Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՑ ԳՅՈՒՂԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունիս 03,2011 00:00

Արփա գետի վտակ Եղեգիսի վարար ջրերի ու հեղեղումների պատճառով մայիսի 31-ին Վայոց ձորի մարզի Շատին-Գողթանիկ ավտոճանապարհի 0,9 կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով դադարել է երթեւեկությունը դեպի Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղեր: Ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, գետի ափով անցնող ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ մի հատված մոտ 30 մետր ներքեւ է իջել՝ դեպի գետը:
Ճանապարհը դեռ քանդված է, այս գյուղերը, սակայն, աշխարհից չեն կտրվել: Մարզի Կարմրաշեն գյուղով ճանապարհ կա: Բայց եթե հիմնական ճանապարհով այս գյուղերը մարզկենտրոն Եղեգնաձոր են հասնում՝ անցնելով մոտ 15 կմ, ապա Կարմրաշենով՝ շրջանցիկ ճանապարհով, Եղեգնաձոր կհասնեն՝ կտրելով 60 կմ ճանապարհ:
Վայոց ձորի մարզպետից տեղեկացանք նաեւ, որ այսօր Երեւանում ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ինքն ու նշված գյուղերի գյուղապետերը քննարկելու են հարցը եւ լուծումներ են փնտրելու: «Մարզպետարանի աշխատողների հետ եղել ենք դեպքի վայրում, զրուցել գյուղապետերի, գյուղացիների հետ: Նրանց խնդրել եմ, որ ողջամիտ եւ հիմնավոր հաշվարկ ներկայացնեն փլուզված հատվածի կողքով, գյուղացիների հողերի միջով ճանապարհ կառուցելու համար՝ քանի ծառ պետք է հանել եւ այլն: Չորս գյուղացու հող է, կան նաեւ ավտոտնակներ: Այս պահին մեր խնդիրն է ժամանակավոր ճանապարհ ունենալ, որ գյուղացիները կարողանան իրենց հարցերը լուծել»,- տեղեկացրեց Սերգեյ Բագրատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել