Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել է 1992թ.-ին ղարաբաղյան պատերազմի՝ ադրբեջանցիների կողմից, մասնակից, «Գորշ գայլերի» (որոնց քաղաքական թեւը «Ազգայնական շարժում» կուսակցությունն է) պարագլուխներից մեկը՝ Զիյա Արփաջըքը։ 1in.am-ի փոխանցմամբ, վերջինս իրեն հռչակել է որպես «խորքային պետության ֆիդայի» («խորքային պետությունը» երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մեխանիզմ է)։
Արփաջըքը հայտնվել է այն 18 ձերբակալվածների թվում, ովքեր հունիսի 6-ին Դիարբեքիրում ԱՇԿ նախագահ Դեւլեթ Բահչելիի նախընտրական հանդիպման ժամանակ պետք է սադրանքներ իրականացնեին, որոնց պետք է զոհ գնար մինչեւ 10 մարդ։ Ազգայնականների կարծիքով, դա կբարձրացներ իրենց վարկաբեկված կուսակցության վարկանիշը եւ հնարավորություն կտար հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական շեմն ու շարունակել խորհրդարանում ներկայացված լինել: