Մայիսի 31-ին շուրջ 1 ժամ Աշտարակի կանգառներից մեկում երթուղայինի սպասելիս հասկացա, որ Երեւանում հանրահավաք կա: Կանգառում կանգնած բախտակիցներս, որոնցից շատերը ուսանողներ էին, վրդովված բողոքեցին: «Արդեն հոգնել ենք, ամեն անգամ նույն իրավիճակն է, արդեն քանի անգամ հանրահավաքների պատճառով բացակայում եմ դասերից»,-ասաց պետհամալսարանի 4-րդ կուրսի ուսանող Սեդա Գրիգորյանը:
Որոշեցինք մի քանիսով տաքսի վարձել, որպեսզի հասնենք ամենքս մեր գործին, բայց դա նույնպես հեշտ չէր՝ կա՛մ տաքսի չէինք գտնում, կա՛մ վարորդները հրաժարվում էին մեզ Երեւան հասցնել: Վերջապես հասնում եմ Երեւան: Զանգում եմ ընկերուհուս, որը պետք է Արտաշատից հասներ Երեւան եւ իմանում, որ չեն աշխատում նաեւ Արտաշատի երթուղիները:
Զանգում եմ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Վերահսկողության բաժնից անգամ չեն ցանկանում խոսել ինձ հետ եւ ծանոթանալ խնդրին: Հասարակայնության հետ կապերի բաժնից ասում են, որ չկա նման խնդիր եւ, որ մարզերի երթուղիները ամեն օր նորմալ դուրս են գալիս երթուղի:
Այն հարցին, թե ինչո՞ւ հանրահավաքի օրերին երթուղայինները չեն աշխատում, Աշտարակ-Երեւան երթուղու վարորդներից մեկը պատասխանեց.«Մեզ ասել են, որ եթե երթուղի դուրս գանք, մեքենան տուգանային հրապարակ են տանելու»:
Փաստորեն, խախտվում է մարզերի բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ո՞վ է պատասխանատու: