Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին
Վեհափառ Տէր, Ձեր կաթողիկոսական համազգային ընտրութիւնների ժամանակ Դուք ստացել էք նաեւ սփիւռքահայերի ձայները: Եւ ամեն Կիրակի, հետեւելով Հայ Առաքելական Եկեղեցւոյ կանոնակարգին, Սուրբ Պատարագի ընթացքին յոտնկայս աղօթք ենք յղել առ Աստուած՝ Ձեր արեւշատութեան եւ Հայրապետական գործունէութեանը իմաստութիւն շնորհելու համար: Հետեւաբար, ունենք նաեւ Ձեզ դիմելու եւ խնդրելու իրաւունքը, յուսալով, որ կը հետեւէք «Ձայն բազմաց, ձայն Աստծոյ» դարաւոր իմաստնութեանը:
Դուք իմաստնաբար ընդառաջեցիք այդ «բազմաց ձայնին» եւ չպնդեցիք «Մոսկուա» կինոթատրոնի եզակի ամառային կառոյցը քանդելուն եւ վերստեղծելուն այն անշուք ուղղանկիւնաձեւ շինութիւնը, որ կոչւում էր ռուսական եկեղեցի, մանաւանդ, որ մէկ-երկու կիլոմետր այն կողմ, ռուս բարձրագոյն հոգեւոր հայրերի մասնակցութեամբ կատարուել էր մի նոր, մեծ եւ ճարտարապետօրէն աւելի ընդունելի եկեղեցու հիմնարկեքը (թող որ այդքան շատ ռուսներ էլ չկան Երեւանում):
Չենք կասկածում, որ, անսալով կրկին «ձայն բազմացին», Վաղարշապատի (Էջմիածինի) քաղաքային զբոսայգու մէջ ղարաբաղեան պատերազմի հաշմանդամի՝ պետութեան կողմից նրան սեփականաշնորհած հատուածում օրինական թոյլատւութեամբ կառուցուած սրճարանը եկեղեցու կողմից խլելու գործընթացը դադարեցուած է վերջնականապէս:
Նաեւ սիրում ենք հաւատալ, որ Դուք կը յարգէք Շուեցարիոյ փոքրիկ համայնքի ծխականների՝ իրենց եկեղեցու նախկին կարգավիճակը պահպանելու եւ սպասարկող քահանայի գործունէութիւնը վերականգնելու ցանկութիւնը, ինչպէս նաեւ կը վերանայէք Ֆրանսիայի եկեղեցիներից մէկին ներկայացուած պարտադրանքը՝ դրամական եկամուտները իրենց ծխական խորհրդի հայեցողութեանը չթողնելու եւ դրանք յօգուտ Էջմիածնի բռնագանձելու պահանջով:
Միաժամանակ, յայտնում ենք մեր զայրոյթը, որ Ֆրանսիայի Հարաւում, գեղատեսիլ եւ ժամանցային Նիս (Նիցցա) քաղաքի հոգեւոր հայր Տեր Վաչէն, ում գործը գտնւում է ֆրանսիական ոստիկանութիւնում, համայնքի եկեղեցին վերածել էր հանցագործ տարրերի հետ կերուխումի զուարճավայրի, մաֆիոզ խմբերին (նրանցում ներգրաւելով նաեւ հայերի) մատակարարել է հարիւր հազար կեղծ եւրո թղթադրամներ (ըստ բռնուած հանցագործների վկայութիւնների ու խոստովանութիւնների): Զարմանալի է, որ այդ քահանան ետ չի կանչուել Հայաստան եւ կարգալոյծ չի արուել, այլ ուղարկուել է Ստրասբուրգ: Եւ սա այն դէպքում, երբ զանգուածային լրատուամիջոցներից տեղեկանում ենք հոգեւորականների կարգալուծման յաճախակի դէպքերի մասին:
Վեհափառ Տէր, այս տխուր խորհրդածութիւնների առիթը մայրաքաղաքի աւելի քան 800-ամեայ հնութեան Կաթողիկէի այսօր ետնախորշ մղելն է, յուշարձանը թողնելով ազգային բարերար Յովնանեանի կնոջ անունով կառուցուելիք եկեղեցու եւ նոյն բարերարի միջոցներով Ձեզ համար կառուցուելիք կաթողիկոսական նոր նստավայրի զանգուածեղ շէնքերի ետին: Մենք չգիտենք, թէ ապագային հոգեւոր մեծերը եւ իշխանութիւնները կամ ժողովրդի նոր սերունդի ներկայացուցիչները կ\’արդարացնե՞ն այս նորօրեայ կառոյցների գոյութիւնը, թէ՞ կը վերացնեն դրանք յանուն հնադարեան՝ ութ դարի արժէքներով ազգին պատիւ բերող կոթողի: Ժամանակին, երբ արդէն տօնուել էր Երեւանի 2750-ամեակը, Ուկրաինայի Խարկով քաղաքից ժամանած եւ մեր տանը հիւրընկալած կենսաբանութեամբ զբաղուող մի գիտաշխատող կին (նա գործուղուած էր դոկտոր Սանատրուկ Մարտիրոսի Սարգսեանի ղեկավարած Շերամաբուծութեան Գիտահետազօտական կայան, ինչը գտնւում էր Էջմիածնի խճուղու վրայ) ցանկացաւ տեսնել Երեւանի տարիքին յարիր հնութիւններ եւ չկարողացաւ, որովհետեւ Աւանի 4-րդ դարի եկեղեցին աւերակ վիճակում էր, իսկ Կաթողիկէն անտեսանելի էր՝ գտնուելով Լեզուի ինստիտուտի բակում: Այսօր կրկին, բոլշեւիկեան հին քաղաքականութեամբ, ազգային արժէքը հեռացնում էք տեսադաշտից, փակելով այն երկու խոշորածաւալ կառոյցներով: Աւելին, մերօրեայ տխրահռչակ գլխաւոր ճարտարապետի ջանքերով, վերացուած են նաեւ վերջին երկու դարերին սեւ տուֆով կառուցուած (ցարական) շատ շէնքեր:
Հարկ կա՞յ յիշեցնելու, որ Երեւանի Աբովեան փողոցում, մեծ բարերար Մանթաշովի կառուցած շէնքը այսօր ժողովրդին ծառայող արուեստի կենտրոն է, որ Արամեանի կառուցած հիւանդանոցը (յետագային ԱՕԿՍ-ի շէնքը) նոյնպէս հասարակութեան համար էր, որ Նուպար Փաշայի օգնութեամբ կառուցուած Նուբարաշէնից զատ, Նուպար Փաշան իր կնոջ անունով ո՛չ թէ եկեղեցի կառուցեց, այլ ժողովրդի խիստ կարիքները հոգացող «Մարի Նուպար» ակնաբուժարանը: Եթէ Ձեր Հայրապետական յորդորով պ-րն Յովնանեանը Սուրբ Աննա եկեղեցու փոխարէն կառուցէր մի շէնք Ղարաբաղի փախստականների կամ աղէտի գոտու համար (մենք չենք ուրանում նրա միւս բարեգործութիւնները կամ իր տիկնոջ անունով եկեղեցի կառուցելու իր իրաւունքը), ապա կարիքաւոր ժողովրդի սրտաբուխ օրհնութիւնները տիկին Աննային՝ աւելի ընդունելի կը լինէին Աստծուն, քան կիսադատարկ եկեղեցում հնչող աղօթքները: Իսկ եթէ անպայման եկեղեցի էր պէտք, թող կառուցուէր Նոր Նորքի զանգուածներից մէկում կամ Վահագնաւանի տարածքում՝ օգտակար լինելու համար այդ տարածքի, Պռոշեան աւանի, Սիլիկեան կամ 16-րդ թաղամասի բնակիչներին: Նոյն տրամաբանութեամբ, եթէ հայոց Հայրապետը բաւարարուէր իր Վեհարանով եւ Բիւրականի ամառանոցով (մինչդեռ, Գէորգ Ե կաթողիկոսը Վեհարանը նոյնիսկ տրամադրեց 1915-ի գաղթականներին), ապա իր երեւանեան շքեղ նստավայրի գումարով կարող էր որեւէ գիւղում կառուցել տար բուժարան կամ դպրոց: Իսկ խիստ անհրաժեշտութեան դէպքում այդ նստավայրը կարելի էր կառուցել Ս. Էջմիածնում, որն ընդամէնը տասը րոպէի ճանապարհ է Երեւանից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբութիւն է մեզ համար եւ ցանկալի չէ անուանարկել այդ սրբութիւնը: Ազգը եւ պատմութիւնը խարանով են յիշում Անիի կործանմանը մասնակից Պետրոս Գետադարձ կաթողիկոսին: Բայց նաեւ սրբացրել են Սահակ Պարթեւ եւ Շնորհալի կոչումը վաստակած Ներսէսին: Ժողովուրդը ի վերջոյ ամենքին իր տեղն է դնում: Ազգի ճակատագրի համար պայքարող Մկրտիչ Խրիմեանը կոչուեց Հայոց Հայրիկ, Գէորգ Զ Չորեքչեանը, ով ստալինեան օրերին հասաւ հայոց եկեղեցու վերագործարկմանը, եւ ի միջի այլոց, չվախեցաւ դասական ուղղագրութեան վերականգնման հարցով դիմելու Բերիային, նաեւ իր կազմակերպած դրամահաւաքով տանկային շարասիւն նուիրեց հայոց բանակին, ստացաւ հայրենասէր տիտղոսը, Վազգէն Ա կաթողիկոսը, ով սկսեց հնադարեան վանքերի ու եկեղեցիների վերականգնումը, մեծարուեց շինարար կոչումով: Ցաւալիօրէն չափազանց կարճ գահակալութիւնը չխանգարեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի տեւական ղեկավարներից մէկին՝ Գարեգին Ա կաթողիկոսին ժողովրդի սիրելին լինելու համար (թէեւ, ինչպէս նշել էր Սպարապետ Վազգէն Սարգսեանը իր վերջին նամակներից մէկում, նրա դէմ պայքար կար որոշ կղերների կողմից): Մենք լիովին գիտակցում ենք այն դժուարութիւնն ու պատասխանատւութիւնը, որ վիճակուած է Ձերդ Սրբութեանը՝ Գէորգ Զ, Վազգէն Ա, Գարեգին Ա երջանկայիշատակ Հայրապետների անբասիր եւ ժողովրդանուէր ծառայութիւններից յետոյ նոյն բարձրութեան վրայ գտնուելով, համարժէքօրէն շարունակել ազգին եւ եկեղեցուն ծառայելը:
Վեհափառ Տէր, կարծում ենք, որ յարգելով հաւատացեալ հօտիդ ցանկութիւնները, անսալով նրանց ակնկալիքներին եւ պատշաճօրէն ներկայացնելով հնադարեան Երեւանի սակաւաթիւ վկաներից մէկը, լաւագոյն քայլը արած կը լինէք՝ աւելացնելու ժողովրդի հաւատն առ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ կապուածութիւնն ու նուիրուածութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: