Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայի վարչապետը մի կերպ խույս տվեց իմփիչմենթից

Հունիս 03,2011 00:00

\"\"Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կարողացել է խույս տալ երկրի խորհրդարանում իրեն անվստահություն հայտնելու հեռանկարից՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ խոստանալով, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ իր կառավարությունը հաղթահարի միջուկային ճգնաժամն ու երկրաշարժի հետեւանքները: Reuters-ի մատուցմամբ, վարչապետն այդ քայլին է դիմել՝ իր կուսակից դեմոկրատների աջակցությունը ստանալու նպատակով, քանի որ վերջիններս սպառնացել էին քվեարկել հօգուտ Կանին անվստահություն հայտնելու որոշմանը:
Վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ընդդիմությունը՝ ի պատասխան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրում առաջացած ամենածանր ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումներին ի պատասխան: Կանի այս «մանյովրի» շնորհիվ, խորհրդարանում նրան անվստահություն հայտնելու ծրագիրը տապալվել է 293 «դեմ» եւ 152 «կողմ» հարաբերակցությամբ քվեարկությամբ:
Այդուհանդերձ, վերլուծաբանները համարում են, որ Կանի խարխուլ դիրքերը սեփական կուսակցության ներսում նրան հետագայում կխանգարեն ընդդիմության հետ քաղաքական պայմանավորվածությունների գալու հարցում, իսկ արդյունքում նրան դժվար կլինի հարկային համակարգի եւ սոցիալական արտոնությունների ոլորտներում բարեփոխումներ իրականացնել, որոնք անհրաժեշտ են Տոկիոյի կուտակած պարտքերը կրճատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել