Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարական սակագները բարձրացե՞լ են

Հունիս 03,2011 00:00

Վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունում կատարված բարեփոխումների շուրջ ՀՀ վարչապետը եւ արդարադատության նախարարը հավաստիացնում էին, որ նոտարների կողմից մատուցվող ծառայությունների վճարները շուտով կփոփոխվեն, դրանք չեն լինի մինիմումից մաքսիմում, այլ գուցե լինեն հաստատուն՝ յուրաքանչյուր նոտարական գործողության համար: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի նիստում քննարկման դրվեց այդ նոր սակագների նախագիծը, որը հավանության արժանացավ:
Ցանկություն առաջացավ ուսումնասիրել նախկին եւ նոր սակագները, որի արդյունքում պարզվեց, որ դրանք նորից ընդգրկում են մինիմումից մաքսիմում (ինչպես վարչապետն է նշում՝ «լողացող» գումարներ), եւ ուշագրավն այն է, որ դրանք ոչ միայն չեն իջել, այլեւ բարձրացել են:
ՀՀ -ում 2010թ. ընթացքում նոտարների կողմից կատարվել է շուրջ 421 000 գործողություն, որից 225 100-ը, այսինքն՝ շուրջ 51%-ը կազմում է փաստաթղթերի պատճենների, թարգմանությունների եւ ստորագրությունների իսկության հաստատումը: Ըստ նախկին սակագների՝ դրանց համար համապատասխանաբար գանձվում էր 300, 500 դրամ ծառայության վճար, իսկ նոր սակագնով գանձվելու է 500-1000 դրամ, թարգմանության համար՝ 2000-8000 դրամ: Այս համեմատությունը բավական է հասկանալու համար, որ սակագները չեն էժանացել, այլ թանկացել են: Քաղաքացիները կարող են իրենց ամբողջ կյանքի ընթացքում մեկ անգամ նոտարին դիմել անշարժ կամ շարժական գույքի առուվաճառքի համար, սակայն նրանք շատ հաճախ են դիմում նոտարին փաստաթղթերի պատճենների, ստորագրության իսկության վավերացման համար: Նոտարներից շատերը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պարզաբանեցին, որ նշածս նոտարական գործողությունների համար անտրամաբանական է «լողացող» գին որոշելը, եւ իրենք կողմ են ֆիքսված գներով աշխատելու: Նոտարներից մեկն ասաց, որ ստորագրությունը ստորագրություն է, 500-1000 ՀՀ դրամի սահմաններում «լողացող» սանդղակի դեպքում ինքը ինչով պետք է առաջնորդվի՝ քաղաքացու ստորագրության երկարությա՞մբ: Սա ոչ միայն անտրամաբանական է, այլեւ՝ ծիծաղելի: Կամ թարգմանության իսկության վավերացումը (դա վերաբերում է նոտարի կողմից կատարված թարգմանությանը), որի համար կարող է գանձվել 2000-8000 դրամ, մինչդեռ թարգմանիչը դրա համար գանձում է 4000 դրամ: Նրանք նաեւ հայտնեցին, որ բազմիցս առաջարկել են ծառայության վճարները դնել տոկոսային հարաբերությամբ՝ յուրաքանչյուր գործարքի համար սահմանելով որոշակի տոկոս, ինչպես Ռուսաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ այլ եվրոպական զարգացած երկրներում՝ կախված վաճառվող գույքի գնից, գրավի կամ փոխառության գումարից եւ այլն, ինչով առաջնորդվում են անշարժ գույքի գործակալները (բրոքերներ, որոնք եւ գնորդից, եւ վաճառողից վերցնում են վաճառքի գումարի 5 տոկոսը): Միայն գործարքի տոկոսային լինելու դեպքում կհաղթի սոցիալական արդարությունը, կշահեն եւ պետությունը, եւ հասարակությունը, քանի որ յուրաքանչյուրը կվճարի իր ունեցած գույքի արժեքին համապատասխան: Բնական է, որ նոտարների առաջարկը չի անցնում, եւ նրանց կարծիքը հաշվի չեն առնում, քանի որ այդ օրենքներն ընդունող անձինք ունեն բազմաթիվ շարժական եւ անշարժ գույք, եւ հակված չեն նման տոկոսներ վճարել դրանց օտարման, գրավի կամ փոխառության պայմանագրերի վավերացման համար: Այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված մեր կառավարության բարեհաճ եւ հանդուրժող վերաբերմունքը անշարժ գույքի գործակալների նկատմամբ, չէ՞ որ գործարքի համար միակ պատասխանատուն նոտարն է: Բազմիցս շեշտվել է նաեւ այն հանգամանքը, որ անշարժ գույքի օտարման գործարքների հետ կապված կեղծ փաստաթղթերի պատրաստման հարցում քիչ չեն այն դեպքերը, երբ կեղծ փաստաթղթերը պատրաստվել են հենց բրոքերների կողմից, կամ նոտարի կողմից որոշակի գործարքի մերժման դեպքում սովորեցրել քաղաքացիներին, թե ինչպես կարող են խաբել մյուս նոտարին: Ուսումնասիրելով վերոհիշյալ երկրներում նոտարական ծառայությունների համար կատարվող վճարումները, որոնց հետ համեմատելիս համոզվում ես, որ մեր երկրում գործող սակագները գրոշներ են, ուշադրությունս գրավեց ստաժավորման թեման: Փաստորեն, ստաժավորման ժամկետի նվազեցումը կամ 5 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժը բավարար չէ նոտար աշխատելու համար, եւ որ դա պայմանավորված է միայն որոշակի անձանց նոտարական համակարգ անհապաղ մտցնելու անհագ ցանկությամբ: Բարեփոխումներ կոչվածը ՀՀ կառավարության հերթական հնարքն է, քանի որ նրանք առաջնորդվում են միայն սեփական շահով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել