Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ թերանում են
Այս տարվա փետրվարի 22-ին՝ հենվելով Գեղարքունիքի մարզպետարանից ստացած տեղեկությունների վրա, «Առավոտը» գրել է, որ մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ: Գեղարքունիքում՝ Գագարինի ավանի մոտ, Գեղամավանի վարչական տարածքի անօգտագործելի հողերում պետք է կառուցվի աղբավերամշակման գործարան, ուր եւ կտեղափոխվի մարզի ողջ աղբը: Մարզպետ Նվեր Պողոսյանը դեմ է այս նախագծին: Մարզպետարանը առաջարկում է նախ աղբավերամշակման գործարանը կառուցել, նոր միայն 27 աղբավայրերից ստանալ 5 աղբաբեռնման կայան: Նաեւ նկատի ունենալ, որ ամռան ամիսներին մարզում, մասնավորաբար Սեւանա լճի ափամերձ հատվածներում, հանգստացողների հաշվին կտրուկ ավելանում է մարդկանց թիվը: Իսկ մայիսի 13-ին մարզի խորհրդի նիստում խոսելով աղբի ու աղբահանության մասին, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը ասել է, որ աղբահեռացման եւ աղբավայրերի շահագործման հարցում համայնքներում իրականացված աշխատանքները գոհացուցիչ չեն: Մարզպետ Նվեր Պողոսյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում աղբակույտերից մաքրել բոլոր տարածքները՝ գործի դնելով բոլոր միջոցներն ու հնարավորությունները ու խոստացել, որ թերացողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Մարզպետի սահմանած ժամկետը լրացել է, ուստի Գեղարքունիքի մարզպետարանից հետաքրքրվեցինք. ի՞նչ է արվել մարզպետի հանձնարարությունը կյանքի կոչելու ուղղությամբ, եղե՞լ են, արդյոք, թերացողներ, եթե այո, ապա ովքեր կամ որ կազմակերպությունները եւ ինչ պատիժ են ստանալու:
Ըստ մարզպետարանի, մարզի տարածքում գործող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում կուտակված աղբի մաքրման աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովը կազմակերպել է ստուգայցեր ու քննարկումներ եւ պարզվել է, որ մարզի տարածքում կատարվել են սանիտարական մաքրման եւ աղբահեռացման մեծ ծավալի աշխատանքներ. «Սեւան, Վարսեր, Լճաշեն, Նորաշեն, Ծովազարդ, Լճափ, Այրիվան, Բերդկունք, Նորատուս, Վարդաձոր, Ձորագյուղ, Մարտունի, Աստղաձոր, Վարդենիկ, Տորֆավան, Վանեւան, Սոտք, Վարդենիս համայնքներին հաջողվել է բարեկարգ տեսքի բերել միջհամայնքային եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների իրենց հարակից տարածքները, հեռացնել աղբակույտներն ու մաքրել քամիների հետեւանքով ճանապարհի եզրերին եւ դաշտամիջյան տարածքներում սփռված պոլիէթիլենային տոպրակները»: Միաժամանակ, ըստ Գեղարքունիքի մարզպետարանի, «կան առանձին համայնքներ, որոնք շրջակա միջավայրի սանիտարական մաքրման, աղբակույտերի հեռացման եւ աղբավայրերի ճիշտ ընտրության հարցերում ունեն որոշակի թերացումներ: Դա պայմանավորված է աղբահանության ոչ կայուն ժամանակացույցով, հատուկ տեխնիկայի պակասով, բնակչության վատ իրազեկմամբ, աղբավայրի ոչ ճիշտ ընտրությամբ եւ աշխատանքների կատարման ցանկության բացակայությամբ: Օրինակ՝ Ծովինար գյուղը: Հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամները բազմիցս եղել են համայնքում, զրուցել բնակչության հետ, առաջարկել համայնքի ղեկավարին մաքուր ու բարետես պահել համայնքը՝ հատկապես Սեւան-Վարդենիս ավտոմայրուղու մատույցները, որտեղ բնակիչների կողմից 5-6 տեղ ավտոմեքենաներից դատարկվել է մեծ քանակությամբ կենցաղային եւ շինարարական աղբ: Մեր բազմաթիվ ահազանգումներից հետո կրկին պատկերը նույնն է: Աշխատանքային խումբը կազմել է արձանագրություն եւ համայնքը ներկայացվել է վարչական տույժի»: Ոչ պատճաշ աղբահանության համար նախազգուշացվել են Գեղամավանի, Լիճքի, Երանոսի, Արծվանիստի, Զոլաքարի, Վաղաշենի ղեկավարները եւ եթե սրանք էլ Ծովինարի նման հետեւություն չանեն՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Իսկ «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագծի» մասով էլ մարզպետարանից տեղեկացրին, որ «խնդրով զբաղվում են ՀՀ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները, Գեղարքունիքի մարզպետարանը եւս մասնակցում է նախագծի իրականացման աշխատանքներին: Նախագիծը անցել է փորձաքննություններ, ներկայումս դրված է ՀՀ կառավարության հաստատմանը»:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացրին նաեւ, որ նախագծի քննարկումների ժամանակ ընդունվել են մարզպետարանի բոլոր առարկություններն ու առաջարկությունները: