ՀԱԿ ներկայացրած ցուցակը դեռ չի գտել իր իշխանական «զույգին»
Նախորդ օրը ՀԱԿ-ը քաղաքական խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել, որից հետո հրապարակել էր այն անձանց ցուցակը, որոնք կկազմեն, այսպես ասած, «երկխոսության պատվիրակությունը»: Իշխանությունը չի շտապում անել պատասխան քայլը. իշխանությունը դեռ աչքն իսկ չի թարթել եւ ՀԱԿ առաջարկության մասին ոչ մի խոսք չի ասում: Եվ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, եւ ՀՀԿ այլ ներկայացուցիչներ միաձայն ժխտում են տարածված լուրերը, թե ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվելու է ՀԱԿ ներկայացրած ցուցակին վերաբերմունք արտահայտելու հարցը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ի կողմից առաջարկվող ձեւաչափով երկխոսությանը մասնակցել-չմասնակցելու հարցը կարող է որոշել միայն մեկ մարդ, եւ այդ մարդը հանրապետության նախագահն է: Այդ մասին հայտարարել է նաեւ պարոն Շարմազանովը. «Որոշելու մենաշնորհը պատկանում է երկրի նախագահին, եւ երկրի նախագահն էլ կորոշի, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»: Արտահերթ ընտրությունների հավանականության, ավելի ճիշտ՝ անհավանականության մասին, էլեկտրոնային լրատվամիջոցներում եւս մեկ անգամ կրկնելով ասածը, թե՝ արտահերթի հիմքեր եւ պատճառներ չկան, ՀՀԿ մամուլի խոսնակը չի մոռացել հիշեցնել հետեւյալը. «Այս տարիներին երկրի ղեկավարն ապացուցել է, որ իշխանությունների քայլերը միտված են երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, մարդու ազատությունների ամրապնդմանը. դրա մասին խոսվել է բազմիցս»:
Բոլոր դեպքերում ՀԱԿ-ը արդեն ունի իր ցուցակը, որը բավականին հետաքրքիր ցուցակ է, քանի որ նրանում ընդգրկված է միայն մեկ՝ ՀՀՇ-ից տարբեր կուսակցության ներկայացուցիչ՝ ՀԺԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, մյուսները կամ ներկա, կամ նախկին ՀՀՇ-ականներ են, կամ անկուսակցական: Այսինքն՝ ՀԱԿ-ի մաս կազմող 22 կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից որեւէ մեկն այստեղ ընդգրկված չէ: Հետաքրքիր կլինի, եթե իր հերթին կոալիցիան միայն հանրապետականների ընդգրկի իր ցուցակում եւ, նմուշի համար, եւս մեկ ՕԵԿ-ականի:
Քանի դեռ չէր հրապարակվել ցուցակը, մեր թերթի խմբագիրը իր կողմից առաջարկել էր հետեւյալ «բանակցողներին». ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան եւ Ավետիս Ավագյան, իշխանությունից՝ Դավիթ Հարությունյան եւ Հրայր Թովմասյան (ընդ որում, թվում էր, որ այդ թեկնածությունները պետք է ի սկբանե համաձայնեցվեին, հետո հրապարակվեին): Այդ ժամանակ մենք կարծում էինք՝ ամեն կողմից երկուական ներկայացուցիչը լիուլի է՝ այս հարցերում որքան քիչ են մասնակիցները, այնքան արդյունավետ է գնում աշխատանքը: Պարզվեց՝ ՀԱԿ-ը, մեզ անհայտ սկզբունքից ելնելով, առաջարկել է հինգին: Իսկ այն 5 հոգու առկայությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունը եւս ստիպված է լինելու բավարարվել հինգով: Իհարկե՝ ոչ: Գալուստ Սահակյանն արդեն հայտարարել է, որ եթե անգամ իրենք որոշեն ցուցակ ունենալ, հնարավոր է այն ավելի բազմամարդ լինի: Ենթադրենք, իշխանությունն ընդունում է ընդդիմության առաջարկը եւ իր հերթին է ցուցակ ներկայացնում (ակամա հիշեցի դեռ 2003-ին Ստեփան Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան հայտնի ցուցակ-ցուցակ երկխոսությունը, երբ մեկը ասում էր՝ ցուցակը ցույց տուր, մյուսը թե՝ վաղը ձեզ կուղարկեմ), պարզ է, չէ՞, որ այդ ցուցակում չեն լինելու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը կամ Գագիկ Ծառուկյանը: Իշխանությունը եթե անգամ ցուցակ կազմի, ցուցակում կարող են լինել մեկ տնտեսագետ, օրինակ՝ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ԿԸՀ նախկին անդամի դիմաց՝ ԿԸՀ որեւէ ներկա անդամ, օրինակ՝ Աբրահամ Բախչագուլյանը, մեկ ԲՀԿ-ական, ասենք՝ Արամ Սաֆարյան, մեկ ՕԵԿ, օրինակ՝ Հեղինե Բիշարյանը եւ եւս մեկ հանրապետական, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը:
Դրանից հետո հնարավոր է հետեւյալ սցենարը (որպես կիսաերգիծական տարբերակ): Ընդդիմությունը վերցնում է այդ ցուցակը եւ գնում է Ազատության հրապարակի հարթակ, ասելով, որ ամեն հարցում պետք է խորհրդակցի ժողովրդի հետ: ՀԱԿ-ի առաջնորդներից որեւէ մեկը ցուցակը ձեռքին հարցնում է հավաքվածներին. «Դուք ուզո՞ւմ եք, որ մենք բանակցենք այս մարդկանց հետ», այնուհետեւ բարձրաձայն կարդալու է անուն-ազգանունները. «Արամ Սաֆարյա՛ն» (ուժգին սուլոցներ), «Հեղինե Բիշարյա՛ն» (սուլոցներ, հայհոյանքներ), «Էդուարդ Շարմազա՛նով» (սուլոցներ, աղաղակներ): «Պարզ է,- եզրակացնում է ընդդիմադիրը,- սա սխալ ցուցակ է, որը վկայում է ապակառուցողական կեցվածքի մասին: Բայց դրա վերաբերյալ մենք կխոսենք հաջորդ հանրահավաքում»: