Եթե հայերի համար զորավար Անդրանիկն ազգային արժեք է եւ ուզում են կանգնեցնել նրա հուշարձանը, ապա թող դա անեն Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում եւ չվիրավորվեն այս կամ այն երկրի իշխանություններից՝ իրենց մտադրությունն իրագործել թույլ չտալու համար: Այս մասին news.am-ին ասել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Սոչիում զորավար Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժման փաստը:
«Մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել՝ խաչքարերը կամ ազգային հերոսների արձանները տեղադրել երկրագնդով մեկ: Ճիշտ կլինի, որ Սոչիի հայերն այդ արձանը բերեն Հայաստան կամ Ղարաբաղ: Այդ ժամանակ ոչ ոք չի համարձակվի վերջնագիր ներկայացնել կամ ստիպել, որպեսզի հայերն իրենց ձեռքով հանեն իրենց հերոսների հուշարձանները», – ասաց Կարապետյանը: Նա նաեւ նշել է, որ եթե հայերը չեն ցանկանում նման իրավիճակում հայտնվել, պարզապես պետք է վերադառնան Հայաստան. «Այդ խնդրին այլ լուծում չկա»: