Անվանի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը համերգաշար է սկսում՝ Եղեռնի տարելիցի առիթով
Ի պատիվ նշանավոր մարդկանց, շատերն իրենց զավակներին կոչում են նրանց անունով: Փարիզում 1991-ից մշտական բնակություն հաստատած ճանաչված դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ծնողներն էլ, կնքելով իրենց որդուն մեծ զորավարի անունով, հավանաբար ցանկացել են կենդանի պահել այդ սրբացած անունը եւ հույս փայփայել, թե այդ հնչեղ անունը կյանքում կօգնի իրենց զավակին:
«Առավոտը» ժամանակին ներկայացրել է զրույց՝ Մոնտե Կարլոյում ավանդաբար անցկացվող Աշխարհի երաժշտության վարպետների մրցույթի հաղթող Վարդան Մամիկոնյանի հետ, երբ նա վերջին անգամ 2008թ. Հայաստանում մասնակցում էր Վերադարձի փառատոնին: Այս օրերին էլ դաշնակահարը կարճատեւ մասնավոր այցով կրկին հայրենիքում էր:
Իր անվան հետ կապված, արվեստագետը մեզ հետ զրույցում հիշեց դպրոցական տարիները. տարեկիցները ծիծաղում էին, չհավատալով, որ անունը Վարդան է, ազգանունն էլ՝ Մամիկոնյան: «Անունս միշտ պարտավորեցրել է ու մղել հաղթանակների: Արտերկրում ապրելու ու ստեղծագործելու սկզբնական տարիներից մինչ օրս ինձ մշտապես ներկայացնում են որպես հա՛յ դաշնակահար»,- ասաց Վ. Մամիկոնյանը: Կրկին վերադառնալով իր անվանը, ասաց, որ ժամանակ ասվածը հարաբերական է. «Օրինակ՝ Բախը, որ ապրել է 17-րդ դարում, այսօր էլ ժամանակակից է ու վարակիչ այնպես, ինչպես մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը: Անհատականությունը, հանճարը հենց սա է: Բախին մեկնաբանում ենք 21-րդ դարի երաժշտի տեսանկյունից, իսկ զորավարի դեպքում՝ փորձում սեփական ուժերով, իմ դեպքում՝ մշակութային ձեռնարկներով գնալ խիզախումների»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նոյեմբերից սկսում է համերգաշար՝ աշխարհի ճանաչված երաժշտական կենտրոններում: Շարքը նախատեսում է 100 ելույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերջին ակորդն էլ կհնչի Հայաստանում՝ 2015թ. ապրիլի 24-ին:
Իսկ թե ինչպե՞ս մտահղացավ այդ նախագիծը, դաշնակահարն ասաց. «Հրեշավոր այդ ոճրագործությունը մինչ օրս իր պաշտոնական ճանաչումը չի ստացել համայն մարդկության կողմից: Նման անպատժելիությունը ծանր հարված է մարդկային արժանապատվությանը եւ խիստ հակասում է քարոզվող ամեն տեսակի բարոյական ու քաղաքական բարձր արժեքներին: Համոզված եմ, որ գալիք տարելիցը չի կարող խորապես չհուզել յուրաքանչյուր մարդու՝ անկախ ազգային պատկանելությունից…»:
Ներկայացնելով վերջին շրջանի իր գործունեությունը, Վ. Մամիկոնյանը հայտնեց, որ հանդես է գալիս ոչ միայն մենահամերգներով, այլեւ հրավերներ ստանում ու համագործակցում այնպիսի ճանաչված նվագախմբերի հետ, ինչպիսիք են Ֆրանկֆուրտի ռադիոյինը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Բեռլինի սիմֆոնիկը, «Ռադիոֆրանսը», հանրահայտ դիրիժորներ Վ. Գերգիեւի, Ա. Բորեյկոյի, Ռ. Սպանոյի, Լ. Զագրոսեկի, Մ. Հարթ-Բեդոյանի, Է. Իմբալի եւ այլոց ղեկավարությամբ:
Վ. Մամիկոնյանը զրույցի ավարտին խնդրեց անպայման նշել իր ուսուցիչների անունները: Դաշնակահարը Երեւանում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սովորել է Արքուհի Հարությունյանի, իսկ Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, ապա Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Վալերի Կաստելսկու դասարաններում: