բան չկա. դրանք պիտի կատարվեն: Դրանք այն առաջնահերթ քայլերն են, որոնք պիտի արվեն երկրի տնտեսական, հասարակական կյանքը «շողուլի բերելու» համար: Հետեւաբար՝ այդ առումով զիջումներ լինել չեն կարող: Իսկ արտահերթ ընտրությունները օրակարգի հարց է, որը պետք է քննարկվի: Նրանք էլ (իշխանությունները) իրենց հակափաստարկները կարող են բերել, ու այդտեղ նոր մենք կարող ենք գալ ընդհանուր հայտարարի: Բանակցությունները կամ երկխոսությունը օրակարգ ունի, եւ յուրաքանչյուրը կարող է իր փաստարկված տեսակետը ներկայացնել ու փորձել կարողանալ անցկացնել»:
Ս. Աբրահամյանը համարում է, որ պատվիրակության աշխատանքն, անշուշտ, կոլեկտիվ աշխատանք է, թեեւ այդ աշխատանքների մասին դեռ վաղ է խոսել՝ «քանի դեռ իշխանությունն իր պատվիրակության կազմը չի ճշտել»: «Կսպասենք մինչեւ նրանք իրենց պատվիրակության կազմը ճշտեն: Բայց ցանկացած պատվիրակություն արդեն կոլեկտիվ աշխատանք է՝ իհարկե»:
Ս. Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններն անպայմանորեն կարձագանքեն երկխոսության մասին Կոնգրեսի առաջարկին, «որովհետեւ Տեր-Պետրոսյանն իր ելույթում, կարծում եմ, շատ հստակ բացատրեց՝ թե ինչու: Սա ինքնանպատակ խնդիր չէ»:
Ասվեց, որ բանակցությունների միակ առարկան արտահերթ զույգ ընտրություններն են, բայց հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, բանակցությունների ընթացքում այդ հարցում ՀԱԿ-ը որոշակի զիջումների գնա: Մեր այս հարցին պատասխանելուց առաջ ՀՀՇ վարչության փոխնախագահը նկատեց. «Խնդիրն այն է, թե ձեր հարցադրումները բանակցությունները չսկսած վիճակի՞, թե՞ բանակցությունների վերջին փուլի մասին են»: Ս. Աբրահամյանի դիտարկմամբ, դրանք տարբեր բաներ են. «Բանակցությունները մենք սկսում ենք մեր կողմից առաջարկվող հստակ օրակարգով՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Իսկ թե ինչով կավարտվեն բանակցությունները՝ ո՞վ կարող է կանխագուշակել»:
Այնուամենայնիվ, այդ՝ արտահերթ ընտրությունների օրակարգով բանակցություններում որեւէ զիջման Կոնգրեսը պատրա՞ստ է գնալ, թե՞ դա կատարման իմաստով բեկման ոչ ենթակա պահանջ է. «Բանակցություններն ինքնանպատակ չեն: Դրանք այսօր Հայաստանում գոյություն ունեցող կոնկրետ խնդիրների՝ քաղաքական ու լեգիտիմության ճգնաժամերի շուրջ են: Հետեւաբար՝ խնդիրը, որով մենք գնում ենք բանակցությունների, այս երկու ճգնաժամերը հաղթահարելն է: Ուստի՝ մենք, ընդ որում՝ երկուստեք, պետք է այդ երկխոսությունից, որը բխում է նաեւ մեր պետության եւ հասարակության շահերից, դուրս գանք լեգիտիմության խնդիրն ու քաղաքական ճգնաժամը հաղթահարած: Իսկ դրա հաղթահարման ճանապարhը ինչպես մենք, եւ համոզված եմ՝ հասարակության մեծամասնությունն է պատկերացնում, նոր եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումն է Հայաստանում: Սա առաջնահերթ խնդիր է: Հետեւաբար՝ արտահերթ ընտրություններն անխուսափելի են»:
Բայց եւ ՀԱԿ առաջնորդներն ու առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, եւ հիմա նաեւ Ս. Աբրահամյանն ասում են, որ իշխանություններն էլ կարող են բանակցությունների, երկխոսության ներկայանալ իրենց օրակարգով ու հակաառաջարկներով: Իսկ եթե նրանք որպես փոխզիջում առաջարկեն կամ խոստանան հերթական, բայց լեգիտիմ ընտրություններ, ՀԱԿ-ը դրան կհամաձայնի՞. «Նախ՝ նայած թե ո՞ր հերթականի մասին ենք խոսում, բայց Տեր-Պետրոսյանն ասաց, որ մինչեւ հերթական ընտրություններ Հայաստանից բան չի մնա»:
Իսկ ահա պատվիրակության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը news.am-ի հարցին, թե իշխանության եւ ընդդիմության՝ տրամաբանորեն հակառակ օրակարգեր ունենալու պարագայում մտավախություն չկա՞, որ երկխոսության գործընթացը դեռեւս չսկսված՝ դատապարտված է տապալման, արձագանքել է. «Խորհուրդ կտայի չշտապել, եզրակացություններ չանել եւ ուղղակի սպասել»: Նա չի բացառել, որ արտահերթ ընտրությունների թեման իշխանությունների հետ քննարկելուց բացի՝ ընդդիմությունը պատրաստ է քննարկել հարցերի լայն շրջանակ, որն, անշուշտ, առաջին հերթին կապված է արտահերթ ընտրությունների հետ։ «Ի վերջո, մեր նպատակն այս վիճակից դուրս գալն ու համակարգային փոփոխություններ կատարելն է։ Այն համակարգը, որով ղեկավարվում է ՀՀ գործող իշխանությունը, փտած է, չի գործում եւ վատթարացնում է Հայաստանի քաղաքացիների կյանքը։ Այնպես որ, այդ երկու հարցերը կարող ենք քննարկել զուգահեռ կերպով. դրանք իրար չեն խանգարի»,- հայտարարել է Վ. Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ գործող իշխանությունները քաղաքական կամք եւ խոհեմություն կցուցաբերեն ու, ի վերջո, կբանակցեն արտահերթ ընտրությունների շուրջ։ «Վերջին 3 տարիների մեր աշխատանքը միտված է եղել նրան, որ իրավիճակը ոչ թե սրվի, այլ հակառակը՝ շտկվի։ Նման հնարավորություն այս պահին կա»,- ամփոփել է Վ. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ երկխոսելու կամ բանակցելու համար իր պատվիրակության կազմը հաստատել է հունիսի 2-ին, իսկ ՀՀԿ-ն դեռ չի շտապում պատասխան քայլ անել: