Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իսկական հունգարացին նա է, որ ծագումով հայ է»

Հունիս 03,2011 00:00

\"\"Մեծ է հունգարացի գիտնական Էդմոնդ Շյուտցի վաստակը հայագիտության ասպարեզում: Նրա մահից հետո թվում էր, թե դաշտը կարող էր դատարկ մնալ, բայց Էդմոն Շյուտցի գործը շարունակում է նրա աշակերտ Բենեդեկ Ժիգմոնդը։
Օրերս ՀՀ լեզվի պետական տեսչությունում էր հյուրընկալվել հունգարացի հայագետը։ Տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը ընդգծեց, որ Բենեդեկ Ժիգմոնդը շարունակում է օտարազգի հայագետների, մասնավորապես, հունգարացի հայագետ Էդմոնդ Շյուտցի գործը՝ ոչ միայն կատարելապես տիրապետելով հայոց լեզվին, այլեւ պեղելով փորձել է գտնել հայագիտական նոր շերտեր։ Այնուհետեւ խոսքը տրվեց հյուրին՝ Բենեդեկ Ժիգմոնդին։ Նա ասաց, որ հայերեն սկսել է սովորել 1997թ., երբ առաջին անգամ Հունգարիայում լսեց «Սուրբ պատարագը»: Աշակերտել է հունգարացի ճանաչված հայագետ Էդմոնդ Շյուտցին՝ նախապես յուրացնելով հին հայերենը եւ հայոց պատմությունը: Այնուհետեւ եկել է Հայաստան, ապրել է Հրազդանում, մի հայ ընտանիքում, եւ նրանցից էլ փորձել սովորել հայերենի խոսակցական եւ բարբառային նրբությունները: Այժմ աշխատում է Բուդապեշտի համալսարանում եւ ցանկություն ունի այնտեղ հիմնել  հայագիտության ամբիոն: Այդ նպատակի համար մեծ նյութ է ծառայում Էդմոնդ Շյուտցի թողած հսկայական գրադարանը եւ հայագիտական ժառանգությունը: Աշխատում է ավարտել նաեւ  «Տրանսիլվանիայի հայերի 17-20-րդ դդ. կրոնաբանական հարցերը» թեմայով գիտական թեզը:  Նրա համոզմամբ, հայերը Հունգարիայում հաստատվել են 13-րդ դարից: Տրանսիլվանիայում նրանք ապրել են մեծ համայնքներով եւ կարողացել են պահպանել իրենց ինքնությունը: Տրանսիլվանիայի՝ Հունգարիայի կազմից դուրս գալուց հետո հայերի մեծ մասը տեղափոխվել է Հունգարիա, ցրվել երկրով մեկ եւ ձուլվել նաեւ տեղաբնակներին: Որքան էլ այսօր նրանք չեն տիրապետում մայրենի լեզվին, սակայն իրենց սովորույթներում պահպանել են նախնիներից ժառանգած ազգագրական բնույթի ծիսական երգեր, որոնք կատարում են արարողությունների ժամանակ: Իր ուսումնասիրությունների ընթացքում Բենեդեկ Ժիգմոնդը հայտնաբերել է երեք կարեւոր բան.  Տրանսիլվանիայի  հայերը փորձ են արել ստեղծել գրական հայերեն, որը նման է արեւմտահայերենին, բայց դրանից շատ է տարբերվում քերականական կառուցվածքներով:  Տրանսիլվանիայում կան ծագումով ազգագրական եւ գործառույթով ծիսական հայերեն երգեր, եւ Տրանսիլվանիայի հայերն ունեցել են «Սուրբ պատարագի» հատուկ կառուցվածք:
Խոսելով հունգարերենի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ Բենեդեկ Ժիգմոնդը տեղեկացրեց, որ այն իրենց երկրում գտնվում է միշտ գերակա դիրքում, եւ երբեւէ չես հանդիպի օտարատառ գրությունների, անհասկանալի գովազդների ու ցուցանակների, ինչը եւս վկայում է  հունգարացիների հարգանքի մասին դեպի սեփական լեզուն ու մշակութը:
«Ես արդեն հայ եմ, հունգարացի հայ, իմ արմատներն այստեղ են»,- ասում է նա եւ կեսկատակ, կեսլուրջ ավելացնում. «Իսկական հունգարացին նա է, ով ծագումով հայ է»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել