Կամ՝ Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերականի» շնորհանդեսը
«Բանաստեղծական արվեստի վերջին 50 տարիների բարձրակետերից մեկը»,- գրող, բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանին իր գրախոսականում այսպես է ներկայացնում բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը: Ռաֆայել Բազիկյանը կամ, ինչպես նրան դիմում են ընկերներն ու հարազատները՝ Ռաֆիկը, երբեւէ չի տպագրվել: 1966 թվականից հետո գրողի ընտանիքը Ռաֆիկից տեղեկություններ չունի: Ռաֆիկը հեռանալուց առաջ իր ձեռքով այրել է ձեռագրերը, եւ միայն հրաշքով փրկված բանաստեղծությունների մի մասն ու կիսայրված օրագիրը եղբոր դուստրը՝ լրագրող Մարգարիտ Եսայանը, հավաքել եւ ներկայացնում է ընթերցողին:
Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ Մ. Եսայանի խմբագրած «Տիեզերական» գրքի շնորհանդեսը: Ռաֆիկի պոեզիան հեղինակը մտադրություն ունի թարգմանել նաեւ այլ լեզուներով: Երբ «Տիեզերականը» պատրաստ է եղել տպագրության, գտնվել է նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսի բազիկյանական մշակումը, որը նախատեսում են տպագրել նրա ծննդյան 70-ամյակին՝ հաջորդ տարի:
«Ռաֆիկը մի քիչ գժոտ, խենթ, տաղանդավոր գրող է եղել: Մի քանի անգամ Խորհրդային միությունից փախչելու փորձ է արել եւ իր մասին ոչ մի տեղեկություն չունենք: Միայն ժամանակակիցների վկայություններն են, որ Ռաֆիկ Բազիկյանը եղել է տաղանդավոր բանաստեղծ: Քանի որ բանասիրական կրթություն ունեի, իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում փնտրում էի Ռաֆիկի ստեղծագործությունները»,- նշում է Մ. Եսայանը ու հավելում, որ երբ «Առավոտ» թերթում 2 տարի առաջ հորեղբորը փնտրելու ակնկալիքով հայտարարություն է տալիս, զարմանալիորեն արձագանքում է ԳԽ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Ավելի ուշ պարզվում է, որ Բ. Արարքցյանն ու Ռ. Բազիկյանը երիտասարդության տարիներին միասին ապրել են Մոսկվայի համալսարանի հանրակացարանում: Բ. Արարքցյանի շնորհիվ Մ. Եսայանը գտնում է Ռաֆիկի մոսկովյան շրջանի ընկերներին՝ Հայկ Ղազարյանին, Վարդան Հայկազյանին, Արտաշես Փոչիկյանին: Վերջինիս կինը՝ տիկին Սվետան, պահած է լինում հանգուցյալ ամուսնու բոլոր թղթերը, այդ թվում՝ մի թղթապանակ, որտեղ մնացած են լինում Ռաֆիկի բանաստեղծությունները:
«Շատ փոքր եմ եղել, երբ Ռաֆիկը, այրելով բոլոր գրվածքները, գնացել է մեր հայրական տնից: Հիշում եմ միայն, որ ինձ նստեցնում էր ծնկներին ու բանաստեղծություններ էր արտասանում եւ ստիպում, որ միասին հում կարտոֆիլ ուտենք»,- հիշում է Մ. Եսայանը: Ավելի ուշ հավելում, որ իրենց տանը դեռ 50-60-ական թվականներին հրաշալի գրականություն են ունեցել՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը», Աստվածաշունչը եւ այլն: «Ընկերները զարմանում էին, թե նրա մոտ որտեղի՞ց այդ գրականությունը»,- ասում է Ռաֆիկի եղբոր դուստրը: Մ. Եսայանը համոզված է, որ Ռաֆիկի պոեզիան ճիշտ ժամանակին է գտնվել. «Այն պահին, երբ մարդիկ հեռանում են իրենց արմատներից, Ռաֆիկը եկավ բոլորիս հիշեցնելու, որ մենք ընդամենը փոքր արարածներ ենք, իրականությունը՝ տիեզերքն է, այն մոլորակը, որի վրա ապրում ենք: Որպեսզի այդ մոլորակը պահվի, պահպանվի, բոլորս պիտի սիրենք իրար: Ռաֆիկի պոեզիայում բարություն, մեծություն, հանճար տեսա: Համոզված եմ, որ դրանք գլոբուսը պահող հիմնական սյուներն են, որովհետեւ նախանձը, չարությունը, ամենօրյա վազքը մեզ մի տեսակ կլանում են, բայց երբ կարդում ես Ռաֆիկի պոեզիան, հասկանում ես, որ ամեն ինչ սուտ է, այ սա՛ է կյանքը»:
«Ռաֆիկն անվերջ անկեղծ մարդ էր, ասում էր այն, ինչ այդ պահին մտածում էր»,- ասում է պատանեկության տարիներից գրողին ճանաչող, ՀՀ լուսավորության նախկին նախարար Հայկ Ղազարյանը:
Ռ. Բազիկյանի դպրոցական ընկեր, ԵՊՀ դասախոս Ռուբեն Սաքապետոյանի բնորոշմամբ՝ «Ռաֆիկը խիստ տարօրինակ տղա էր, այնպես, ինչպես լինում են հանճարները: Էքսցենտրիկ բաներ ուներ, օրինակ՝ Չարենցի «Ասպետականը» կարդալուց հետո որոշել էր միանգամից երկու հոգու սիրահարվել: Այն, որ մեր մեջ այսօր կարող էր լինել մերօրյա Եղիշե Չարենցը կամ նրա շարունակությունը, դա փաստ է»:
Ռաֆիկի բանաստեղծությունների առաջին ընթերցող Աղվան Վարդանյանը վստահ է, որ եթե այդ բանաստեղծությունները տպագրվեին ժամանակին՝ «իսկապես բում կլինեին, պոեզիայի նոր տեսակ կուղենշեին եւ ավանդույթի կվերածվեին, որովհետեւ ինքը ժամանակի մեջ ամենաազատ, ամենահամարձակ, տաղանդավոր, հզոր էներգետիկա ունեցող բանաստեղծներից էր»: