Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԵՎ ԲԻԶՆԵՍ Է

Հունիս 03,2011 00:00

Կամ՝ ինչպես զբաղվել մասնագիտական  կրթության էկոնոմիկայով

\"\"

Հայազգի ուսանողները հաճույքով են մասնակցում միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերին, մեկնում արտասահմանյան բուհեր, որոնց մի մասն էլ, ցավոք, չի վերադառնում հայրենիք: Իսկ արդյո՞ք նկատվում է հակառակ միտումը եւ ինչպիսի՞ն է արտասահմանցի ուսանողությանը մեր հանրապետությունում կրթական ծառայությունների մատուցման վիճակը: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է ՀՀ-ում արտասահմանցի ուսանողության աճ, սակայն այդ թվերը խոսուն չեն եւ մեր հանրապետությունը լիարժեք չի օգտագործում իր ներուժը մասնագիտական կրթության արտահանման բնագավառում: Իսկ տնտեսապես կայացած այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, մեծ ուշադրություն են դարձնում կրթական ծառայությունների արտահանմանը, կրթությունը դիտարկելով նաեւ բիզնես եւ եկամտի ներհոսքի կարեւորագույն աղբյուր:
Աղքատ բնական ռեսուրսներով մեր հանրապետությունը բարեբախտաբար ունի կրթական ծառայությունների մատուցման կայացած համակարգ, որը, ի դեպ, առավել մեծ հարստություն է, քան օգտակար հանածոների պաշարները: Սակայն մինչ այժմ հանրապետության բուհական համակարգը արդյունավետ չի գործում՝ արտասահմանցի ուսանողների ներգրավման առումով: Իսկ մեր աշխարհագրական դիրքը բարենպաստ է արտասահմանցի ուսանողությանը կրթություն մատուցելու առումով: Խիտ բնակեցված Հնդկաստանում, Իրանում, Մերձավոր Արեւելքում համալսարանները չեն բավարարում տեղացիների պահանջմունքները, եւ նրանք ստիպված մասնագիտական կրթություն են ստանում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որը բավական թանկ է: Եթե Հայաստանը կարողանա պայմաններ ստեղծել արտասահմանցի ուսանողներին պատշաճ մասնագիտական կրթություն տրամադրելու առումով, ապա այն ոչ պակաս տնտեսական օգուտների ներհոսք կապահովի, ինչպիսին, օրինակ, տուրիզմն է, որի զարգացմանը, ի դեպ, մեր իշխանությունները վերջերս մեծ ուշադրություն են դարձնում՝ չգիտես թե ինչու ստվերում թողնելով հայրենական կրթության արտահանման հիմնախնդիրը: Գաղտնիք չէ, որ արտասահմանցի ուսանողները ոչ միայն կրկնակի կրթավճարներ են մուծում, քան տեղացիները, այլեւ ուսումնառության ընթացքում էական գումարներ են ծախսում իրենց կենսապահովման վրա (բնակարանների վարձույթ, սնունդ եւ այլն): Մյուս կողմից, ներգրավելով արտասահմանցի ուսանողներ, սահմանելով բարձր կրթավճարներ, հայրենական բուհերը հնարավորություն են ունենում արագ զարգանալու, լրացուցիչ ռեսուրսներ տրամադրելու կրթության որակի բարձրացման գործին, մրցակցելու միջազգային կրթական շուկայում, որտեղ, ի դեպ, կրթությունը դիտվում է ոչ միայն ազգային բարգավաճման կարեւորագույն գործոն, այլեւ բիզնես, որը եկամտային ներհոսքեր է ապահովում արտասահմանցի ուսանողներից:
Այս առումով, դեռեւս հայրենական բուհերը «նիրհում» են, օգտվելով այն իրավիճակից, որ առկա է տեղացի ուսանողների կողմից՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու մեծ ցանկություն, ընդունելության մրցույթ: Բայց նման «բարենպաստ իրավիճակը» երկար չի կարող շարունակվել: Հենց այս տարի դպրոցներում շրջանավարտներ չունենալու փաստը հայրենական բուհերում էական ֆինանսական լարվածություն կստեղծի, որը չէր լինի, եթե ժամանակին հոգ տարվեր՝ բուհի ուսանողության առնվազն 10%-ը արտասահմանցի ուսանողությամբ համալրման առումով: Մեր հանրապետության բոլոր բուհերն էլ ունեն այն ներուժը, որով հնարավորություն կստեղծվեր կրթություն մատուցելու արտասահմանցի ուսանողներին (օտար լեզուների իմացությամբ երիտասարդ դասախոսներ, շենքային պայմաններ, անհրաժեշտ լաբորատորիաներ եւ համակարգչային սրահներ, օտարալեզու գրադարանային ֆոնդ, ինտերնետ կապ եւ այլն): Իսկ ի՞նչ է մեզ խանգարում ներգրավելու արտասահմանցի ուսանողներ եւ կրթությունը դիտարկելով որպես բիզնես՝ մրցակից հանդես գալու միջազգային կրթական շուկայում: 
Առաջին՝ մասնագիտական կրթության կազմակերպումը բոլոնյան չափանիշներով: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապետությունը բոլոնյան համաձայնագրի անդամ պետություն է: Սակայն դեռեւս բոլոնյան չափանիշներով մասնագիտական կրթության մատուցումը մակերեսային բնույթ է կրում՝ նույնիսկ ինչ-որ տեղ ձեւական երանգներով: Կրեդիտային համակարգը դեռեւս ընկալվում է գնահատման, եւ ոչ թե կրթության արդյունավետ մենեջմենթի միջոց (տես «Առավոտ», 02.02.2011, «Կրեդիտային համակարգի տեղապտույտը»), չի գործում ուսանողության շարժունակության մեխանիզմը, բակալավրիատից մագիստրատուրայի անցումը չի իրականացվում կրթական որակական չափանիշների լուրջ փոփոխություններով, շրջանավարտներին չեն տրամադրվում միջազգային չափանիշներով ավարտական փաստաթղթեր, դանդաղ են ձեւավորվում միջբուհական միջազգային կոնսորցիումներ եւ համատեղ դիպլոմների տրամադրումը մեր հանրապետությունում կրում է հազվադեպ բնույթ:
Երկրորդ, արտասահմանցի ուսանողների ներգրավման մարքեթինգային գործունեության բացակայությունը: Հայրենական բուհերը բավականին պասիվ են կրթական ծառայությունների շուկայում մարքեթինգային գործունեություն իրականացնելիս: Մասնավոր բուհերն են, որ ընդունելության քննությունների ընթացքում փոքր-ինչ աշխուժանում են եւ գովազդում իրենց գործունեությունը: Սակայն ժամանակն է, որ պետական խոշոր բուհերը մեր դեսպանատների աջակցությամբ լուրջ աշխատանքներ իրականացնեն արտասահմանցի ուսանողների ներգրավման առումով, կատարեն գրավիչ առաջարկներ, ներկայացնեն Հայաստանում մասնագիտական կրթություն ստանալու առավելությունները, մասնակցեն կրթական շուկայի միջազգային տոնավաճառներին: Արտասահմանում դեռեւս քաջատեղյակ չեն մեր հանրապետության բուհական համակարգի առավելություններին եւ այն նպաստավոր պայմաններին, որը օտարների համար կրթությունը դարձնում է առավել գրավիչ:
Երրորդ, միջազգային չափանիշներով կրթական ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունը: Ունենալով արտասահմանցիներին դասավանդող ունակ պրոֆեսորադասախոսական անձնակազմ, համալսարանական պայմաններ, դեռեւս մեր հանրապետությունում լուրջ ներդրումներ են պահանջվում միջազգային չափանիշներով ուսանողական կացարանների եւ կենցաղի կազմակերպման առումով: Ժամանակն է, որպեսզի ընդլայնվի հանրակացարանային համակարգը, ձեւավորվեն ուսանողական մինի քաղաքներ, որտեղ գործող վաճառատներում, ինտերնետ սրճարաններում զեղչային պայմաններ ստեղծվեն սննդի, հագուստի, տեղեկատվության ձեռքբերման համար: Հարկ է, որ համալսարանները, ինչու չէ, նաեւ պետությունը կրթական ծառայությունների մատուցումը դիտարկեն որպես բիզնես, իսկ ցանկացած բիզնես պահանջում է ներդրումներ, որոնք միշտ էլ արդարացվում են ժամանակի ընթացքում՝ ապահովելով տնտեսական աճ եւ բարգավաճում: Ի վերջո, ժամանակն է լուրջ զբաղվելու մասնագիտական կրթության էկոնոմիկայով, որն արդեն իսկ մեր կողմից որոշակիորեն մեկնաբանվել է հրապարակավ (տես Ա. Ճուղուրյան, Ն. Խաչատրյան, Բարձրագույն մասնագիտական կրթության տնտեսագիտություն, Եր., «Էդիտ Պրինտ», 2011թ.):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել