Վանաձորցիները կարոտում են արեւին
Ամռան շեմին վանաձորցին երազում է ոչ այնքան արեւի, որքան առանց անձրեւի օրվա մասին: «Ամեն առավոտ դուրս եմ գալիս պատշգամբ, նայում եմ երկնքին ու տեսնում, որ թռչունները շատ ցածր են թռչում, նշանակում է՝ անձրեւ է գալու»,- ասում է Վազգեն պապը:
Լոռու մարզի Բենդիկ գյուղի բնակիչ Վազգեն Ղազինյանն արդեն չի զարմանում եղանակային փոփոխություններից. «Անցած տարի մինչեւ դեկտեմբերի 22-ը աշնանից էլ տաք էր, հիմա 2 ամիս հետ ենք գնալու, այսինքն՝ հիմա պիտի հաշվենք, թե գիժ մարտն է»: Նա բողոքում է, որ մինչ օրս ցանք չեն արել. «Տնամերձը մի կերպ, անձրեւի դեմ պայքարելով ցանել եմ, 2 մետր տեղ է մնացել»:
Վանաձորում եղանակն այնքան կամակոր է դարձել, որ վանաձորցին հայտնի ճշմարտությանը հետեւելով՝ առանց անձրեւանոցի դուրս չի գալիս տնից: Վանաձորցիները պայուսակում ոչ միայն անձրեւանոց, այլեւ տաք շոր էլ են պահում: «Առավոտյան ու երեկոյան շատ ցուրտ է, ցերեկվա 2-ին մոտ վառում է, կես ժամ հետո հնարավոր է այնպիսի սառնամանիք անի»,- ասում է կանգառում իր տրանսպորտին սպասող կանանցից մեկը:
Անձրեւը հատուկ ժամ ունի արդեն: Վանաձորցիները ժամը 15-ին մոտ կատակում են, անձրեւից 10 է պակաս: Երբ անձրեւում է, խանութները միանգամից մարդաշատ են դառնում, մարդիկ պատսպարվում են: Անձրեւից հետո էլ ամբողջ օրը վանաձորցիներն ստիպված են հաղթահարել փողոցով հոսող «գետերը»՝ թռչկոտել ջրափոսերի վրայով:
Միայն ամռան առաջին օրը Վանաձորում ոչ միայն անձրեւ չեկավ, այլեւ շատ շոգ եղանակ գրանցվեց՝ 30 աստիճան: Ըստ Վանաձորի հիդրոմետկայանի, հունիս ամսվա համար եղանակի առավելագույն շեմը 28 աստիճան պետք է լինի: Հունիսի 1-ին արեւ տեսած վանաձորցիներն էլ ամառային թեթեւ զգեստներ հագած շրջում էին այգիներում, մասնակցում երեխաներին նվիրված տոներին. «Երեսս արեւից վառվել է, մեր արեւը շատ է վառում, ոնց որ արդուկի գոլորշին վրադ պահեն, իսկ Երեւանի արեւից տաք օդ է փչում, խեղդում»,- ասում է այգում արեւածաղկի սերմ վաճառող 67-ամյա Հրանուշ տատը:
Վանաձորում արդեն եղանակին չեն նայում, օրվա տարբեր ժամերի ե՛ւ պիջակով ու տաք հագուստով մարդ կտեսնես, եւ շատ թեթեւ հագնված: «Էս ջահելներն էլ ժամանակից շուտ տկլորվում են, ես իմ թոռներին ասել եմ, որ մինչեւ 15-ը բարակ շոր չհագնեն, դրանից հետո եղանակը կսկսի բացվել»,- լուսնային օրացույցով եղանակը կանխատեսելով՝ ասում է Վազգեն պապը:
Հ. Գ. Վանաձորցիները նոր անեկդոտ ունեն: Ամպիկը մոր հետ զբոսնում է երկնքում: «Մամ, չիշիկ ունեմ»,- ասում է ամպիկը: Մայրը պատասխանում է՝ «սպասի, հեսա հասնում ենք Վանաձոր»: